Մեկնաբանություն

24.11.2023 15:08


Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է թուրքական մուտքն ու ռուսական ելքը

Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է թուրքական մուտքն ու ռուսական ելքը

2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը պաշտոնական ու հրապարակային տեսք տվեց դեպի Արևմուտք, ավելի ճիշտ՝ դեպի Թուրքիա գնալու, Հայաստանը հակաիրանական ու հակառուսական գործիք դարձնելու իր քաղաքականությանը։

Միշելի, Մակրոնի, Էրդողանի ու Ալիևի հետ Նիկոլի երկկողմ, քառակողմ և բազմակողմ հանդիպումները կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին էին։ Ըստ այդմ՝ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, Հայաստանը դուրս եկավ 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից։

Պրահյան գործընթացի առաջին մասն արդեն ավարտվել է։ Արցախը հայաթափվել է։

Հիմա եկել է Նիկոլի՝ Պրահայում տված խոստումների երկրորդ մասն ապահովելու ժամանակը։ 1–ին մասում խնդիր էր դրվել դուրս բերել ռուսական խաղաղապահներին Արցախից։ Դրա համար պետք էր, որպեսզի Արցախում հայ չմնա՝ «Չկան հայեր, չկա նաև խաղաղապահների կարիք» տարբերակով։ Այդ խնդիրը Նիկոլը լուծեց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով։ Դրանից հետո Ալիևին մնում էր գնալ պաշարման ու էթնիկ զտման։

Պրահայում տեղի ունեցածի երկրորդ մասը վերաբերում է Հայաստանին։ Նիկոլի վրա խնդիր է դրվել հեռացնել ռուսական զորքերին նաև Հայաստանից։ Դա նշանակում է, որ ՀՀ–ն պետք է դուրս գա ՀԱՊԿ–ից ու վերացնի Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազան։ Նիկոլը հենց դա էլ անում է։ Այն դեմարշը, որն անում են Նիկոլն ու իր դրածոները ՀԱՊԿ–ի դեմ՝ նպատակ ունի խզել հայ–ռուսական հարաբերությունները։ Արևմուտքին պետք է որպեսզի Հայաստանը դառնա հակառուսական ու հակաիրանական պլացդարմ։ Նիկոլը դա ապահովում է՝ իր անձնական անվտանգության ապահովման երաշխիքների դիմաց։ Այդ գործընթացի տարածաշրջանային օպերատորն ու շահառուն Թուրքիան է։ Էրդողանի ստանալիք բոնուսը Հայաստանն է (Ադրբեջանն իր բոնուսը ստացել է՝ ի դեմս Արցախի)։

Նիկոլենք հայ ժողովրդի միամիտ հատվածին փորձում են համոզել, թե իբր ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ–ից, այլ վերջինս է դուրս գալիս Հայաստանից, բայց դա դեմագոգիկ բառախաղ է։ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի ՀԱՊԿ–ը հայտարարի ՀՀ–ի հետ համագործակցության դադարեցման մասին, որ իր խոսքերը ճիշտ դուրս գան։

Ինչ մնում է Նիկոլի դրսի տերերին, ապա նրանք Նիկոլին բելառուսական Տիխանովսկայայի ճակատագիր են խոստացել միայն հակառուսական քայլերն ամբողջությամբ իրականացնելուց հետո։ Իսկ թե ինչ կլինի այդ ամենից հետո Հայաստանի հետ, դա արդեն բացառապես ՀՀ քաղաքացիներին պետք է մտահոգի։ Դրսի ուժերն ու հատկապես Թուրքիան, թքած ունեն այն բանի վրա, թե արդյոք Նիկոլի քայլերից հետո Հայաստանը քարտեզի վրա կմնա՞, թե՞ ոչ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը