Տնտեսական

12.06.2025 12:56


Գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել. «Փաստ»

Գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել. «Փաստ»

Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որը ոչ միայն ապահովում է սննդամթերքի մատակարարումը, այլև նպաստում է տնտեսական կայունությանը, սոցիալական բարեկեցությանը և բնապահպանական հավասարակշռությանը։ Անասնապահության դերը սննդի անվտանգության ապահովման գործում առանձնահատուկ է, քանի որ այն անմիջականորեն կապված է մարդու առողջության, սննդի որակի և մատչելիության հետ։ Հայաստանի անասնապահության ոլորտում վերջին տարիների զարգացումները, հատկապես անցած տարվա ընթացքում արձանագրված միտումները, բացահայտում են մի շարք խորը համակարգային խնդիրներ, որոնց լուծման բացակայությունը կարող է հեռանկարում ստեղծել լուրջ բարդություններ ինչպես գյուղատնտեսական ոլորտի, այնպես էլ սննդային անվտանգության համակարգի համար։

Վիճակագրական տվյալները վկայում են, որ գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել, բացառությամբ տնային թռչունների և ձիերի։ Հետաքրքրական է, որ այծերի գլխաքանակը աճել է 4,1 անգամ, ինչը պայմանավորված է հիմնականում Սյունիքի և Վայոց ձորի տարածաշրջաններում իրականացվող ծրագրերով։ Սակայն այս աճը դեռևս չի փոխհատուցում ամբողջ համակարգում արձանագրված ընդհանուր անկումը և չի ապահովում բավարար հենարան ընդհանուր շուկայի կայունության համար։

  • Խոշոր եղջերավոր անասուններ՝ նվազել է 3,6%

  • Կովեր՝ 4,9%

  • Խոզեր՝ 1,8%

  • Ոչխարներ՝ 3,2%

  • Այծեր՝ 11,6%

  • Տնային թռչուններ՝ 7,4%

  • Ձիեր՝ աճել է 9,3%

Այս թվերը ցույց են տալիս, որ թե՛ կաթնատու, թե՛ մսատու կենդանիների պահպանումը Հայաստանում շարունակում է դժվարանալ։ Իսկ կովերի թվի նվազումը անմիջականորեն ազդում է կաթնամթերքի արտադրության վրա, ինչն արդեն արտահայտվում է կաթի պակասով և դրա փոխարինման փորձերով։

Միևնույն ժամանակ, նկատելի է, որ փոքր անհատական տնտեսությունները աստիճանաբար դուրս են մղվում շուկայից, իսկ ոլորտում աճում է խոշոր առևտրային ընկերությունների ազդեցությունը։ Տնային տնտեսություններում գրանցված այս անկման ֆոնին, որոշակի աճ է արձանագրվել առևտրային կազմակերպությունների կողմից պահվող անասունների գլխաքանակում.

  • Խոշոր եղջերավոր անասուններ՝ աճ՝ 36,3%

  • Կովեր՝ 18,8%

  • Տնային թռչուններ՝ 12,8%

Այս միտումը հղի է լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներով, որոնցից գլխավորը շուկայի օլիգոպոլացման և գների աճի վտանգն է։ Խոշոր ընկերությունների կենտրոնացումը ոլորտում ստեղծում է օլիգոպոլ պայմանավորվածությունների վտանգ։ Մրցակցության բացակայության պայմաններում, խոշոր ընկերությունները կսկսեն թելադրել իրենց ձեռնտու գները՝ անկախ առաջարկի և պահանջարկի բնական շարժումներից։

Անասնապահության ոլորտի ներկայացուցիչները ընդգծում են, որ այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկը պետության անտարբերությունն է։ Հայաստանը չունի հստակ պետական ռազմավարություն կաթնատու և մսատու կենդանատեսակների բուծման ուղղությամբ, բացակայում են համապարփակ ծրագրեր, հարմարեցված տեղական բնակլիմայական պայմաններին։ Արդյունքում տեղի է ունեցել տեղական անասունների ցեղատեսակների դեգրադացիա, կաթնատվության և մսատվության անկում։ Այս բացը փորձում են լրացնել ներկրված գենետիկ նյութերով, որոնք հաճախ անհամարժեք են տեղական պայմաններին, ինչի հետևանքով ֆերմերները կանգնում են նոր ռիսկերի և ծախսերի առաջ։

Կաթնամթերքի շուկայում առաջացած իրավիճակը հանգեցնում է նրան, որ արտադրողները ստիպված են կաթի պակասը լրացնել կաթի փոշու կամ այլ փոխարինիչների միջոցով, որոնք կարող են ստեղծել առողջական խնդիրներ։ Բացի այդ, էժան կաթի փոշու ներմուծումը հարվածում է տեղական արտադրողներին, որոնք ապահովում են որակյալ մթերք։

Խոզաբուծության ոլորտը ևս ունի չլուծված խնդիրներ։ Հայաստանը մեծ քանակությամբ ներկրում է կենդանի խոզ և պաղեցված միս, հիմնականում՝ Ռուսաստանից։ Այս միսը հաճախ վաճառվում է որպես տեղական արտադրանք, ինչի հետևանքով տեղական արտադրողները չեն կարողանում դիմակայել ցածր գնային մրցակցությանը։ Խոզի մսի ինքնարժեքը բարձր է, և նույնիսկ խոշոր խոզաբուծարանները դժվարությամբ են մնում շուկայում։ Վիճակագրական տվյալներով՝

  • 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 182,315 գլուխ խոզ

    • 134,961՝ անհատական տնտեսություններում

    • 47,354՝ առևտրային կազմակերպություններում

Սա վկայում է, որ անկման միտումը համատարած բնույթ ունի։

Ի տարբերություն, թռչնաբուծության ոլորտում դիտվում է հակառակ պատկերը։ Թռչնամիսը մնում է ամենամատչելի սպիտակուցային աղբյուրը, և կանխատեսվում է, որ թռչնամսի սպառումը կշարունակի աճել։ Սա ոչ միայն արձագանք է տնտեսական իրավիճակին, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության ցուցիչ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի անասնապահության ոլորտում առկա համակարգային խնդիրները պահանջում են պետական ռազմավարական մոտեցում։ Անհատական ֆերմերների նահանջը և խոշոր ընկերությունների դիրքերի ուժեղացումը ցույց են տալիս, որ առանց պետական միջամտության շուկան կգնա դեպի օլիգոպոլ մոդել՝ սահմանափակ մրցակցությամբ և բարձր գներով։

Պետական մակարդակով անհրաժեշտ է մշակել ցեղային բարելավման ծրագրեր, հարմարեցված տեղական պայմաններին՝ կանխելու դեգրադացիան։ Առանց նման քաղաքականության կաճի ներմուծման կախվածությունը, հատկապես՝ կաթի փոշու, խոզի մսի, և այլ փոխարինիչների մասով։

Սրան գումարվում են նաև սննդի անվտանգության հետ կապված վտանգները։ Տեղական արտադրության շարունակական կրճատումը նշանակում է, որ արտակարգ իրավիճակներում Հայաստանը կունենա սննդամթերքի նվազ ինքնաբավության մակարդակ, ինչը կարող է դառնալ լրջագույն մարտահրավեր։

Անասնապահությունը կենսական նշանակություն ունի գյուղական համայնքների կենսունակության պահպանման համար, ներառյալ՝

  • բնակչության պահանջների բավարարում

  • աշխատանքի ապահովում

  • եկամուտների ստացում

  • արտադրանքի թողարկում

Բացի արտադրանքից, շատ կարևոր է արտադրանքի բարձր որակը, սննդի անվտանգության վերահսկողությունը, հատկապես՝ մսամթերքի մթերման դեպքում։ Այս հարցում ՍԱՏՄ-ն ունի էական դեր, սակայն վերջին շրջանում վերահսկողությունը թուլացել է, առաջացել են բացեր և նույնիսկ տոտալ ձախողումներ։

Այս խորագրի վերջին նյութերը