Լրահոս

06.09.2011 13:34


Ստեփան Դանիելյան. «Սերժ Սարգսյանը չի ցանկանում խնդիրներ ունենալ միջազգային կազմակերպությունների հետ»

Ստեփան Դանիելյան. «Սերժ Սարգսյանը չի ցանկանում խնդիրներ ունենալ միջազգային կազմակերպությունների հետ»

Այսօր «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հկ նախագահ Ստեփան Դանիելյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը խոսել են կրոնի նոր օրենքի նախագծի մասին։

–Այս օրենքի վերաբերյալ երեք նախագիծ կա մշակված, որոնցից առաջին երկուսը, որոնք ուղարկվել են Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը, հետ են վերադարձել սուր քննադատական դրույթներով։ Օրենքի վերջին նախագիծն առանց այստեղ քննարկման նորից ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով,–ասել է Ս. Դանիելյանը։

Նրա կարծիքով ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում խնդիրներ ունենալ միջազգային կազմակերպությունների հետ։

Ս. Դանիելյանի համոզմամբ՝ կան մի շարք խնդիրներ, որոնց կարող է ուշադրություն դարձնել Վենետիկի հանձնաժողովը։ Դրանցից մեկը հոգեորսությանը վերաբերող հոդվածն է, որտեղ օգտագործվում է «հոգեբանական ներգործություն» արտահայտությունը, ինչը, ըստ բանախոսի, դատավորին դժվար կլինի ապացուցել։

Դրան հակադարձեց Շիրակի թեմի առաջնորդը, ով գտնում է, որ հոգևորականի համար շատ հստակ է, թե ինչ է հոգեորսությունը, և պետք չէ այն շահարկել։

–Օրենքում միտում կա սահմանափակելու հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Փորձ է արվում հավասարեցնել մնացած բոլոր կրոնական կազմակերպությունները հայ առաքելական եկեղեցու հետ,–նկատել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ՝ հավելելով, որ փոքրամասնության իրավունքները հարգելով՝ չպետք է մոռանալ մեծամասնության մասին։

Ըստ Ս. Դանիելյանի՝ վիճահարույց են նաև կրոնական կազմակերպությունների պարտադիր գրանցման և վերահսկողության մասին դրույթները, որոնք նույնպես հստակություն չեն պարունակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը