Լրահոս

14.07.2011 11:04


Ռուսաստանը հրաժարվում է Իսրայելը անվանել հրեական պետություն

Ռուսաստանը հրաժարվում է Իսրայելը անվանել հրեական պետություն

Մերձավորարևելյան քառյակի երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնության գալ Իսրայելը որպես հրեական պետություն սահմանելու հարցում, ինչը ձախողել է նրանց վեհաժողովը Վաշինգտոնում։ Այս մասին տեղեկացնում է «cursorinfo.co.il»  լրատվական կայքը։

Ինչպես հուլիսի 13-ին տեղեկացնում է իսրայելական «Գաարեց» թերթը, վեհաժողովի ընթացքում մասնակիցները փորձել են մշակել ընդհանուր հայտարարագիր, համաձայն որի պաղեստինցիներին երաշխավորվում էր 1967թ. սահմաններով պետություն, իսկ Իսրայելին՝ իր ճանաչումը որպես հրեական պետություն։ Առաջին կետով տարաձայնություններ չեղան, սակայն երկրորդ կետի շուրջ կողմերը չկարողացան ընդհանուր համաձայնության գալ։

Նշվում է, որ ամենապաղեստինամետ տեսակետները ուներ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա էր, որ պաղեստինյան ու եվրոպական գործընկերների հետ խորհրդակցելուց հետո կտրականապես հրաժարվեց հիշատակել Իսրայելը որպես հրեական պետություն։ Երուսաղեմում հայտարարում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ էր ընդունել «քառյակի» հայտարարագիրը՝ պայմանով, որ այնտեղ Ւսրայելը հիշատակվի որպես հրեական պետություն, սակայն դա տեղի չունեցավ։

Ավելացնենք, որ պաղեստինցիները մտադիր են առաջիկա ուրբաթ օրը պաղեստինյան պետությունը ճանաչելու խնդրանքով դիմել ՄԱԿ–ին։ Դրան դեմ է ոչ միայն Իսրայելը, այլ նաև Միացյալ Նահանգները:

Այս խորագրի վերջին նյութերը