Տնտեսական

18.10.2023 18:43


«Պեˊնդ կացիք, մունք ծըզնը հետնք». Ամերիաբանկը 100 մլն դրամ է ուղղում արցախցիների աջակցությանը

«Պեˊնդ կացիք, մունք ծըզնը հետնք». Ամերիաբանկը 100 մլն դրամ է ուղղում արցախցիների աջակցությանը

Ամերիաբանկը ստեղծել է աշխատանքային խումբ, որը հոկտեմբերի 18-ին ուղևորվել է Շիրակի մարզ՝ անձամբ ծանոթանալու և տեղում գնահատելու Արցախից տեղահանված և մարզի վեց համայնքներում ապաստանած ընտանիքների առաջնային կարիքները: Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված հայտարարության համաձայն՝ Ամերիաբանկը Շիրակի Անի, Ախուրյան, Գյումրի, Աշոցք, Ամասիա և Արթիկ համայնքներում ապաստանած արցախցի հայրենակիցների աջակցությանը կուղղի 100 միլիոն դրամ:

Ծրագրում ներառված են վերոնշյալ համայնքներում ապաստանած միակողմանի/երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:

«Որպեսզի մեր աջակցությունը կրի համակարգված և հասցեական բնույթ, մենք առանձնացրել ենք այն ընտանիքները, որոնք այս պահին հատկապես ունեն մեր աջակցության և հոգատարության կարիքը»,-ասված է հայտարարության տեքստում:

Ավելի վաղ Ամերիաբանկը հայտարարել էր ևս մեկ արցախցիներին ուղղված հատուկ նախաձեռնության՝ «Ամերիա Սերունդ, Արցախ» հատուկ ուսումնական ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված է 18-35 տարեկան արցախցիների համար: Ծրագրի մասնակիցները կստանան 1,5 ամիս մասնագիտական ինտեսիվ ուսուցում Երևանում և ամսական 200,000 ՀՀ դրամ (ներառյալ եկամտային հարկը և պարտադիր այլ վճարները) աշխատավարձ ուսուցման ընթացքում: Կրթական ծրագրի անհրաժեշտ փուլերը հաջողությամբ անցնելուց մասնակիցները կստանան հավաստագիր ծրագրին մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև՝ հնարավորություն շարունակելու մասնագիտական ուղին, աշխատելու ոլորտի պրոֆեսիոնալների հետ և հաջողելու պարագայում դառնալու Ամերիա ընտանիքի մի մասը կամ աշխատելու այլ կազմակերպություններում:

Այս խորագրի վերջին նյութերը