Քաղաքական

16.01.2023 09:38


Բաքուն բավական տագնապալի ազդանշան է ուղարկել ԼՂ բնակչությանը․ Արեշև (տեսանյութ)

Բաքուն բավական տագնապալի ազդանշան է ուղարկել ԼՂ բնակչությանը․ Արեշև (տեսանյութ)

Օբյեկտիվ իրականությունը կտրուկ փոխվել է պաշտոնական Բաքվի ակտիվ աջակցությամբ, որը շարունակում է այսուհետ եւս փոխել այն՝ պատմելով, որ Լաչինի ճանապարհը բաց կլինի միայն ելքերի համար։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոնը» հաղորդմանը, ասաց Հարավային Կովկասի հարցերով ռուս փորձագետ Անդրեյ Արեշեւը։

«Սա հեռանալու միանգամայն միանշանակ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Սա տագնապալի ախտանիշ է։ Մենք հասկանում ենք, որ Բաքուն հումանիտար ճգնաժամ է ստեղծում Արցախում, որպեսզի խթանի Արցախի իշխանություններին, եթե ոչ տեղափոխվելու, ապա, ինչպես նրանք են ասում, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տնտեսական կյանքին եւ գործունեությանը ինտեգրելու»,-ասաց նա։

Նրա խոսքով, այսպես կոչված բնապահպանների առաջ քաշած ֆորմալ պահանջները կապված են հանքավայրերի մոնիտորինգի հետ, այսինքն՝ ավանդական էթնոքաղաքական առճակատմանը ավելանում է ռեսուրսների համար առճակատումը՝ միջազգային լուրջ մասնակցությամբ։

Արեշեւը նշեց, որ դա ուղղակիորեն վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին, որը պահպանում են ռուս խաղաղապահները, եւ որոնք ստիպված են գործել կամ չգործել գրավոր մանդատի բացակայության պատճառով։

Փորձագետն այժմ լիովին անիրատեսական է համարում ՄԱԿ-ի դրոշի ներքո խաղաղապահների հնարավոր ներմուծումը, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի համաձայնություն, այդ թվում՝ պաշտոնական Բաքվից։

«Մենք հասկանում ենք, որ նման համաձայնություն չի լինի։ Պետք է փորձել աշխատել մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, որոնք նախատեսված են Արցախում հումանիտար աղետը կանխելու համար։ Լուրջ խոչընդոտ է հայկական կողմի ոչ բավարար ակտիվ դիրքորոշումը»,-ընդգծեց քաղաքագետը։

Նա ուշադրություն հրավիրեց Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ շփումների անհրաժեշտության Փաշինյանի շեշտադրման վրա, թեեւ ներկա պայմաններում այնքան էլ պարզ չէ, թե դրանք ինչպես պետք է իրականացվեն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն ուղղված որոշ ազդակներին, որոնց արձագանքել է Ռուբեն Վարդայանը։

Արեշեւի համոզմամբ՝ սա միայն հաստատում է Նիկոլ Փաշինյանի ձեւակերպած գիծը, որը նշագծվել է վաղուց եւ կապված է Արցախի անվտանգության ապահովման ցանկացած հարցից հեռու մնալու հետ։

«Անվտանգության առանցքային հարցը մեկ ռուս խաղաղապահներին արդարացնելն է, որոնք բավական կաշկանդված են իրենց գործողություններում, մեկ էլ ասում է, թե իբր եթե Ռուսաստանն ի վիճակի չէ, ապա թող գան միջազգային խաղաղապահ ուժեր»,-հավելեց փորձագետը։

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նախկին բանակցային տրամաբանությունը խախտվել է դեռ 2018 թվականին՝ ոչ առանց Փաշինյանի անմիջական մասնակցության։

«Արդյունքում մենք ունենք արմատապես փոխված իրավիճակ Արցախի իրավաքաղաքական կարգավիճակի առումով, որը Երեւանի կողմից դե ֆատո ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Դրա համար օգտագործվում է Ալմա-Աթայի հռչակագիրը եւ նույնիսկ շատ յուրօրինակ կերպով կարդացված»,-եզրափակեց Արեշեւը:

Այս խորագրի վերջին նյութերը