Մեկնաբանություն

19.03.2023 14:18


Նիկոլն Արարատի բերանով ազդարարեց Հայաստանի կատաստրոֆայի մասին

Նիկոլն Արարատի բերանով ազդարարեց Հայաստանի կատաստրոֆայի մասին

«Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար․․․

Մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և երկար ժամանակ շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին...

Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետության 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին, 2022թ. սեպտեմբերին ապօրինի բռնազավթած ինքնիշխան տարածքները, այլև ներմուծել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ տարածքը հայտարարում է ադրբեջանական հող: Սա նշանակում է բացահայտ նկրտումների արտահայտում Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաև սպառնում է Հայաստանին, եթե վերջինս այդ նկրտումները չընդունի:

Ադրբեջանի մտադրությունն է լուծել Լեռնային Ղարաբաղի հայության առնվազն ասիմիլյացիայի հարցը։

Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում»։

Սրանք հատվածներ էին Արարատ Միրզոյանի գլխավորած Արտաքին գործերի նախարարության հայտարարությունից։ Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանն Արարատ Միրզոյանի բերանով ազդարարում է, որ իր, այսպես, կոչված, խաղաղության օրակարգը գոյություն չունի, և որ Հայաստանին սպառնում է ոչնչացում՝ բառիս ֆիզիկական իմաստով, Արցախին՝ ցեղասպանություն ու բնաջնջում։

ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունից պարզ է դառնում, որ Նիկոլն Ադրբեջանին հակադրվելու հնարավորությունը տեսնում է միայն թղթե շերեփով։

«Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը»,–ասված է ԱԳՆ հայտարարության մեջ, ինչը բառացի նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը վեր տնկած սպասում է մորթվելուն։

Այս ամենից հետո Նիկոլի Արարատն իր հայտարարությունն ամփոփել է՝ կրկնելով մուրացկանային այն բանաձևը, թե բա՝ ՀՀ–ն հավատարիմ է խաղաղության օրակարգին, բայց նույնիսկ այստեղ է «բորշել», քանզի «խաղաղության օրակարգի» կյանքի կոչումը Նիկոլը տեսնում է իրարամերժ՝ արևմտյան ու ռուսական հարթակներում։ Ասում է՝ երկու հարթակին էլ հավատարիմ եմ։ Եվ դա այն դեպքում, երբ Արևմուտքն ու Ռուսաստանը միմյանց դեմ պատերազմում են։ Մոսկովյան եռակողմ և պրահյան քառակողմ համաձայնություններին միաժամանակ «այո» ասելը գործնականում նշանակում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի օրակարգ։

Նիկոլ Փաշինյանը պատերազմի ու պարտության կուսակցության առաջնորդն է։ Նա շատ լավ գիտի, թե ինչ է բերել ու բերելու հայ ժողովրդի գլխին։ Դրա համար էլ «էս գլխից» ազդարում է Հայաստանին սպասվող կատաստրոֆայի մասին, որպեսզի հետո կրկին հնարավորություն ստանա «կրուտիտ» լինել, թե բա՝ ես զգուշացրել էի, ես ի՞նչ կարող էի անել։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ, Հայաստանը դարձրել է հակառուսական մանրադրամ ու մեր երկիրը կանգնեցրել կրախի առաջ։ Սա նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունը փոխելն այն անհրաժեշտ նվազագույն նախապայմանն է, որի բավարարումից հետո է հնարավոր խաղաղություն ու հաղթանակ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը