Լրահոս

14.07.2011 13:11


Լավագույնը Ստեփանավանի քաղաքապետարանն է

Լավագույնը Ստեփանավանի քաղաքապետարանն է

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Շուշան Դոյդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքերը։

Նա նշել է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ուղարկվել է 120 հարցում, որոնցից 72%–ի դեպքում լիարժեք պատասխան է ստացվել։ Նախորդ եռամսյակի ընթացքում այդ ցուցանիշը եղել է 88%։ «Սակայն այս տարբերությունը պայմանավորված է նրանով, որ դիմողների կեսից ավելին եղել են քաղաքացիները, իսկ նրանց հարցումները շատ ավելի հաճախ են մնում անպատասխան»,–նկատել է բանախոսը։

Նախորդ եռամսյակի համեմատ 8 անգամ աճել է նաև անպատասխան թողնված հարցումների թիվը։ Այս տեսանկյունից նշվում են Մշակույթի նախարարությունը, ԱԻՆ–ը, ՊՆ–ը, Տրանսպորտի և կապի նախարարությունը, Բնապահպանության նախարարությունը և Գյումրու քաղաքապետարանը։

Հարցումներին պատասխանելու ժամկետի տեսանկյունից, ըստ դիտարկման, լավագույնը Ստեփանավանի քաղաքապետարանն է, որը պատասխանը ուղարկել է երկու–երեք ժամվա ընթացքում, այնինչ նախորդ եռամսյակում այդ կառույցը մտել էր «սև ցուցակի» մեջ։ Նրան հաջորդում են Առողջապահության նախարարությունը և Արտաշատի քաղաքապետարանը։ Այս առումով ամենավատ արդյունքը ՊՆ–ն է ցույց տվել, քանի որ գրավոր մերժումը ներկայացրել է 23–օրյա ժամկետում, այնուհետ գալիս են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Գյուղատնտեսության նախարարությունը։

Ամփոփելով 120 հարցումների պատասխանների ժամկետները՝ Շ. Դոյդոյանը հայտնել է, որ դրանք տատանվում են միջինը 11 օր ժամանակահատվածում։

Հիշեցնենք՝ տեղեկատվության ազատության մասին օրենքն ասում է, որ գրավոր հարցմանը պատասխան պետք է տրամադրել առավելագույնը հնգօրյա ժամկետում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը