Մեկնաբանություն

03.01.2024 16:11


Նիկոլ Փաշինյանի «Ապագա չկա»–ն

Նիկոլ Փաշինյանի «Ապագա չկա»–ն

2023–ը բոլոր առումներով խայտառակություն էր։ Կորցրեցինք Արցախը։ Նիկոլը դեռ մնաց վարչապետի աթոռին։ Այս երկու փաստն արդեն հերիք է անցած տարին լիակատար խայտառակություն համարելու համար։

Խայտառակ տարին խայտառակ վերջաբան ունեցավ։ Գարեգին Բ–ի ուղերձը չհեռարձակվեց Հանրային կոչվող հեռուստատեսությամբ։ Բացի այդ՝ Նիկոլի ամանորյա ուղերձը «Ապագա չկայի» մասին էր և չարագուշակ՝ Հայաստանի համար։

Նիկոլն իր ուղերձում մի քանի բառ օգտագործեց, ինչը լրջորեն պետք է մտահոգի ուղեղ ունեցողներին։ Բայց նախ չօգտագործածի մասին։ Նիկոլի շուրթերից բացակայում էր «Արցախ» բառը։ Նա գրեթե չէր թաքցնում իր ուրախությունը, որ Արցախը կորցրել ենք։ Նա ուզում էր ասել, որ Արցախը կորցնելով՝ Հայաստանն ենք գտել։ Բայց դա ոչխարների համար նախատեսված ձևակերպում էր։ Նա խոսեց փախստականների մասին, բայց այնպես, կարծես այդ փախստականներն օդից են ընկել, այլ ոչ թե իր ու Ալիևի հանցավոր համաձայնության արդյունքում առաջացել։

Ինչ մնում է օգտագործած բառերին, ապա դրանք «ինքնիշխանությունը», «անկախությունը», «ներողությունն» են։ Դա նշանակում է, որ Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը 2024–ին լուրջ վտանգներ են սպառնում։ Դե իսկ «ներողությունն» էժանագին փիառ քայլ էր, նաև՝ ցինիզմի դրսևորում։ Նա ներողություն էր խնդրում անկապ ենթատեքստով, մինչդեռ իրական ներողությունը կլիներ «ս» գրելն ու ստորագրելը, այն է՝ քաղաքականությունից ու պետության ղեկից կամովին հեռանալը։ Եվ այդ դեպքում հայ ժողովուրդը միգուցե ներեր նրան։ Իսկ այսպես նա հակադրում է իր ու մեր պետության գոյությունը։

2024–ը բարդ տարի է լինելու։ Եթե Նիկոլը խոսում է ինքնիշխանությունից ու անկախությունից, նշանակում է այդ երկուսի գլխին էլ սև ամպեր են կուտակվելու։ Եթե խոսում է խաղաղությունից, ուրեմն պատերազմ է բերելու։ Նա իր կաշին փրկելու համար մեր անկախությունն ու ինքնիշխանությունն աճուրդի է հանել։ Հայ ժողովրդի խնդիրը, հետևաբար, Նիկոլին վռնդելն է լինելու 2024–ին։ Նիկոլով ապագա չկա։ Ապագան առանց Նիկոլ է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը