Մեկնաբանություն

06.01.2023 13:30


Պրահայից մինչև Լաչին․ ինչպես և ովքեր շրջափակեցին Արցախը

Պրահայից մինչև Լաչին․ ինչպես և ովքեր շրջափակեցին Արցախը

Արցախը շրջափակման մեջ է մոտ մեկ ամիս։ Վերջը չի երևում։

Լաչինի միջանցքի փակման պատճառները պետք է փնտրել Պրահայում։

2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում։ Մասնակցում էին Փաշինյան Նիկոլը, Ալիև Իլհամը, Մակրոն Էմանուելը, Միշել Շարլը։ Դրանից առաջ կատարվել էր Նիկոլի մուրազը։ Նա վերջապես հանդիպել էր Թուրքիայի նախագահ Էրդողան Ռեջեփ Թայիփին։ Վերջինս ջերմորեն բռնել էր Նիկոլի ձեռքն ու բաց չէր թողնում։ Թուրքիայի նախագահը ջերմ էր Նիկոլի հետ, քանզի նման հաճախորդ Թուրքիան հազիվ էր բռնել։

Քառակողմ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը բամբասել է Ռուսաստանից ու անձամբ Պուտինից։ Նա հայտարարել է, որ ինքը Ղարաբաղը համարում է ադրբեջանական, պարզապես ռուսները չեն թողնում, որ ինքը դա հայտարարի։

Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները հետևյալն են՝ Նիկոլը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, ընդունում, որ Ալիևը ղարաբաղցիների հետ պետք է շփվի ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։ Այդ մասին Աստանայում հայտարարեց Ալիևը և չստացավ որևէ հակադարձում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եվ չէր էլ ստանալու, քանզի դա Նիկոլի քաղաքական գիծն է։ Այդ գիծն է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժում է ցանկացած նախաձեռնություն, որտեղ արձանագրվում է, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Հայաստանը հանձնառություն ունի Արցախի նկատմամբ։

Պրահայում տեղի ունեցած դավաճանության մասին խոսել են նաև Պուտինը, Լավրովը։ Պրահայում տեղի ունեցածն էր պատճառը, որ Սոչիում Հայաստանին ձեռնտու դրույթները չկային Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ հայտարարության մեջ․ Ալիևը, հղում անելով Նիկոլին, հայտարարել է, որ Ղարաբաղի թեման փակված է և այն ադրբեջանական է։

Նիկոլը Ղարաբաղը համարում է ադրբեջանական, ինչն էլ հնարավորություն է տվել Ալիևին փակել Լաչինի միջանցքը։ Այսինքն՝ Լաչինը փակել են Ալիևն ու Փաշինյանը՝ նպատակ ունենալով կյանքի կոչել իրենց պրահյան պայմանավորվածությունները։ Լաչինը փակվել է ոչ թե 2022–ի դեկտեմբերի 12–ին, այլ նույն տարվա հոկտեմբերի 6–ին։ Ռուս խաղաղապահներն այս պայմաններում հայտնվել են խաղից դուրս վիճակում։ Նրանց հիմա փչացնում են և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի իշխանությունները։

Ի դեպ, փակված Լաչինի միջանցքի պայմաններում Նիկոլը երեկ կառավարության նիստում ևս մեկ անգամ հավատարմություն հայտնեց Պրահայում ձեռքբերված համաձայնությանը, այսինքն՝ Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը չի բացելու Լաչինի միջանցքն այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղի իշխանությունները չեն միացել պրահյան համաձայնագրին, այսինքն՝ չեն ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջան է։

Ղարաբաղի Նիկոլը՝ Արայիկ Հարությունյանը, երկու ձեռքով կողմ է պրահյան համաձայնությանը, բայց պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ դեմ։ Վերջինիս ռուսները հենց պրահյան համաձայնությունները կամ որ նույնն է՝ Վաշինգտոնյան պլանը «ջրելու» համար են ուղարկել Արցախ։ Ռուսաստանի այդ քայլը խիստ նյարդայնացրել է Բաքվին։ Դա է պատճառը, որ Բայրամովը սրտնեղում էր, թե բա՝ արայիկենց հետ լավ էլ քիրվայություն էինք անում, Ռուբենը եկավ ու խանգարեց։ Ադրբեջանցիները շրջանառության մեջ են դրել մի տեսահոլովակ, որի մեջ սպառնում են սպանել Ռուբեն Վարդանյանին։

Թե որքանով կկարողանա քաղաքական ու պետական կառավարման փորձի պակաս ունեցող Վարդանյանը խանգարել նիկոլաալիևյան համաձայնությանը, ցույց կտա ժամանակը։ Ցավալի փաստն այն է, որ Արցախը մենակ է մնացել։ Հայաստանն՝ ի դեմս իր իշխանության, չի պայքարում Արցախի համար․ Նիկոլը դավաճանել է և այդ դավաճանության անունը դրել «իրատեսություն»։

Մեծ հաշվով, խնդիրները Երևանում պետք է լուծել։ Նիկոլ Փաշինյանին վռնդելն այն անհրաժեշտ (իհարկե՝ ոչ բավարար) նախապայմանն է, որից հետո է միայն հնարավոր թույլ չտալ Արցախի ու Հայաստանի վերացումը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը