Լրահոս

28.09.2011 17:01


Ոստիկանության օպերլիազորը մեղադրվում է թմրամիջոց իրացնելու մեջ

Ոստիկանության օպերլիազորը մեղադրվում է թմրամիջոց իրացնելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության օպերլիազորի կողմից թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության լեյտենանտ Ստեփան Տոնոյանը աշխատել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ի բաժանմունքում` որպես օպերլիազոր: Ըստ նախաքննության տվյալների` Ստեփան Տոնոյանը 2010թ. նոյեմբերին Ն. Իգիթյանին հյուրասիրելու եղանակով իրացրել է զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց: 2011թ. հունվար-փետրվար ամիսներին օպերլիազորը «Ծղոտներ»  ռեստորանային համալիրում մեթիլէնդիօքսիմետամֆենամին տեսակի թմրամիջոց է իրացրել Ն. Իգիթյանին եւ Ն. Մարգարյանին, իսկ 2011թ. մարտի 11-ին նույն ռեստորանային  համալիրում զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց կրկին հյուրասիրելու եղանակով իրացրել է Ռ. Խաչատրյանին: Բացի այդ, նախաքննությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ օպերլիազոր Ստեփան Տոնոյանի եղբայրը` Սերգեյ Տոնոյանը, ով աշխատել է ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի Ավանի տարածքային ստորաբաժանման բաժնում` որպես բաժնի պետ, 2010թ. օգոստոսից մինչեւ 2011թ. մայիսն ընկած ժամանակահատվածում աճեցրել է կանաբիս տեսակի բույս, որը վերամշակելով` պատրաստել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց: Վերջինս անձամբ եւ իր ընկերուհու միջոցով  պատրաստված թմրամիջոցը  վաճառել է տարբեր անձանց: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ոստիկանության լեյտենանտ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ին բաժանմունքի օպերլիազոր Ստեփան Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սերգեյ Տոնոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը