Մեկնաբանություն

20.07.2022 12:00


Ինչպես «ինքնիշխանիստներն» աճուրդի հանեցին մեր երկիրը

Ինչպես «ինքնիշխանիստներն» աճուրդի հանեցին մեր երկիրը

Հայաստանում տարիներ շարունակ բուծվել էին «թունդ ընդդիմադիր գործիչներ», «քաղաքացիականներ», «իրավապաշտպաններ» և այլն։ Սրանց գործն, իբր, մեր երկիրն իրավական պետություն դարձնելն էր, ժողովրդավարություն հաստատելը։

Նշյալ կոնտինգենտն ամենաշատն օգտագործում էր «ինքնիշխանություն» բառը։ Ենթատեքստում Ռուսաստանի դեմ պայքարն էր, հայ–ռուսական հարաբերությունները փչացնելը (սրանց բուն նպատակը Թուրքիայի շահերը մեր տարածաշրջանում առաջ տանելն էր և է)։

Եթե մինչև 2018–ը այս «ինքնիշխանիստների» նպատակները տեսանելի էին նեղ շրջանակների և մշուշոտ լայն զանգվածների համար, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց և հատկապես 2020–ի 44–օրյա պատերազմից հետո ամեն ինչ արդեն ակնհայտ է դարձել լայն զանգվածների համար։

«Ինքնիշխանություն» բառը թունդ ընդդիմադիր հաճախորդ աշխատած տարիներին շատ էր օգտագործում նաև Նիկոլ Փաշինյանը։ Հենց սա վարչապետ դարձավ, հայտարարեց, որ բանակցային սեղան է նստեցնելու Արցախին։

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում ոչ միայն Արցախը չհայտնվեց բանակցային սեղանի շուրջը, այլ բանակցային սեղանից փաստացի դուրս մղվեց Հայաստանը։

Հիմա մեր երկիրը ոչ թե բանակցային սեղանի շուրջ հարց որոշող, հարց բարձրացնող ու որոշում կայացնող սուբյեկտ է, այլ բանակցային սեղանի տակ մտած օբյեկտ, որին ինչ դեմ են տալիս, ստորագրում է, ինչ պահանջում են, հանձնում է, ինչ հրամայում են, անում է։

Նիկոլը կործանեց Արցախի պետականությունը, կերավ հազարավոր տղերքի գլուխը և դարձավ Ալիև–Էրդողան զույգի կամակատարը։

Մենք հիմա այն օրին ենք հասել, որ սոցցանցերում էքստազի մեջ են ընկնում, երբ իմանում են, որ Իրանը դեմ է արտահայտվել Զանգեզուրի միջանցքի գաղափարին։ Եվ այս ամենն «ինքնիշխանիստների» իշխանության օրոք, այն «ինքնիշխանիստների», որոնք Ալիևին զեկուցում են, որ Արցախում այլևս ՀՀ–ից չեն ծառայելու, ՀՀ–ն ձեռքերը լվանալու է Արցախից ու իրենք գլուխները կախ իրականացնելու են թուրքերի ասածները։ Սրանք որբի գլուխ սարքեցին Հայաստանը, և մեր երկիրը հանեցին աճուրդի։

Ինքնիշխանության վերջին փշրանքները փրկելու և մեջքն ուղղելու համար նախ պետք է սրանց վռնդել։ Մնացածն արդեն ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը