Լրահոս

14.09.2011 12:03


Հաագայի միջազգային քրեական դատարանում կրկին Հռոմի պապի դեմ հայց է ներկայացվել

«SNAP» իրավապաշտպան կազմակերպությունը Հաագայի միջազգային քրեական դատարան խնդրագիր է ներկայացրել, որում խնդրել է վերականգնել Հռոմի պապ Բենեդիկտոս 16–րդի և կաթոլիկ եկեղեցու ևս երեք ղեկավարների նկատմամբ դատական գործը՝ կապված երեխաների նկատմամբ սեռական բռնության հետ։

«SNAP» իրավապաշտպան կազմակերպությունը միավորում է այն մարդկանց, ովքեր ժամանակին տուժել են կաթոլիկ հոգևորականների գործողություններից, ովքեր զբաղվում էին մանկահասակ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելով։

Նրանք իրենց խնդրագրում պնդում են, որ Հռոմի պապը, ինչպես նաև նրա մտերիմները, գիտեին և թաքցնում էին այն համակարգը, որի շրջանակներում տասնյակ հազարավոր  երեխաներ քահանաների կողմից ենթարկվում էին սեռական բռնությունների։

Հայցվորների խոսքով՝ այս գործողությունները լիովին համապատասխանում են «մարդկության դեմ հանցագործություն» բնորոշմանը։

Իրենց հայտարարությանը նրանք կցել են շուրջ 20 հազար էջանոց փաստաթղթեր, որոնք  ապացուցում են «SNAP»–ի դիրքորոշման իրավացիությունը։ Այնտեղ ընդգրկված են ոստիկանների հաշվետվություններ, մամուլում տպագրված  նյութեր, տարբեր մարդկանց կողմից հավաքված ապացույցներ և այլ  թղթեր։

Հաագայի դատարանից արդեն տեղեկացրել են, որ ներկայացված հայցի  շրջանակներում ուսումնասիրվում են բոլոր  փաստերը, որից հետո կհայտարարվի՝ արդյոք կվերսկսվի՞ այդ գործը, թե՞ ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը