Լրահոս

27.01.2012 14:48


Վարդան Բոստանջյան. «ԲՀԿ–ն հասարակության մեջ մեծ հեղինակություն ունի, և դա իսկապես այդպես է»

Վարդան Բոստանջյան. «ԲՀԿ–ն հասարակության մեջ մեծ հեղինակություն ունի, և դա իսկապես այդպես է»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

Բանախոսը նշել է, որ ԲՀԿ–ն հասարակության կողմից գնահատվող ուժ է.

–Կարծում եմ՝ ԲՀԿ–ն ավելի ճոխ, ավելի լայն դաշտով է հասարակության խնդիրներին մոտենում, և այդ ամենը բերել է նրան, որ կուսակցությունն ընտրողների շրջանում մեծ հեղինակություն ունի, և դա իսկապես այդպես է. դա շինծու չէ, ձևական չէ։

Հարցին՝ արդյոք ԲՀԿ–ականների վրա ճնշումներ չկա՞ն իշխանությունների կողմից, մասնավորապես եթե դիտարկենք Արարատում նոր ոստիկանապետի (Կարեն Խաչատրյան) նշանակումը, ով ավելի վաղ ԲՀԿ–ական էր, Բոստանջյանը պատասխանել է.

–Կարծում եմ, որ, ըստ տրամաբանության, ըստ էթիկայի, այդպիսի բան չպետք է լինի, բայց դուք շատ եք այդ մասին ասում, ու երևի դա իրականությանը համապատասխանում է։

Հարցին՝ արդյոք այն հանգամանքը, որ երեկ ԲՀԿ–ն միացավ ՀՅԴ–ի և «Ժառանգության»՝  100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությանը, չի կարելի դիտարկել որպես ԲՀԿ–ի պատասխան իր վրա գործադրվող ճնշումներին, Բոստանջյանը պատասխանել է.

–Մենք չենք առաջնորդվում նման ինտրիգներով, րոպեական որոշումներով։ Կան ավելի մակարդակային, բարձր մարդիկ, որոնք ավելի առողջ տրամաբանությամբ են առաջնորդվում։ Հասարակության մեջ այսօր մեծ հնչեղություն է ստացել 100%–անոց համամասնական ընտրակարգի հարցը։

Անդրադառնալով 100%–անոց համամասնական ընտրակարգի նպատակահարմարությունը պարզելու համար համապետական հանրաքվեի անցկացման հարցին՝ Բոստանջյանը նշել է, որ մենք ունենք միայն տեղական ինքնակառավարման մակարդակով հանրաքվեի ինստիտուտ, իսկ համապետական մակարդակով նման հանրաքվե անկացնելու իրավական հիմքեր չունենք.

–Եթե ունենայինք էլ, այս կարճ ժամանակահատվածում ես ձեզ հավատացնում եմ, որ տեխնիկապես հնարավոր չէր լինի անցկացնել այդ հանրաքվեն ու անմիջապես տեսնել դրա արտացոլումն Ընտրական օրենսգրքում։ Իսկ ընդհանուր առմամբ, հանրաքվեի անցկացումն այս դեպքում լրիվ տեղավորվում է տրամաբանության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը