Տնտեսական

12.07.2022 08:46


Այս տեմպով մինչև ո՞ւր կհասնի աղքատությունը

Այս տեմպով մինչև ո՞ւր կհասնի աղքատությունը

3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում 500.000 մարդ սոված է մնում։ Սա ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դիտարկումն է։

Որ Հայաստանում աղքատության մակարդակը բարձր է, նորություն չէ։ Բայց այս դիտարկման մեջ կա շատ ավելի մտահոգիչ մեկ այլ հանգամանք. թերսնվող բնակչության քանակը այս տարի կտրուկ ավելացել է. ընդամենը 3 ամսում՝ 80 հազարով։ Այլ կերպ, եղել է 420 հազար, դարձել է 500 հազար։

Տարեսկզբի առաջին 3 ամսում Հայաստանում թերսնվող մարդկանց քանակը աճել է 19 տոկոսով։

Հետագա ամիսների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան, բայց կասկած չկա, որ այդ թիվը շարունակել է աճել։

Սա խոսում է մեր երկրում սրվող սոցիալական լարվածության ու դրան դիմակայելու՝ իշխանությունների իրականացրած կամ չիրականացրած քաղաքականության մասին։ Այդ քաղաքականության արդյունքում ունենք թերսնվող բնակչության թվի նման կտրուկ ավելացում։

Բայց դա դեռ աղքատության իրական պատկերը չէ։ Աղքատների թիվը Հայաստանում շատ ավելի մեծ է, քան թերսնվողներինը։

Դեռևս 2020թ. պաշտոնական տվյալներով, աղքատ է եղել բնակչության 27 տոկոսից ավելին։ Խոսքը 800 հազարից ավելի մարդու մասին է։

2020թ., երբ գնաճը բավական ցածր էր մեր երկրում, աղքատությունը նույնիսկ խորացել էր։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել աղքատության հետ վերջին 2 տարվա ակտիվ գնաճի ու համատարած թանկացումների պայմաններում։

Հիշեցնենք, որ անցած տարի գնաճը Հայաստանում կազմեց 7,7 տոկոս։ Այս տարի էլ հասել է 10,3 տոկոսի։

Այսպիսի բարձր գնաճի պայմաններում մեր երկրում աղքատությունը խորանալու այլընտրանք պարզապես չունի։ Դրա վկայությունն է նաև սոված մարդկանց քանակի կտրուկ աճը։ Երեք ամսում 80 հազարը չափազանց մտահոգիչ ցուցանիշ է։ Այն դեպքում, երբ գնաճը շարունակում է ահագնանալ։ Դա նշանակում է, որ առաջիկա ամիսներին թերսնվողների քանակը դեռ ավելանալու է։ Հատկապես որ, ի տարբերություն գնաճի, եկամուտների շոշափելի աճեր չկան, առավել ևս՝ աղքատ բնակչության պարագայում։

Սոցիալական խնդիրներին անդրադառնալիս, իշխանություններն ավելի շատ իմիտացիա են անում, քան իրականում փորձում են աջակցել այդ խնդիրների լուծմանը։ Հայտարարում են ուսուցիչների աշխատավարձի կտրուկ բարձրացման մասին, հետո պարզվում է, որ 31 հազարից ավելի ուսուցչական համայնքից, դրանից օգտվում է ընդամենը 470-480-ը։

Այս տարի էլ օգտվողների թիվը կարող է հասնել, ասենք՝ 1000 կամ 2000-ի։ Մնացածը շարունակելու են ստանալ այնքան աշխատավարձ, որքան ստանում էին նախկինում։

Թե այս տեմպով դեռ քանի տարի պետք կլինի, որպեսզի բոլոր ուսուցիչների աշխատավարձը բարձրանա, պարզաբանելու կարիք չկա։ Բայց իշխանությունների համար կարևորը դա չէ, նաև այն չէ, թե ինչ սոցիալական վիճակում են գտնվում ուսուցիչները։ Կարևորն այն է, որ հարկ եղած դեպքում կհայտարարեն, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել են։

Նույնը նաև թոշակների և նպաստների դեպքում է։

Թոշակները և նպաստները բարձրացնելու փոխարեն՝ անկանխիկ առևտրի փոխհատուցման համակարգ են դրել, լավ իմանալով, որ շատերը չեն կարողանալու օգտվել դրանից։

Ցույց են տալիս, որ սոցիալական օժանդակության ծրագրեր են անում։ Բայց դրանց հիմքում այնպիսի մեխանիզմներ են դնում, որ հնարավորինս քիչ մարդ կարողանա օգտվել։

Դիտավորյա՞լ են անում, թե՞ չիմանալով, ոչ մի նշանակություն չունի։ Այսպես թե այնպես, մարդիկ չեն կարողանում օգտվել այդպիսի ծրագրերից։

Տարօրինակ զուգադիպությամբ, այդպես է նաև տնտեսական ծրագրերի դեպքում։ Չորս տարի է՝ գյուղատնտեսության ծրագրից են խոսում։ Բայց քչերն են, որ կարողանում են օգտվել դրանցից։

Պատճառը կրկին այն մեխանիզմներն են, որոնք ոչ միայն անհնարին, այլև երբեմն պարզապես աննապատակահարմար են դարձնում դրանցից օգտվելը։

Այդպես իրականացվող ծրագրերի արդյունքներն էլ այսպիսին պիտի լինեն։ Պետք չէ զարմանալ, որ գյուղատնտեսությունն անկումային է, իսկ սոցիալական իրավիճակը՝ լարված։

Վերջերս էլ տնտեսական բարձր աճերից են խոսում։ Հարց է առաջանում, եթե տնտեսության մեջ ամեն ինչ այդքան լավ է, բարձր աճեր են արձանագրվում, ինչո՞ւ են մարդիկ աղքատանում, իսկ թերսնվողները՝ ավելանում։

Այդպես է, որովհետև տնտեսության աճը որակ չունի, հիմնված է դրսից թելադրված պահանջարկի վրա։ Ներքին պահանջարկը ցածր է, որովհետև մարդկանց եկամուտներն ու ծախսերը չեն բռնում իրար։ Ծախսերն արագորեն ավելանում են՝ ապրանքների ու ծառայությունների թանկացումների հետևանքով, իսկ շատ-շատերի եկամուտներում փոփոխություններ չկան։

Պարզ չէ՞, որ այդ մարդիկ համալրելու են թերսնվողների շարքերը կամ հայտնվելու են աղքատության խմբում։

Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 2020թ., նույնը նաև նպաստներն ու թոշակները։ Եվ այդ պայմաններում մեր երկրում տեղի է ունեցել աղքատության իրավիճակի սրացում։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի նվազագույն աշխատավարձ, նպաստ ու թոշակ չի բարձրացել։ Փոխարենը՝ շատ ավելի բարձր է գնաճը, ինչը լուրջ բեռ է դարձել մեր հասարակության մեծ մասի համար։

Նվազագույն աշխատավարձը մեր երկրում 68 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղն անցնում է 78 հազարից։ Տասը հազարով ավել, քան նվազագույն աշխատավարձն է։

Նվազագույն կարիքները բավարարելու համար նվազագույն աշխատավարձով ապրողները ստիպված են կրճատել ծախսերը կամ պարտքով ապրել։ Այդպիսի քաղաքացիները մեր երկրում քիչ չեն։ Նվազագույն աշխատավարձ է ստանում աշխատողների 20-25 տոկոսը։ Խոսքը գրեթե 150 հազար մարդու մասին է, ովքեր արտաքուստ աշխատում ու աշխատավարձ են ստանում, բայց շարունակում են աղքատանալ։ Նրանց եկամուտները չեն ավելանում, այնինչ գներն աճում են ու աճում։

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից անհամեմատ ցածր են նպաստներն ու թոշակները։

Միջին կենսաթոշակը Հայաստանում հասնում է հազիվ 40 հազար դրամի։ Նպաստի չափի մասին նույնիսկ ավելորդ է խոսելը։ Եվ այս պայմաններում նվազագույն սպառողական զամբյուղն անցնում է 78 հազար դրամից։

Սա աղքատության խորացմանը տանող ուղիղ ճանապարհ է, որին բախվել է մեր հասարակությունն այս իշխանությունների իրականացրած տնտեսական ու սոցիալական քաղաքականության և 4 տարվա «փառահեղ» ձեռքբերումների արդյունքում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը