Քաղաքական

20.01.2025 17:47


Ի՞նչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը. ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է բանակցության օրակարգը

Ի՞նչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը. ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է բանակցության օրակարգը

Ռուսաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է այն հարցերը, որոնք քննարկվելու են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ։

ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, Միրզոյանը հունվարի 21-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում և հանդիպում կունենա Լավրովի հետ։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ»,–ասված է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ:

Ըստ գերատեսչության`ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասի իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։

«Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կանցնի կառուցողական հունով, կօգնի առաջ մղել փոխգործակցության գործնական հարցերը, կնպաստի Անդրկովկասի անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-հավելել են նախարարությունում:

Նշենք, որ նախարարները վերջին անգամ երկկողմ հանդիպում են անցկացրել 2023 թվականի նոյեմբերին Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի շրջանակում։

Հիշեցնենք` Լավրովը հունվարի 14-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի բարդություններ կան, բայց երկխոսությունը շարունակվում է, և առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը