Մեկնաբանություն

25.07.2022 14:35


Ինչու են նիկոլենք ուզում, որ ընդդիմությունը վերադառա խորհրդարան

Ինչու են նիկոլենք ուզում, որ ընդդիմությունը վերադառա խորհրդարան

Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը, կամա թե ակամա, ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված է, որպեսզի ընդդիմությունը վերադառնա խորհրդարան։

Ընդդիմության վերադարձի մասին «մուտիլովկաներ» են տարածում նաև բացահայտված գործակալ Արման Բաբաջանյանը, մաշված ու ժամկետանց Շիրինյանը, տարած ու հետ բերած հաճախորդ Էդմոն Մարուքյանը և այլք։

Պարզ է, որ ընդդիմությունը խորհրդարանում անելիք չունի։ Անելիքը խորհրդարանից դուրս է։ Բայց դրսում էլ պետք է այլ ձև ու բովանդակություն մտցվի, հակառակ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը դրսում նույնպես անելիք չի ունենա։

Ինչ վերաբերում է խորհրդարան գնալ–չգնալուն, ապա հասկանալի է, որ ընդդիմությունը միայն մի դեպքում դա պետք է անի, երբ համոզված լինի, որ կարող է դնել Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը և հասնել արդյունքի։ Մնացած դեպքերում խորհրդարան գնալը կարող է լինել մեկանգամյա ակցիաների կամ նախաձեռնությունների տեսքով, ինչպիսին, որ եղավ, օրինակ, հունիսի 3–ին, երբ նիկոլենք ծլկեցին խորհրդարանից ու չեկան Արցախի ու անվտանգության թեմայով արտահերթ նիստին։ Վե՛րջ, այլ անելիք ընդդիմությունը խորհրդարանում, կրկնեմ, չունի։

Նիկոլենք շահագրգռված են, որպեսզի ընդդիմությունը խորհրդարան գա, քանզի հակառակ դեպքում քաղաքական ճգնաժամը կխորանա։ Բացի այդ՝ Արևմուտքն է պահանջում, որպեսզի միակուսակցական խորհրդարան չլինի, որպեսզի Բրյուսելի հովանու ներքո իրականացվող, այսպես կոչված, խաղաղության գործընթացը և հայ–թուրքական գործընթացը (իրականում՝ հայ–թուրք–ադրբեջանական, ավելի ճիշտ՝ էրդողանաալիևյան ծրագրի իրականացմանը Նիկոլի մասնակից դառնալը) չխոչընդոտվեն ու գոնե ձևական լեգիտիմություն ստանան։ ԵՄ–ին, Թուրքիային խորհրդարանական ընդդիմությունն անհրաժեշտ է ԱԺ շենքում, այլ ոչ թե հրապարակներում։ Դրա համար էլ Նիկոլին արգելեցին մանդատից զրկել ընդդիմությանը (այս հարցում Վրաստանի ներքաղաքական գործընթացներն էլ իրենց ազդեցությունն ունեցան, քանզի այնտեղ էլ խորհրդարանական ընդդիմության մի մասը չի գնում խորհրդարան, բայց ԵՄ–ն արգելում է իշխող ուժին նրանց մանդատներից զրկել)։

Եվ վերջում։ Հայաստանում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ստանդարտ խորհրդարանական աշխատանքներին ընդդիմության մասնակցությունն առնվազն հիմարություն կլինի, չհաշված՝ քաղաքական ինքնասպանությունը։

Գլխավոր խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու քաղաքացիների բարեկեցությունն ապահովելն է։ Երկուսն էլ չի կարող լուծել նիկոլական իշխանությունը, ուստի՝ պետք է հեռանա կամ հեռացվի։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը