Տնտեսական

13.05.2022 10:53


Գնաճի տեմպի կտրուկ արագացումը 2020-2021թթ. հանգեցրել է էական սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների

Գնաճի տեմպի կտրուկ արագացումը 2020-2021թթ. հանգեցրել է էական սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների

Գնաճի արագացումը վերջին երկու տարիներին հիմնականում պայմանավորված է եղել համաշխարհային շուկաներում մատակարարման շղթաների խափանմամբ, էներգակիրների գների աճով, զարգացած երկրներում (հիմնականում ԱՄՆ-ում և ԵՄ-ում) դրամավարկային քաղաքականությունների խթանման մեծ ծավալներով: ՀՀ-ում գնաճի արագացումը պայմանավորված է եղել առաջարկի գործոններով, այդ թվում՝ ներմուծվող ապրանքների գների աճով, ինչպես նաև 2021թ. առաջին կեսին փոխարժեքի արժեզրկման ազդեցություններով: 2021թ. կեսից սկսել է նշանակալի լինել նաև պահանջարկի գործոնների ազդեցությունը գնաճի վրա, ինչն էլ կապված էր արտաքին պահանջարկի արագացման և արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների պահպանվող բարձր ցուցանիշով:

Վերլուծությունը ցույց է տվել, որ 2020-2021թթ.-ին՝

  • Գնաճի տեմպի կտրուկ արագացումը 2020-2021թթ. հանգեցրել է էական սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների: Մասնավորապես, գնաճի պայմաններում 2022 մարտին 2019թ. վերջի համեմատ էականորեն՝ շուրջ 4.4 տոկոսային կետով աճել են պետական կարճաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքները, սակայն ֆինանսական շուկայի այլ տոկոսադրույքների (օրինակ՝ վարկերի) վրա ազդեցությունը նույնքան մեծ չի եղել: Այնուամենայնիվ, վարկերի ծավալները կրճատվել են (հիմնականում իրավաբանական անձանց վարկերի նվազման հաշվին)՝ արտացոլելով տնտեսությունում ցածր ներդրումային ակտիվությունը: Գնաճի պայմաններում, միջին ամսական աշխատավարձերի իրական աճը եղել է գրեթե զրոյական (ընդամենը 0.4%): Գնաճն ազդել է թոշակառուների և նպաստ ստացողների վրա՝ նվազեցնելով թոշակների և նպաստների աճի տեմպը:
  • Գնաճը հիմնականում պայմանավորված է եղել «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ» ապրանքախմբի գների շուրջ 12.9% աճով, որն ապահովել է 7.7% գնաճի 4.8 տոկոսային կետը: Այդ ապրանքախմբի կառուցվածքում գնաճը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի (գների աճը` շուրջ 40.0%), հացաբուլկեղենի, կաթնամթերքի և սննդային յուղերի գների (վերջիններիս գներն աճել են ավելի քան 10%-ով) էական աճերով:
  • Գնաճի պայմաններում էականորեն աճել է սոցիալական անհավասարությունը: Մասնավորապես, սոցիալապես անապահով բնակչության եկամուտների կառուցվածքում մեծ կշիռ ունեն թոշակները, որոնց միջին ցուցանիշը նվազել է 2021թ.՝ հանգեցնելով ընդհանուր եկամուտների աճի դանդաղման: Միևնույն ժամանակ, ամենաբարձր դեցիլում գտնվողների եկամուտները աճել են, քանի որ նրանց եկամուտների կառուցվածքում մեծ են աշխատավարձերի և տրանսֆերտների կշիռները, որոնք 2021թ. ընթացքում աճ են գրանցել (չնայած այն հանգամանքին, որ աշխատավարձերի իրական աճը եղել է աննշան): Բացի այդ, ցածր դեցիլներում գտնվող բնակչության սպառողական ծախսերում սննդամթերքի մասնաբաժինը էականորեն ավելի շատ է: Եվ հենց սննդամթերքի գծով է արձանագրվել գների բարձր աճ:
  • Այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների համար գների աճը կազմել է 8.5%, իսկ ամենաբարձր եկամուտ ունեցողների համար՝ 6.1%: Ստացվում է, որ մի կողմից՝ սոցիալապես խոցելի խավի եկամուտներն ավելի քիչ չափով են աճել, մյուս կողմից՝ նրանց համար սպառվող ապրանքների գներն ավելի մեծ չափով են աճել՝ համեմատած բնակչության հարուստ խմբի հետ: Հետևաբար, հարուստների և աղքատների միջև կենսամակարդակների տարբերությունը մեծացել է:

Կարևոր է նշել, որ արդեն այս՝ 2022թ. փետրվարից սկսած ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում կտրուկ աճել են էներգակիրների և պարենի համաշխարհային գները, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն ՀՀ գնաճի արագացմանը։ Գնաճի արագացման դեպքում, վերը նկարագրված ազդեցությունները նույնպես ակնհայտ կլինեն՝ հանգեցնելով իրավիճակի բարդացմանը:

Հետևաբար, վերոհիշյալ ազդեցությունների մեղմման, ինչպես նաև հետագայում դրանց չեզոքացման համար անհրաժեշտ է ոչ միայն ԿԲ կողմից իրականցվող դրամավարկային քաղաքականության գործիքների կիրառումը, այլ նաև կառավարության համապատասխան քաղաքականության իրականացումը: Մասնավորապես, վերջինս հիմնականում պետք է ուղղված լինի սոցիալական խնդիրների մեղմմանը՝ ներառյալ անհավասարության էական աճի զսպմանը, ինչը հնարավոր կլինի ապահովել եկամուտների առավել արդյունավետ վերաբաշխման համակարգերի առկայության դեպքում:

Աղբյուրը՝ «ԼՈւՅՍ» հիմնադրամի տելեգրամյան ալիք

Այս խորագրի վերջին նյութերը