Լրահոս

22.09.2011 11:17


Էդվարդ Նալբանդյան. «Պետք է լինել ինքնավստահ, ապավինել մեր ուժերին»

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում երեկ մասնակցել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը նախարար Նալբանդյանը Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական, սոցիալական, մշակութային և առողջապահության հիմնարկների մի շարք աշխատակիցների հանձնեց Հայաստանի Անկախության քսանամյակի կապակցությամբ շնորհված բարձր պետական պարգևները և Հանրապետության Նախագահի ու վարչապետի շնորհակալագրերը: Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում այս` գուցեև տարիների քանակով փոքր թվացող հոբելյանի, բայց մեծ, շատ մեծ տոնի՝ անկախ Հայաստանի Հանրապետության քսանամյակի կապակցությամբ: Ասում եմ՝ գուցեև փոքր հոբելյանի, որովհետև, ի վերջո, հազարամյակների մեր պատմության մեջ քսան տարին կարող է ակնթարթ թվալ։ Սակայն ասում եմ մեծ տոն, որովհետև նման «ակնթարթներ» մենք, ցավոք, վաղուց չէինք ունեցել»,-դիմելով ներկաներին ողջույնի խոսքում ասել է ԱԳ նախարարը: Շարունակելով խոսքը Նալբանդյանն ընդգծել է. «Մեծ տոն, որովհետև իր անկախությունը հաղթանակով պսակած մեր Հայրենիքի քսանամյա հոբելյանի մեծությունը չափվում է ոչ թե տարիների քանակությամբ, այլ՝ հաղթանակի հպարտությամբ։ Հաղթանակ, որ մենք դարձյալ վաղուց չէինք ունեցել: Եվ վերջապես՝ մեծ տոն, որովհետև այսօր տարեդարձն է ոչ միայն մեր երկրի, այլև մեր այսօրվա քսանամյա սերնդի՝ մեր զավակների, այն բոլոր տղաների ու աղջիկների, որոնք երբեք չեն եղել այլ երկրի քաղաքացի, և որոնց միակ Հայրենիքը անկախ Հայաստանի Հանրապետությունն է։ Երանի նրանց, որովհետև նրանք երբեք չեն երազի անկախ լինել, որովհետև արդեն ծնվել են անկախ, և այդ անկախությունը նրանց համար նույնքան բնական է, որքան արևն ու երկինքը։ Եվ դա մեր ամենամեծ ձեռքբերումն է։ Որովհետև անկախություն երազելն այլևս մեր ժողովրդի համար պիտի համարվի նվաստ ու անընդունելի։ Որովհետև անկախություն երազել՝ նշանակում է չունենալ այն, չունենալ երկրիդ անունը աշխարհի քարտեզի վրա, նշանակում է՝ անտուն ապրել ազգերի ու պետությունների ընտանիքում՝ երազելով մի օր սեփական տուն ունենալ այս արևի տակ։ Մենք այսօր ունենք այդ տունը։ Մենք այն կառուցել ենք մեր արդար քրտինքով, ցրտի մեջ՝ ջերմանալով հաղթանակի բերկրանքով, մթության մեջ՝ առաջնորդվելով ապագայի լույսով, դժվարությունների ու զրկանքների գնով, մեր անկախության նահատակների ու նվիրյալ զինվորների կյանքի գնով։ և մենք այլևս թույլ չենք տա, որ այդ տան մեջ լույսն ու ջերմությունը պակասեն։ Մենք այդ տունը պիտի շենացնենք ու սերնդե-սերունդ կտակենք մեր զավակներին։ Եվ մեզնից յուրաքանչյուրի, բոլորի, նաև՝ ներկա ու գալիք բոլոր պետական գործիչների խնդիրն է այնպես անել, որ այլևս ոչ մի սերունդ չերազի անկախության մասին, որ մեր ժողովրդի բոլոր նորածին մանուկների համար անկախ Հայրենիքը լինի նույնքան բնական, որքան արևն ու երկինքը, որքան Սևան լիճը։ Որ նրանք անդարձ մոռանան այն ժամանակները, երբ տնվոր էինք օտար տան մեջ, երբ, Հանրապետության Նախագահի խոսքերով, օրենքն օտարինն էր, երբ օտար էր ինքը՝ օրենքը, կամ երբ օրենքը ինքը` օտարն էր: Անկախության բերած բոլոր դժվարություններն ի վերջո հանգում են մի պարզ խնդրի. ունակ լինել սեփական ճակատագիրը տնօրինելու։ Եվ այստեղ է, որ մեզ պետք է լինել ինքնավստահ, ապավինել մեր ուժերին, մեր ունակությանը՝ մեր ժողովրդին ու պետությանը վերաբերող որոշումներն ինքնուրույն կայացնելու, որովհետև երբ դու՝ որպես ինքնիշխան միավոր, որոշում չես կայացնում, ուրիշներն են այդ որոշումը կայացնում քո փոխարեն։ Անցած քսան տարիները մեզ տալիս են միջազգային բեմահարթակում վստահելի գործընկերոջ կարևոր վարկանիշը, որը մեր անկախության ևս մեկ մեծագույն նվաճումն է։ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, անկախության նվիրյալ նահատակ Մովսես Գյորգիսյանը այն հեռավոր 88-ին ասում էր «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»։ Նա խոսում էր այս Հայաստանի մասին, Հայաստանի, որ նա չտեսավ, բայց որը տեսնում ենք մենք, այսօրվա ազատ ու անկախ Հայաստանը։

Եվ ուրեմն՝ կեցցե Հայաստանը, մեր ազատ ու անկախ Հայրենիքը»,-եզրափակել է խոսքը նախարարը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը