Տնտեսական

31.01.2022 15:10


Սա այն իշխանությունն է, որն ասում էր՝ եկել է ժողովրդի հոգսը թեթևացնելո՞ւ

Սա այն իշխանությունն է, որն ասում էր՝ եկել է ժողովրդի հոգսը թեթևացնելո՞ւ

Չնայած երկրում սոցիալական իրավիճակի սրմանը՝ կառավարությունը հրաժարվեց նվազագույն աշխատավարձի բարձրացումից։ Դա այն առաջնային քայլերից մեկն էր, ինչը կարող էր որոշ չափով մեղմել ցածր եկամուտներ ստացողների սոցիալական վիճակը։

Այսօր Հայաստանում բազմաթիվ են այն աշխատող քաղաքացիները, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ։

Նվազագույն աշխատավարձը հիմա մեր երկրում 68 հազար դրամ է։ Այն գործում է սկսած 2020թ.։

Դրան հաջորդող շրջանում բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գներ էապես բարձրացել են։ Սպասվում է, որ կշարունակեն բարձրանալ նաև այս տարի։ Բայց կառավարությունը դեմ է, որպեսզի դրան զուգահեռ՝ ավելանան նաև այս խմբում ընդգրկված մարդկանց եկամուտները՝ գնաճի ճնշումը նրանց վրա որոշ չափով թուլացնելու համար։

Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու դեպքում, բազմաթիվ քաղաքացիներ 68 հազարի փոխարեն՝ կստանային 100 հազար դրամ։

100 հազար դրամն այսօր մեծ գումար չէ համատարած թանկացումների ֆոնին, սակայն այն կարող է ինչ-որ տեղ փրկություն լինել շատերի համար։

Եթե 100 հազարին դեմ են, կարող էին այլ տարբերակ առաջարկել։ Բայց դրան էլ կառավարությունը պատրաստ չէ։ Պարզապես դեմ է, և վերջ։ Չի ուզում, որպեսզի այդ մարդիկ ավել գումար վաստակեն՝ թանկացումներին դիմակայելու համար։ Իսկ դա նշանակում է, որ նրանց սոցիալական վիճակը, որը նախորդ 2 տարիներին հասցրել է բավականաչափ վատանալ, շարունակելու է վատանալ նաև այս տարի՝ սպասվող գնաճի հետևանքով։

Որ այս տարի մեզ նոր ու բազմաթիվ թանկացումներ են սպասվում, այլևս պարզ է։ Դրանք թելադրված են լինելու՝ ինչպես դրսից, այնպես էլ՝ ներսից։

Դեռևս անցած տարվանից սկսված արտաքին գնաճային ճնշումը ներքին շուկայում պահպանվում է։ Բազմաթիվ ներմուծվող ապրանքներ այս ընթացքում հասցրել են էապես թանկանալ։ Թանկացել են թե՛ պարենային, և թե՛ ոչ պարենային ապրանքները։

Բարձր գնաճը բխում էր ոչ միայն արտաքին, այլև ներքին միջավայրից։

Ներքին միջավայրից թելադրված գնաճը մեծապես կախված էր գյուղատնտեսության ոլորտից։ Գյուղմթերքների առանձին շուկաներում գնաճը հասավ 40-50 տոկոսի։ Որոշ գյուղատնտեսական ապրանքներ անգամ կրկնակի-եռակի թանկացան, այսօր էլ շարունակում են այդպիսին լինել։

Ոչ ոք չէր կարող մտածել, որ 1 տարվա ընթացքում կաղամբի կամ կարտոֆիլի գինը կարող է հասնել գրեթե 1 դոլարի։ Բայց դա հիմա սովորական երևույթ է դարձել։

Մարդիկ ամեն օր առնչվում են գների նոր բարձրացումների հետ։ Իշխանություններն էլ վաղուց դադարել են նկատել գների բարձրացումները։

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելում էր շուկաներ և խանութներ, հետևում էր գների փոփոխություններին, հպարտանում էր, որ իշխանափոխությունից հետո ապրանքները սկսել են էժանանալ։ Հիմա նա այլևս խանութներ կամ շուկաներ չի գնում, այնտեղից ուղիղ եթեր չի մտնում, չի խոսում այն մասին, թե ինչ է կատարվում գների հետ։ Չնայած լավ էլ տեղյակ է, թե ինչ է կատարվում։ Ու այդքանից հետո դեմ է, որպեսզի համատարած թանկացումները մեղմելու համար գոնե նվազագույն աշխատավարձ բարձրացվի։

Անցած տարի բարձր գնաճի պայմաններում նվազագույն աշխատավարձը չբարձրացավ, չավելացան նաև մյուս սոցիալական վճարները, այս տարի էլ նույնն են մնացել։ Կառավարությունը դրա համար բյուջեում միջոցներ չի գտնում։

Նվազագույն աշխատավարձի բարձրացմանը դեմ է, դրա համար բյուջեում փող չկա, բայց միլիոններ են հատկացնում դիվանագիտական կորպուսի աշխատավարձերը բարձրացնելու համար, քանի որ նրանց կենսամակարդակը չի համապատասխանում այդ երկրների նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին։ Իսկ որ ներսում է մեր բազմաթիվ քաղաքացիների կենսամակարդակն անհամապատասխան սպառողական զամբյուղի նվազագույն պահանջներին, կառավարությանը քիչ է հուզում։

Նրանց համար բյուջեում փող չկա, իսկ ծառայողական ավտոմեքենաների կամ հավելավճարների ու պաշտոնյաների պարգևավճարների համար կա։

Նվազագույն աշխատավարձը չբարձրացնելու համար կառավարությունն իր համար արդարացումներ է գտել. իբր դրա համար տնտեսական միջավայրից բխող հիմքեր չկան։

Մյուս բոլոր դեպքերում, եթե պետք է, այդ հիմքերը պեղում, գտնում են, իսկ այս դեպքում հիմքեր չկան, որովհետև չեն ուզում, որ լինեն։ Այլապես՝ լավ էլ կարող էին գտնել, եթե ցանկություն լիներ։ Նախկինում էլ նման հիմքեր չկային, բայց քանի որ պետք էր, գտան ու բարձրացրին նվազագույն աշխատավարձը։ Հիմա չեն ուզում բարձրացնել ու դրա համար բազմաթիվ պատճառաբանություններ են հորինում։

Այդ պատճառաբանությունները կամ դրանց մի մասը գուցե և հիմնավոր են, բայց դա չի նշանակում, թե նվազագույն աշխատավարձի բարձրացումն ու դրա հաշվին անապահով քաղաքացիների սոցիալական խնդիրներն ինչ-որ կերպ թեթևացնելը հիմքեր չունի։ Մարդիկ ապրելու նվազագույն միջոցներ չունեն ու դեռ ստիպված են իրենց վրա ֆինանսական նոր բեռ կրել։

Արտաքին ու ներքին տնտեսությունից փոխանցվող գնաճին այս տարի ավելացել է նաև հանրային անխտիր բոլոր ծառայությունների սակագների բարձրացման ազդեցությունը։ Ջրի ու հոսանքի գինը բարձրացել է, սպասվում է, որ 2 ամսից կբարձրանա նաև գազի սակագինը։ Ու այս բոլորի ազդեցությունը կրելու են սպառողները՝ ոչ միայն ուղղակի, այլև տարբեր ոլորտներից փոխանցված անուղղակի ճանապարհներով։

Իշխանությունները դրանց դիմագրավելու համար բացարձակ ոչ մի քայլ չեն անում։

Ոչ մի սոցիալական ծրագիր չկա, որը կարող էր ինչ-որ օժանդակություն լինել մարդկանց համար։ Դա էլ քիչ է, դեմ են նաև այն ծրագրերին, որոնցով փորձ է արվում թուլացնել գնաճի ազդեցությունը մարդկանց վրա, պայմաններ ստեղծել նրանց սոցիալական բեռն ինչ-որ տեղ մեղմելու համար։

Հիշեցնենք՝ սա այն իշխանությունն է, որն իրեն համարում էր ժողովրդինը ու եկել էր ժողովրդի հոգսը թեթևացնելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը