Մեկնաբանություն

09.09.2022 12:44


Արսեն Թորոսյանը գերազանցեց Ալիևին․ Նիկոլ Փաշինյանի սրտի «ուսապարկը»

Արսեն Թորոսյանը գերազանցեց Ալիևին․ Նիկոլ Փաշինյանի սրտի «ուսապարկը»

Հայաստանում քաղաքական կյանքը վաղուց է անբարոյական դարձել։ Մեր նորանկախ պետության առաջին օրվանից։

Քաղաքական կյանքն անբարոյական դարձավ այն ժամանակվանից, երբ «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վե՛րջ» և «Մի–ա–ցո՛ւմ» գոռացողներից ոմանք, ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկան ու դրանից հետո Ղարաբաղը համարեցին բեռ, կողմ արտահայտվեցին Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելուն։

Անբարոյական քաղաքական միջավայրը ծնեց բացիլներ ու մոլախոտեր, որոնք 2018–ին եկան իշխանության, ու մենք ունեցանք ողբերգական արդյունքներ։

Անբարոյականությունը, ցինիզմն ու տգիտությունը հիմա միախառնվել են և սպառնում են մեր պետականությանը։

Նիկոլ Փաշինյանի սրտի «ուսապարկը»

Ինչպես հայտնի է, Բրյուսելում օգոստոսի 31–ին Փաշինյանն ու Ալիևը՝ Շարլ Միշելի միջնորդությամբ, պայմանավորվել են «ժողովուրդներին նախապատրաստել երկարաժամկետ խաղաղության»։ Եվ նախապատրաստում են։ Բաքուն պահանջում է «Զանգեզուրի միջանցքը», խոսում Սևանի ու Երևանի մասին, խոսում է նաև այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է և վե՛րջ։ Վերջին ձևակերպման պահով Նիկոլը տվել է իր համաձայնությունն ու անցել գործի։

Հայաստանում էլ են իշխանությունները «ժողովուրդներին նախապատրաստվում երկարաժամկետ խաղաղության»։ Առողջապահության տխրահռչակ նախկին նախարար ու ներկայիս պատգամավոր Արսեն Թորոսյանին դրել են «Ֆակտոր»–Հ1 մայրուղու վրա, որպեսզի սա լկտիաբար ու ցինիկաբար հայտարարի․ «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել»։ Նման բան նույնիսկ Ալիևը չի հայտարարել։ Հակառակը՝ Ալիևն ասում էր, որ իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։ Մադրիդյան սկզբունքների ամբողջ փիլիսոփայությունը հիմնված էր «Տարածքներ՝ Արցախի կարգավիճակի դիմաց» բանաձևի վրա։

Եթե Թորոսյան Արսենը սա չգիտի, նշանակում է տգետ է ու չպետք է խոսի մի բանից, որից չի հասկանում։ Իսկ եթե գիտի, բայց փորձում է իր շեֆի ու իրենց թիմի պարտությունը լղոզել ու շարունակել «Զինվորները զոհվել են հանուն ոչնչի» գիծը, ապա դա արդեն լկտիություն է։ Նա ծաղրում է հայ ժողովրդին, 88–ին փողոց դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց, մեր նահատակների հիշատակը, մեր անկախության հռչակագիրը, Հայաստանի գոյության իմաստը․․․

Թորոսյան Արսենի պատկերացրած խաղաղությունը Արցախի, ապա նաև Զանգեզուրի, Սևանի, հետո արդեն Երևանի գնով է։

Եթե Թորոսյան Արսենը փորձում է իմաստուն երևալ ու ասել, որ ինքն «էն գլխից» գիտեր, որ միևնույն է Արցախն Ադրբեջանինն է, ապա ինչո՞ւ 2019–ին ծպտուն չհանեց, երբ Նիկոլը Ստեփանակերտում պոպուլիստաբար հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վե՛րջ։ Նիկոլի այդ հայտարարությունը դիվանագիտական «կազուս բելի» առաջացրեց ու վերջին ակորդը դարձավ բանակցային գործընթացի փլուզման գործում։ Բայց Արսենը լուռ էր։ Ավելի ճիշտ՝ ծափահարում էր Նիկոլի պոպուլիզմին ու մտքում, փաստորեն, ծաղրում Նիկոլի պոպուլիզմին հավատացողներին։

Ըստ Արսենի՝ մեր երկրի նախկին ղեկավարներն ու նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամները խաբել ու մոլորեցրել են մեր ժողովրդին, քանզի պարզ էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս (ի դեպ, «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչները բան չունե՞ն ասելու իշխող ուժի կարկառուն ներկայացուցչի ասածների մասին)։

Եթե Արսենը սկզբունքային է, ապա »Արցախը Հայաստան է, և վե՛րջ»–ից հետո կա՛մ Նիկոլին պետք է փորձեր հեռացնել «Քաղաքացիական պայմանագրից» ու պահանջեր նրա հրաժարականը վարչապետի պաշտոնից, կա՛մ ինքը պետք է դուրս գար այդ կուսակցությունից։ Բայց նա ո՛չ մեկն է արել, ո՛չ մյուսը։ Դա նշանակում է, որ ինքը նորմալ է համարում այն, որ Նիկոլը կեղծավորություն էր անում, երբ Արցախը համարում էր Հայաստանի մաս, և երբ «ժողվարչապետը» թույլ էր տալիս, որ իր կողքը կանգած «ռազմահայրենասերը» Արցախի նախագահին անվանում էր Հայաստանի մարզպետ։

Արսեն Թորոսյանի պատկերացմամբ՝ հակամարտությունը պետք է արագ լուծվի։ Լուծվի ամեն գնով, քանզի այլ տարբերակ չկա։ Ափսոս, որ Իսրայելում, Պաղեստինում, Կիպրոսում և հակամարտությունների այլ գոտիներում Արսենի մտքի թռիչքը չունեն, որպեսզի արագ ամեն ինչ լուծեն ու անցնեն առաջ։

Արսեն Թորոսյանը դեմքի ժպիտով ու ցինիկաբար հայտարարում է, որ 30 տարվա մեր պատմությունը կեղծ է եղել ու փաստացի կրկնում է Ալիևի կարգախոսը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։ Այլ բան սրանից չէր էլ սպասվում։ Եթե Արսենը, հանուն վերադասին դուր գալու, կորոնավիրուսի տարածման սուր շրջանում պատրաստ էր իր երեխաներին վտանգել, ապա այլոց երեխաների զոհվելը հանգիստ կարող է հանուն ոչնչի համարել։

Եթե Արսեն Թորոսյանը Նիկոլի շարքային «ուսապարկերից» լիներ, ապա կարելի էր պարզապես հայհոյել նրան ու անցնել առաջ։ Բայց խնդիրն այն է, որ Թորոսյանը շարքային «ուսապարկ» չէ։ Նա կարգավիճակ ունեցող «ուսապարկ» է։ Արսենը համակարգում է ՔՊ–ի տեղական ընտրությունները, ինչպես նաև հավակնում է դառնալ ՔՊ–ի վարչության նախագահ։ Այսինքն՝ Թորոսյան Արսենը շատ կարևոր դերակատարում ունի իշխող ուժի կուսակցական կառուցվածքում։ Եթե նրան է վստահվել տեղական իշխանությունների ձևավորումը, այսինքն՝ կուսակցական ապարատի ու կադրային բանկի ձևավորումը, ապա դա նշանակում է, որ իր հակապետական թեզերի կրողներ են բուծվում ամբողջ Հայաստանով։ Իսկ դա սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։

Արսեն Թորոսյանը մահվան տարավ մարդկանց որպես Առողջապահության նախարար։ Հիմա արդեն որպես կուսակցական ֆունկցիոներ նա շատ ավելի մեծ մասշտաբի մահեր է նախատեսում՝ «խաղաղության» անվան տակ։

Ասել ենք ու կրկնում ենք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն ազգային անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը