Տնտեսական

23.12.2022 11:14


Ավելի քան 1 մլն դրամի հուշամեդալ՝ մեկ անձից գնման սկզբունքով․ Էկոնոմիկայի նախարարության գնումները․ «Ժողովուրդ»

Ավելի քան 1 մլն դրամի հուշամեդալ՝ մեկ անձից գնման սկզբունքով․ Էկոնոմիկայի նախարարության գնումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վահան Քերոբյանի ղեկավարած ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 50 հուշամեդալ է գնել մեկ անձից գնման սկզբունքով և Էմիլ Գրիգորյանի անվան Երևանի ոսկերչական գործարանին վճարել ընդհանուր 1 մլն 882 հազար 500 դրամ: Նշենք, որ այս նույն ընկերության հետ երկու անգամ է պայմանագիր կնքվել. դրանցից մեկով ընկերությանը վճարվել է 970 հազար դրամ, որով գնվել է 20 հատ ոսկեպատ արծաթ հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 37 հազար դրամ արժողությամբ, 20 հատ հուշամեդալի տուփեր:

Մեկ այլ պայմանագրով 912 հազար 500 դրամ է ծախսվել՝ 25 հատ արույր ոսկեպատ հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 19 հազար դրամ արժողությամբ, 5 հատ արծաթ ոսկեպատ՝ յուրաքանչյուրը 37 հազար դրամ, և 30 հատ հուշամեդալի տուփ գնելու համար: Ուշագրավն այն է, որ Էմիլ Գրիգորյանի անվան Երևանի ոսկերչական գործարանը հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Բոլորովին վերջերս՝ այս տարվա դեկտեմբերի 14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի անվան Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, որը հայտնել էր, որ խանութից գողացել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ նախնական տեղեկություններով պատճառելով 350 հազար դոլարի վնաս:

Այս տարվա ապրիլին ուշագրավ հանգամանքներ ի հայտ եկան դարձյալ Էմիլ Գրիգորյանի մասով. նրա նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 100.000.000 ՀՀ դրամի չափով: Մեղադրանքներ էին առաջադրվել Երևանի ոսկերչական գործարանի նախկին և ներկա տնօրեններին, «Գնոմոն»-ի տնօրենին: Այս ընկերությունը ՊԵԿ-ի կողմից ևս տարբեր ժամանակներում տուգանվել է: Փաստորեն, անբարեխիղճ ընկերությունը շարունակում է նոր պատվերներ ստանալ Վահան Քերոբյանի կողմից, այն էլ՝ «մեկ անձից գնում»-ի սկզբունքով՝ այն, ինչ ժամանակին կոռուպցիա էր համարում Նիկոլ Փաշինյանը: Առանց մրցույթի գումարների բաշխում…»

Այս խորագրի վերջին նյութերը