Տնտեսական

19.12.2021 11:29


Ինչ է թաքցնում կառավարությունը հարկային մուտքերի հետևում

Ինչ է թաքցնում կառավարությունը հարկային մուտքերի հետևում

Նիկոլ Փաշինյանի կառավարություններն իրենց ծրագրերում մշտապես նպատակ են դրել շարունակաբար բարձրացնել տնտեսության մեջ ձևավորվող հարկերի հավաքագրման մակարդակը։ Արտաքուստ ցույց են տվել, թե ունենք հարկերի հավաքման փայլուն արդյունքներ ու ռեկորդային բարձր աճեր։ Բայց դրանից տնտեսության մեջ եղած ստվերը չի պակասել։

Տնտեսության ստվերը չափվում է ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքման ցուցանիշով։ Այդ ցուցանիշը վերջին տարիներին գրեթե փոփոխության չի ենթարկվել։

2019թ. ունեցել ենք հարկեր-ՀՆԱ 22,4 տոկոս հարաբերակցություն։ 2020թ. այդ հարաբերակցությունը նույնությամբ պահպանվել է։ Ոչ մի բարելավում չենք ունեցել։

Ճիշտ է, անցած տարի մեր տնտեսությունը ճգնաժամի մեջ էր, բայց դա քիչ կապ ունի ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման ցուցանիշի հետ։ Տնտեսական ճգնաժամի հետևանքը եղավ այն, որ անցած տարի մեր տնտեսությունն անկում արձանագրեց, ինչը հանգեցրեց նաև իրական եկամուտների նվազման։ Նախորդ տարվանից պակաս հավաքվեց գրեթե 80 մլրդ դրամ։ Բայց դա ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքման վրա ըստ էության չպիտի ազդեր։

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս, թե տնտեսության մեջ ձևավորվող եկամուտների որ մասն է հավաքվել։ Որքան բարձր է ձևավորվող ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման մակարդակը, այնքան ցածր է տնտեսության ստվերայնությունը։

Այստեղ է, որ առաջընթաց չենք ունեցել։ 2020թ. 2019թ. համեմատ ՀՆԱ-ում հարկերի մակարդակը պահպանվել է՝ չնայած 0,3 տոկոսային կետի բարելավում էր նախատեսված։

Աճ գրեթե չի սպասվում նաև այս տարի։ Նախորդ տարվա 22,4 տոկոսի դիմաց այս տարվա ակնկալիքը 22,5 տոկոս է։ Եթե հաջողվի, կունենանք ընդամենը 0,1 տոկոսի բարելավում։

Հասկանալի է, որ 0,1 տոկոսը մեծ փոփոխություն չէ, չնայած կառավարությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ այս տարի ունենք հարկերի հավաքման շեշտակի աճ։ Հարկերի հավաքման արդյունավետությունը երևում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ, որը մեր դեպքում, ինչպես տեսնում ենք, չկա։

Այնպես չէ, որ նախկինում կամ մինչև ճգնաժամն ավելի լավ է եղել։ 2018թ., երբ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, ու Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ՀՆԱ-ում հարկերի մակարդակը բարելավվեց ընդամենը 0,1 տոկոսային կետով։

Միակ տարին, որ այս ցուցանիշն առաջընթաց է գրանցել, եղել է 2019թ.։ Հարկեր-ՀՆԱ-ն 2019թ. 2018թ. համեմատ աճեց 1,5 տոկոսային կետով։ Բայց դա էլ կապված էր հիմնականում մեկ կամ մեկանգամյա գործոնի՝ Հայաստան ահռելի քանակությամբ տրանսպորտային միջոցների ներմուծման հետ։

Հիշեցնենք, որ միայն այդ գործոնի արդյունքում 2019թ. պետական բյուջեում առնվազն 100 մլն դոլարի հավելյալ մուտքեր ապահովվեցին, որոնք կապված չէին տնտեսության հետ։

Այս հաջողությունը կառավարությունը վերագրեց իրեն, բայց այն կառավարության հետ կապ չուներ։ Այդպես էր լինելու՝ անկախ նրանից, թե ով կլիներ իշխանության ղեկին։

Նման հնարավորությունը նախկիններն էին ապահովել Նիկոլ Փաշինյանի կառավարության համար՝ ԵԱՏՄ շրջանակներում արտոնյալ ժամանակահատված պոկելով Հայաստան տրանսպորտային միջոցներ ներմուծելու համար։ Պատահական չէ, որ դրան հաջորդող 2 տարիներին հարկերի բարելավում գրեթե չենք ունեցել։ Երկու տարում՝ ընդամենը 0,1 տոկոս։ Եթե, իհարկե, դա էլ ստացվի։

Ու դեռ չհաշված այն օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը, որոնք ավելացրել են տնտեսական ու ոչ տնտեսական որոշ հատվածների հարկային բեռը։

Խոսքը՝ ինչպես մետաղների արտահանման տուրքի, այնպես էլ՝ զինծառայողների հիմնադրամի ու կենսաթոշակային ֆոնդերի մասհանումների մասին է։

Մետաղների արտահանման տուրքը սկսել է գործել այս տարվա կեսերից։ Դրա արդյունքում ակնկալիքն ամսական լրացուցիչ 5-6 մլրդ դրամ է։

Դժվար չէ պատկերացնել, թե տարեկան կտրվածքով լրացուցիչ ինչ մուտքերի հետ գործ ունենք։ Արդեն մի քանի ամիս է՝ այդ գումարները, մի քիչ ավել, մի քիչ պակաս, մտնում են բյուջե։

Չնայած պետք է ասել, որ այստեղ էլ կարծես կառավարությունը սխալվեց իր հաշվարկներում։ Հարկային բեռի հապշտապ ավելացումը վերջին շրջանում խնդիրներ է ստեղծել մետաղների արդյունահանման ոլորտում՝ հարվածելով նաև տնտեսական զարգացումներին։

ՀՆԱ-հարկեր հարաբերակցության վրա չէր կարող ազդեցություն չունենալ նաև զինծառայողների հիմնադրամի ու կենսաթոշակային ֆոնդերի մասհանումների ավելացումը։ Դրանք, բնականաբար, տնտեսության ու տնտեսական զարգացումների հետ կապված չեն, բայց իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վրա։

Թե՛ զինծառայողների հիմնադրամի, և թե՛ կենսաթոշակային ֆոնդերի վճարումները, որոնք երկուսն էլ գոյանում են աշխատողների աշխատավարձերից, այս տարի կտրուկ ավելացել են։

Դա ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հավաքման ցուցանիշի բարելավմանը նպաստող գործոն է, որը տեղի է ունեցել աշխատող քաղաքացիների վրա ֆինանսական բեռն ավելացնելու հաշվին։ Սակայն նույնիսկ այդ պարագայում՝ հարկեր-ՀՆԱ բարելավման ակնկալիքը հազիվ 0,1 տոկոսային կետ է։

Հաջորդ տարվա համար կառավարությունը բավական բարձր ցուցանիշ է դրել։ Միանգամից 0,9 տոկոս՝ նախորդ տարիների ձախողումից հետո։

Իհարկե, 0,9-ից՝ 0,4 տոկոսային կետի բարելավումը կապվում է օրենսդրական փոփոխությունների հետ, որոնք պիտի բերեն հարկերի ավելացման։

Խոսքն առաջին հերթին, բնականաբար, մետաղների արտահանման տուրքի մասին է։ Եթե այս տարի այդ գործոնի ազդեցությունը մասնակի էր՝ հաշվի առնելով, որ կիրառվում է տարվա երկրորդ կեսից, ապա հաջորդ տարի այն կլինի լիարժեք՝ ամբողջ տարվա կտրվածքով։

Դրանով հանդերձ, 0,9 տոկոսային կետի ակնկալիքը խնդրահարույց է։ Նախորդ տարիների ձախողումներից հետո ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ տարի ավելի լավ է լինելու։ Այս պահին նման հեռանկար չի երևում։ Կարճ ժամանակ առաջ էլ սպասում էին, որ տնտեսությունն է ավելի բարձր աճ ապահովելու։ Բայց տեսնում ենք, թե ինչ է կատարվում տնտեսության մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը