Լրահոս

13.09.2011 13:01


ՀԱՄ. «Արցախը և մեզ բարեկամ ու չարակամ երկրները»

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Ուրուգվայի նախաձեռնությունը` Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի հանրապետության) անկախությունը ճանաչելու մասին: Մենք՝ որպես հայ արիականներ, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ուրուգվայի իշխանություններին եւ ժողովրդին, որ իրենց երկիրը շարունակում է հանդես գալ պատմական արդարության եւ ճշմարտության վերականգնման դիրքերից:

Ուրուգվայն այն պետությունն է, որ պետականորեն նախաձեռնեց հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը, որը շարունակական ընթացք ունեցավ աշխարհում եւ ավելի քան 20 պետություն հետեւեցին ուրուգվայցիներին: Այժմ, Արցախ-ԼՂՀ անկախության պետականորեն ճանաչումը կարող է նոր ընթացք հաղորդել հիմնահարցին: Հուսանք, որ պաշտոնական Մոնտեվիդեոն արագ կնախաձեռնի այն քայլերը, որը նշել է Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն, այն է՝ վերականգնել պատմական արդարությունը՝ ճանաչել Արցախի անկախությունը այնքան ժամանակ, մինչեւ կայանա Հայաստան-Արցախ վերամիավորումը: Այս տեսակետը լիովին համընկնում է Հայ Արիական Միաբանության քաղաքականությանը, ինչը մեզ համար կրկնակի ողջունելի է դարձնում Ուրուգվայի դիրքորոշումը:

Սա լուրջ խթան է նաեւ Հայաստանի իշխանությունների համար՝ Արցախի անկախությունը ճանաչելու եւ ընթացքում երկու հայկական պետությունների վերամիավորման հարցը լուծելու համար: Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը պարզաբանումներ կմտցնի որոշ հարցերում, դիցուք՝ կապված եղբայրական կոչված Վրաստանի արձագանքի հետ, որը Ադրբեջանի թշնամիներին սեփական թշնամի է որակում… Եղբայրական կոչված Ռուսաստանի արձագանքի հետ, որն էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մեկ այլ եղբայրական խաղերի մեջ է… Եվ այսպես շարունակ:

Հայաստանն ու հայությունը պետք է հայապահպան հարցերի արծարծումով ի վերջո հստակեցնեն բարեկամ եւ չարակամ երկրների ու ժողովուրդների ցանկը, նախանշեն հայկական կողմնորոշումների նոր ընթացքը:

Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է հայությանը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հիմնադրման եւ անկախության 20-ամյակները եւ ցանկանում է սեպտեմբերի 21-ին լսել պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի համատեղ հայտարարությունը՝ կա՛մ Արցախի անկախության ճանաչման, կամ՝ Հայաստանի ու Արցախի վերամիավորման:

Մեր հարցերը մե՛նք ենք լուծելու եւ ապավինե՛նք նախ մեր ուժին ու կամքին:

Հայ Արիական Միաբանություն

Այս խորագրի վերջին նյութերը