Տնտեսական

11.01.2024 10:58


Բյուջեից 57.5 միլիոն կհատկացվի ոստիկանների ամառային համազգեստի համար

Բյուջեից 57.5 միլիոն կհատկացվի ոստիկանների ամառային համազգեստի համար

ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի որոշմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում ներդրվեց ամառային համազգեստի տարբերակներ: 2022-2023 թվականների ընթացքում՝ ամառային համազգեստի կրման ժամանակահատվածում, պարզվեց, որ համազգեստը որոշ ժամանակ արևի ճառագայթների տակ կրելիս, համազգեստի բաղադրությունում առկա բամբակի մեծ պարունակությամբ պայմանավորված, այն ժամկետից շուտ կորցնում է իր գունային հատկությունները՝ նրանցում առաջացնելով այլ գունային երանգներ:

Բացի այդ, «Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» անվանումներով համազգեստը ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացվում է տարեկան մեկ հատ, որն, ամենօրյա ռեժիմով կրելու դեպքում, շուտ է շարքից դուրս գալիս։ Միաժամանակ, անձնակազմը չունի փոխարինող համազգեստ:

Ըստ գործող որոշման՝ «Մարտաբաճկոն» հատկացվում է միայն հատուկ ստորաբաժանումների զինծառայողներին, սակայն ծառայողամարտական գործունեության ընթացքում, ստորաբաժանումներին առաջադրվող խնդիրներից ելնելով, պարզ է դարձել, որ անհրաժեշտ է, որպեսզի հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները նույնպես կրեն «Մարտաբաճկոն», որի վրա հարմարեցվում են այն բոլոր պարագաները, որոնք ստանում են զինծառայողները՝ իրենց առջև դրված խնդիրների կատարման համար:

Նշվածը հաշվի առնելով՝ կառավարությունը ներկայացրել է նախագիծ, որով նախատեսվում է ոստիկանության զորքերի ամառային համազգեստը ձեռք բերել այնպիսի բաղադրությամբ կտորից, որը կապահովի համազգեստի կրման հարմարավետություն և տեսքի պահպանման երկարակեցություն, ինչպես նաև փոխարինող համազգեստ ունենալու պարագայում կպահպանվեն հիգիենայի կանոնները։

Հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները նույնպես կապահովվեն համապատասխան համազգեստի տեսակով, որը հարմարավետ կդարձնի նրանց ծառայողամարտական գործունեության իրականացումը՝ հատկացվող անհրաժեշտ զենքի, հատուկ միջոցների և անհրաժեշտ պարագաների ծառայության ընթացքում կրման ժամանակ:

Նախագծի ընդունմամբ «Տաբատ՝ ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» համազգեստի ձեռքբերման համար կառաջանա 57․5 մլն ՀՀ դրամի գումարի լրացուցիչ պահանջ, որը կիրականացվի ՀՀ ներքին գործերի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը