Տնտեսական

14.07.2022 10:49


Ինչպես են մարդկանց կյանքը բարելավելու անվան տակ լրացուցիչ ծանրություն ստեղծում. «Փաստ»

Ինչպես են մարդկանց կյանքը բարելավելու անվան տակ լրացուցիչ ծանրություն ստեղծում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Յուրաքանչյուր երկրի իշխանությունների պատասխանատվության տիրույթում է այնպիսի նախաձեռնությունների իրականացումը, որով բարենպաստ պայմաններ կստեղծվեն քաղաքացիների կենսագործունեության համար։ Այլ հարց է, որ բազմաթիվ դեպքերում իշխանությունները փորձում են իմիտացիա ստեղծել, թե մտածում են ժողովրդի մասին, ըստ այդմ, բարեփոխումներ են իրականացնում, սակայն նրանց կողմից մարդկանց ներշնչած հույսերը չեն արտացոլվում հանրության կյանքում։

Այս առումով բացառիկ է Հայաստանի օրինակը, երբ իշխանությունները խոսում են բարեփոխումների, քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելուն միտված միջավայրի ստեղծման մասին, սակայն այնպիսի նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնցով ավելի են բարդացնում բնակչության առանց այն էլ ծանր վիճակը։ Օրինակ՝ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որը քաղաքացիների և փորձագետների շրջանում խնդրահարույց է համարվում։ Սա ո'չ առաջին, ո'չ էլ վերջին օրենսդրական նախաձեռնությունն է, երբ առանց պատշաճ կերպով հանրային և մասնագիտական քննարկումներ անցկացնելու և մտահոգությունները հաշվի առնելու, փնթի ու «հում» վիճակում ընդունում են։

Անօրինական գործարքներից պաշտպանելու անվան տակ այս օրենքով փաստացի մարդկանց զրկում են կանխիկ գործարքներ անելու հնարավորությունից և իրավունքից, մյուս կողմից էլ՝ ստիպում են օգտվել բանկային ծառայություններից ու միջնորդավճարներ վճարել։ Այնինչ, կարող էր անկանխիկ գործարքների անցումը տեղի ունենալ ընդամենը կամավոր հիմունքներով։ Այսպիսով, իշխանությունները լրացուցիչ ֆինանսական բեռ են դնում քաղաքացիների և բիզնեսի վրա, ավելին, որ շատ ավելի վտանգավոր է, նրանց ֆինանսական հոսքերն են դարձնում վերահսկելի։

Սա հատկապես կարևոր է նաև այն տեսակետից, որ ժամանակի ընթացքում ականատես ենք եղել, որ իշխանություններն ուղղակի թքած ունեն բանկային գաղտնիքի իրավական սկզբունքի վրա։ Այսպիսով, ճանապարհ է բացվում նրա համար, որ քաղաքացիներն ու տնտեսական սուբյեկտները ընդդիմադիր վարքագիծ դրսևորելու և իշխանություններին հակադրվելու պարագայում կարող են ֆինանսական ճնշումների ենթարկվել։ Օրինակ՝ անհարկի կասկածների անվան տակ նրանց հաշիվները կարող են կալանքի տակ դրվել կամ սառեցվել։ Ուստի, այսպիսի նախաձեռնությունները պայմաններ են ստեղծում, որ Հայաստանից կապիտալի արտահոսք տեղի ունենա։

Բացի այդ, աշխարհում տեղի ունեցող ֆինանսական տեղաշարժերը ցույց են տալիս, որ անկանխիկ գործարքները մի շարք առավելություններ ունեն։ Մարդիկ կարող են բախվել այնպիսի խնդիրների, որ իրենց ունեցած բանկային քարտերով հնարավոր չլինի գնումներ, գործարքներ կատարել կամ էլ բանկոմատից գումար դուրս բերել։ Օրինակ՝ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո ՌԴ-ի բազմաթիվ ֆիզիկական և իրավաբանական անձինք այսպիսի խնդիրների էին բախվել, և տևական ժամանակ պահանջվեց հարցը կարգավորելու համար։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանում գործարքների անկանխիկ իրականացման համար բավարար տեխնիկական հագեցվածություն չկա։ Խանութները կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունները համապատասխան սարքավորումներով զինված չեն, իսկ դրանց ձեռքբերումը լրացուցիչ բեռ է ստեղծում առանց այն էլ հազիվ գոյատևող մի շարք բիզնես ուղղությունների համար։ Արդիական տեխնիկական միջոցների բացակայության արդյունք է նաև անկանխիկ գործարքների ժամանակատարության հետ կապված խնդիրը, ինչի արդյունքում մեծանում են քաղաքացիների դժգոհությունները, թե ուշանում են բանկային քարտերը և գործարքները։

Բացի այդ, բազմաթիվ քաղաքացիների համար, ովքեր տարիներով անկանխիկ եղանակով են իրենց գործարքները կամ գնումները կատարել, դժվար է շատ կարճ ժամանակամիջոցում միանգամից անցնել բանկային քարտի և անկանխիկ գործարքների իրականացման։ Օրինակ՝ կենսաթոշակների վճարումն այսուհետ իրականացվելու է անկանխիկ եղանակով։ Եվ մեծ թվով թոշակառուներ դժվարանում են օգտվել քարտից, ուր մնաց, որ ադապտացվեն անկանխիկ գործարքների իրականացմանը։ Թոշակառուների սոցիալական դրությունը իբր բարելավելու անվան տակ էլ իշխանությունները այնպիսի նախաձեռնությամբ հանդես կան, որի համաձայն, հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից նրանք 10 % հետվճար են ստանալու:

Նախ՝ թոշակառուների մեծ մասը չի կարողանալու օգտվել հետվճարից, քանի որ նրանք լիովին չեն տիրապետում քարտի օգտագործմանը, մյուս կողմից էլ՝ շատ վայրերում՝ հատկապես մարզերում գործող խանութներում բացակայում են անկանխիկ վճարումներ կատարելու համար նախատեսված սարքավորումները։ Բացի այդ էլ, եթե հետվճար էլ լինի, ապա այն շատ չնչին գումար է կազմելու, քանի որ այն չի կարող գերազանցել 5000 դրամը: Սրան գումարենք, որ այս ծրագրի ներքո աշխատում է ընդամենը... երեք բանկ:

Այս ամենի հետ միասին բարենպաստ պայմաններ են ստեղծվում ֆինանսական հանցագործությունների, հաքերային հարձակումների և խարդախությունների իրականացման համար, քանի որ քաղաքացիներից շատերը չեն տիրապետում անվտանգության կանոններին, անգամ չգիտեն գաղտնաբառի հետ վարվելու կարգը, իսկ պետությունը միայն պահանջողի դերում է և նրանց կրթելու ուղղությամբ համապատասխան աշխատանք չի տանում։ Դրա համար էլ վերջին շրջանում բանկերը մեկը մյուսի հետևից հաղորդագրություններ են ուղարկում իրենց ծառայություններից օգտվող բաժանորդներին՝ զգուշացնելով և ծանուցելով խարդախության դեպքերի ավելացման մասին։ Գրեթե միշտ այդպես է լինում, երբ իշխանություններն իրենց փնթի նախագծերի արդյունքում արհեսականորեն խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։

Այս խորագրի վերջին նյութերը