Աշխարհ

04.04.2024 12:26


Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհված զինծառայողների թիվը հասել է հինգի

Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհված զինծառայողների թիվը հասել է հինգի

Իրանի իրավապահ ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հինգ անդամներ են զոհվել երկրի հարավ-արևելքի Սիստան և Բելուջիստանի նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքների ռազմական և ոստիկանական օբյեկտների վրա ահաբեկիչների զինված հարձակումների հետևանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին։

«Զոհվել են անվտանգության ուժերի հինգ աշխատակիցներ, ևս տասը վիրավորվել են»,-ասել է նա:

Փոխնախարարը նաև հայտնել է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է ութ ահաբեկիչ, «Ռասկում մի շարք զինյալներ շրջապատված են անվտանգության ուժերի կողմից և շուտով կա՛մ կձերբակալվեն, կա՛մ կոչնչացվեն»։

Ավելի վաղ հաղորդվել էր անվտանգության ուժերի զոհված երեք աշխատակիցների մասին։

Ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալի խոսքով՝ Չաբահարում ԻՀՊԿ-ի շտաբի վրա հարձակվելու փորձից հետո զինյալները «ներխուժել են բնակելի շենքերից մեկը և պատանդ վերցրել մի քանի մարդու»։ ԻՀՊԿ զինծառայողները նրանց ազատելու գործողություն են իրականացնում։ Պաշտոնյան հավելել է, որ Ռասկ քաղաքում ոստիկանական բաժանմունքի տարածք ներթափանցման փորձը կանխվել է։

Իրանի իշխանությունների տվյալներով՝ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Ջեյշ ազ Զոլմ» ահաբեկչական խմբավորումը՝ իսլամիստական մարտական կազմակերպություն, որը հիմնականում գործում է Իրանի հարավ-արևելքում:

Փետրվարի 23-ին, ըստ Mehr գործակալության տվյալների, Իրանի հատուկ ծառայությունները երկրի հարավ-արևելքում իրականացրած գործողության ընթացքում ոչնչացրել են «Ջեյշ ազ Զոլմ» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Իսմայիլ Շահ Բախշին և նրա հանցակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը