Մեկնաբանություն

09.03.2024 14:32


ՔՊԿ-ն տրանսպորտը թանկացնում է գիշերով՝ մթության քողի տակ

ՔՊԿ-ն տրանսպորտը թանկացնում է գիշերով՝ մթության քողի տակ

Երևանու ավագանիում ձևավորված ՔՊԿ–ական իշխանությունը (դրա մաս են կազմում «քույրիկ» Արամի կուսակցությունը և «Հանրային ձայնի» թրաֆիքինգի ենթարկվածները) քաղաքային տրանսպորտի թանկացման նախագիծ է ներկայացրել։ Առաջին նախագիծը, որը նախատեսում էր մինչև 260 դրամ թանկացում 100 դրամի փոխարեն, մեծ հակազդեցություն առաջացրեց։ Այդ հակազդեցությունից հետո Տիգրան Ավինյանը հետ քաշվեց։ Խոստացան վերանայել որոշումը, բայց իրականում չվերանայեցին։ Ընդամենը մի քանի կոսմետիկ փոփոխություն են իրականացրել, մի փոքր «էժանացրել» են իրենց նախնական ներկայացրած թվերից, բայց միևույն է թանկացրել են քաղաքային տրանսպորտը։

Ուշագրավն այն է, որ Երևանի ավագանու համապատասխան հանձնաժողովի՝ մարտի 7–ի նիստի սկզբնական օրակարգում տրանսպորտի թանկացման նախագիծը չկար։ Այն բերեցին նիստից մեկ ժամ առաջ։ Բուն նիստը տևեց մինչև մարտի 8–ի գիշերվա 2–ը, ինչն աննախադեպ է։

Հիմնականում «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն էին հանձնաժողովի նիստի ժամանակ կռիվ տալիս այդ թանկացումների դեմ։ Ընդդիմադիրների տված հարցերից, ստացած պատասխաններից ու բացահայտումներից պարզ դարձավ, որ Տիգրան Ավինյան–Սուրեն Գրիգորյան զույգը՝ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ, քաղաքային տրանսպորտը թանկացնում է, քանզի

–չի կարողանում ստվերի դեմն առնել,

–չի կարողանում բարեփոխել տրանսպորտային համակարգը,

–չի կարողանում անարդյունավետ կառավարում իրականացնել,

–նոր ավտոբուսների բերելու ծախսն ուզում է հանել ժողովրդի գրպանից,

–ուզում է փող աշխատել։

Չներկայացվեց ոչ մի առարկայական հիմնավորում, թե ինչու են որոշել թանկացնել և ինչու՝ հենց այդ չափով։ Սրանց միակ փաստարկն այն է, որ եթե ավտոբուսներ ենք բերել, ուրեմն պետք է քաղաքացին թանկ վճարի դրա համար։

Ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է քաղաքային տրանսպորտի գների վերաբերյալ սեփական նախագիծը, որի մեխն այն է, որ տրանսպորտից օգտվելու գինը չպետք է բարձրանա, իսկ եթե քաղաքացին օրվա մեջ 4 անգամից շատ է օգտվում տրանսպորտից, ապա գինն այդ դեպքում 100 դրամից էլ պակաս պետք է լինի։

«Մայր Հայաստանի» ներկայացրած նախագծի փիլիսոփայությունն այն է, որ տրանսպորտից օգտվելը լայն սոցիալական խնդիր է, և համայնքը, պետությունը պետք է ֆինանսական հատկացմամբ փոխհատուցեն գինը։ Բացի այդ՝ «Մայր Հայաստանն» առաջարկում է բարեփոխել տրանսպորտային համակարգը, ինչը զգալիորեն կիջեցնի ինքնարժեքը և կիրականացվի ֆինանսների արդյունավետ կառավարում։

«Մայր Հայաստանի» նախագիծով տրանսպորտից օգտվելու արտոնյալ պայմաններ են ստանում թոշակառուները, ինչպես նաև 1–ին, 2–րդ, 3–րդ կարգի հաշմանդամները․ նրանց համար տրանսպորտը պետք է լինի անվճար։ Քաղաքացին այդ նախագծի համաձայն կարող է ընտրություն կատարել՝ կա՛մ օգտվել այսօր գործող գներից ու մեկանգամյա վճարումներ կատարել ավտոբուսի, մետրոյի (100 դրամ) և տրոլեյբուսի (50 դրամ) համար, կա՛մ գնել քարտեր ու անսահմանափակ օգտվել տրանսպորտից՝ ավելի էժան գնով։

Եթե քաղաքացին օրվա մեջ 4 անգամից շատ է օգտվում տրանսպորտից, ապա իրեն ձեռնտու կլինի գնել քարտեր։ «Մայր Հայաստանն» առաջարկում է անսահմանափակ քանակով մետրոյից, ավտոբուսից, տրոլեյբուսից միասնական տոմսային համակարգից օգտվելու դեպքում հետևյալ գները՝

–1 օրվա համար՝ 400 դրամ,

–7 օրվա համար՝ 2.000 դրամ,

–30 օրվա համար՝ 5.500 դրամ,

–180 օրվա համար՝ 20.000 դրամ,

–365 օրվա համար՝ 35.000 դրամ։

Նիկոլենց առաջարկած գները մի քանի անգամ գերազանցում են «Մայր Հայաստանի» առաջարկած գներին և նախատեսում են թանկացումներ։

Ուշագրավն այն է, որ քաղաքային իշխանությունը «Մայր Հայաստանի» նախագիծը չի ներառել ո՛չ հանձնաժողովի նիստի քննարկմանը, ո՛չ մարտի 12–ին նախատեսվող ավագանու նիստի օրակարգում, ինչը բացահայտ ապօրինություն է։

Եվ այսպես, տրանսպորտի թանկացման գիշերային որոշումը ՔՊԿ–ն հանձնաժողովում կայացրեց։ Իրական ընդդիմության միակ գործիքն այս պայմաններում այդ հարցի քվեարկության ժամանակ քվորում չապահովելն է։

Ըստ ՔՊԿ–ական նախագծի՝ թանկացումները լինելու են սեպտեմբերի 1–ից։ Ժողովրդին պետք է կազմակերպել՝ այդ թանկացման դեմն առնելու համար։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը