Մեկնաբանություն

28.11.2023 17:32


Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ)

Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկնել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ հայտարարելով, որ իրենք բազմիցս են ասել, որ ճանաչում են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս: Ալենը դա ասում էր այնպիսի էնտուզիազմով և այնպիսի հպարտությամբ, ինչպիսի էնտուզիազմով ու հպարտությամբ ինքն ու իր ընկերներն էին մի ժամանակ հայտարարում, որ Աղդամն իրենց հայրենիքն է ու «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»:

Տեղին է հիշեցնելը նաև, որ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՔՊԿ-ն, մասնակցում էր Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, «Անջատում՝ հանուն փրկության» բանաձևին կողմ լինելու, Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու մասին թեզերով:

2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ խաբելով իր ընտրողներին, Ադրբեջանին հնարավորություն տալով պաշարելու և հետագայում հայաթափելու Արցախը:

Հիմա սրանք հայտարարում են, որ իրենց հայրենիքը 29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի Հանրապետությունն է: Դա նշանակում է, որ 29.800 քառակուսի կիլոմետրանոց ՀՀ-ին վտանգ է սպառնում, քանզի իրենց ասածները միշտ հակառակ նշանով են կյանքի կոչվում:

Ասացին՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ու ... տվեցին Արցախի վերջը: Այժմ էլ ասում են՝ «Հայաստանի Հանրապետությունը 29.800 քառակուսի կիլոմետր է, և վե՛րջ»՝ զուգահեռաբար «կադաստրի թուղթ» մուրալով Ադրբեջանից: Այն Ադրբեջանից, որը Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Երևանը՝ «Էրիվան»: Քանի դեռ սրանք իշխանության են, Ադրբեջանի բոլոր պահանջներն ի կատար են ածվում ու ածվելու: Ուստի՝ ՔՊԿ-ին հեռացնելն ազգային անվտանգության խնդիր է:

Ալենի, Նիկոլի ու ՔՊԿ-ական կարկառունների համար հայրենիքը ոչ թե պետությունն է, այլ պետության հաշվին սեփական կաշվի համար տեղ ապահովագրելը, թեկուզև՝ Թուրքիայում:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ. ԱԺ խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ չէ, քանզի խաբել է ժողովրդին, հետևաբար՝ այս խորհրդարանը պետք է լուծարվի, լինեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ և ՔՊԿ-ն վռնդվի պետական կառավարման համակարգից:

Այս խորագրի վերջին նյութերը