Տնտեսական

05.11.2021 12:58


Ինչու եք աղքատության ֆոնին կրճատել անապահովության ծրագիրը, երբ ընտանիքը ամսական ստանում է 31.350 դրամ. Թադևոս Ավետիսյանը` սոցապնախարարին

Ինչու եք աղքատության ֆոնին կրճատել անապահովության ծրագիրը, երբ ընտանիքը ամսական ստանում է 31.350 դրամ. Թադևոս Ավետիսյանը` սոցապնախարարին

Բոլորովին անհասկանալի է, թե ինչու եք 13.5 մլրդ դրամի չափով կրճատել այնպիսի կարևորագույն ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն, օրինակ` շուրջ 1000 շահառուի հատկացվող պատվովճարների ծրագիրը, որը նվազեցնում եք 272 մլն դրամով, անապահովության ծրագիրն աղքատության աճի ֆոնին նվազեցնում եք 6.3 մլրդ-ով այն դեպքում, երբ ամսական ընտանիքին տրվող չափը կազմում է 31.350 դրամ։ Այս մասին ԱԺ-ում 2022 թ․ բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, ասաց տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Վերջինս նշեց, որ կրճատվել են սոցիալական փաթեթների, խնամքի ծառայությունների, զբաղվածության աջակցության ծրագրերի, բնակարանային ապահովման, կենսաթոշակային ապահովման և մի շարք այլ կարևոր ծրագրերին հատկացվող գումարները։

Բարձրացված հարցերին ի պատասխան` Նարեկ Մկրտչյանը պատասխանեց.

«Բոլորս մոռանում ենք, որ մեր երկիրն անցել է և անցնում է երկու ծայրագույն ճգնաժամերի` պատերազմի և կորոնավիրուսի միջով, որոնք իրենց հետ բերել են բազմաթիվ տնտեսական և ֆինանսական խնդիրներ։ Դրանք ազդեցություն պետք է թողնեին նաև մեր ոլորտի վրա։ Այդ ճգնաժամերը հաշվի առնելով՝ նախարարությունն իրականացնում է մի շարք խնդիրներ»։

Անդրադառնալով գնաճին և նրա թողած սոցիալական հետևանքներին՝ նախարարը նշեց.

«Գնաճի հետևանքները մեղմելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուղիղ կանոնադրական գործառույթ չունի, սակայն սոցիալական խնդիրների հաղթահարման համար նախարարությունն ունի գործիքակազմ քաղաքացու սոցիալական խնդիրները լուծելու համար։ 2022 թ․ նախատեսում ենք մի շարք բարձրացումներ` նվազագույն կենսաթոշակի, սոցիալական նպաստների և մի շարք այլ ոլորտների մասով։ Կառավարության հնգամյա ծրագրում ներառված է նվազագույն աշխատավարձի բարձրացում, և մենք մինչև 2026 թվական փորձելու ենք հասնել այդ ցուցանիշներին»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը