Տնտեսական

08.11.2021 11:54


Առողջապահության նախարարության բյուջեն տարվա ընթացքում ավելացվել է մոտ 27 մլրդ դրամով

Առողջապահության նախարարության բյուջեն տարվա ընթացքում ավելացվել է մոտ 27 մլրդ դրամով

ՀՀ առողջապահության նախարարութան բյուջեն 2021 թվականի ընթացքում մոտ 27 մլրդ դրամով ավելացվել է՝ տարեսկզբին հաստատված բյուջեի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«2022 թվականի պետբյուջեով նախատեսված է, որ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերով պետք է ծախսվի մոտ 120 մլրդ դրամ՝ 2021-ին հաստատված 114 մլրդ 500 մլն դրամի դիմաց: Սա 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է 4.7 տոկոսով»,-ասաց նախարարը:

Տարվա ընթացքում, սակայն, պարբերաբար վերանայվել է Առողջապահության բյուջեն, կատարվել են լրացուցիչ հատկացումներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով: «Եթե միայն 2021-ի նոյեմբերի 8-ի դրությամբ ճշտված բյուջեն դիտարկենք, ապա այն մոտ 142.2 մլրդ դրամ է: Հետևաբար` մենք տարվա ընթացքում արդեն իսկ մոտ 27 մլրդ դրամի ավելացումներ ենք կատարել: Դրանցից ուղիղ 18 միլիարդ դրամը կապ ունի կորոնավիրուսի դեմ պայքարի կամ դրա հետևանքների կանխարգելման, վերահսկման, բուժման և հետևանքների հետ կապված առանձին ծրագրերի, միջոցառումների հետ»,-ասաց Խաչատրյանը:

Նա վստահեցրեց, որ 2022 թվականին ևս բոլոր այն դեպքերում, որտեղ ակնհայտ անելիքներ լինեն, կկայացնեն համապատասխան որոշումներ ֆինանսական հատկացումների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը