Կարծիք

15.05.2009 17:41


Ազատական ազգայնականության որոշ դրույթներ

Ազատական ազգայնականության որոշ դրույթներ

            Ի հավելումն նախորդ շաբաթվա նյութիս, ինչպես և ակնակրկել էի վերջինիս ավարտին, ներկայացնեմ «ազատական ազգայնականության» մի շարք թեզիսային դրույթներ: Նախորդ նյութս ավելի քննադատական էր, իսկ այսօրվանն արդեն վերաբերում է հաստատումներին: Բնականաբար, ներկայացվելիք դրույթներն ամբողջական ու կատարյալ լինելու հավակնություն չունեն: Դրանք սոսկ նախնական մտքեր են, որոնց նպատակն է նախանշել հետագա` կոլեկտիվ մտորումների ուղղություններից մի քանիսը:

            Նախքան բուն դրույթներին անցնելը` ուզում եմ մի փոքրիկ մեջբերում անել հին հունական պարզ մի տեքստից, որը պատմում է բռնակալությունների դեմ հին հույների պայքարի մասին: «Հները` բռնակալությունը (տիրանիան) անարդար իշխանություն էին համարում, որովհետև բռնակալներն ազնիվ քաղաքացիներին արտաքսում էին հայրենիքից, սպանում էին հակառակվողներին և ոչնչացնում օրենքները: ....Քանի որ աթենացիները սիրում էին հայրենիքն ու ազատությունը...., նրանք ոչնչացնում էին բռնակալությունները...»: Կարելի է այս պարզ տեքստը արքետիպային համարել ողջ եվրոպական քաղաքակրթության համար, որի մասն է նաև հայկական մշակույթը: Հայրենիքն ու ազատությունն իրար հետ սերտորեն կապված, նույն սկզբունքից աճած հասկացություններ են: Հայրենիքի գաղափարարը պատմականորեն ծնվել է ազատ ժողովուրդների շրջանում' ի հակադրություն բռնակալությունների և կայսրությունների: Բռնակալությունը հակադրված է ազատ հասարակարգին` որպես օրենքները ոչնչացնող համակարգ: Ով սիրում է ազատությունն ու հայրենիքը, նա ոչնչացնում է բռնակալությունները: Որևէ տարածք հայրենիք է դառնում միան այն ժամանակ, երբ ազատ է: Բայց ես արդեն, փաստորեն, անցա բուն դրույթներին: Որո՞նք կարող են լինել դրանք ըստ իս:

            Քաղաքացիական ազատությունն ազգային անվտանգության հարց է: Որպես այդպիսին` այն պակաս կարևոր չէ, քան արտաքին քաղաքական, ռազմական, տեղեկատվական և այլ անվտանգությունների հարցերը: Իրեն ազգայնական ու հայրենասիրական համարող ուժը պարտավոր է գործուն պայքար մղել հանուն քաղաքացիների իրավունքների պաշտպանության:

            Սահմանադրությամբ ամրագրված հանրապետական հասարակարգը` ժողովրդի ինքիշխանությունը և դրա իրացումը ազատ և արդար ընտրությունների միջոցով, նույնպես ազգային անվտանգության հարց է: Համապատասխանաբար, այդ կարգի նկատմամբ ցանկացած ոտնձգություն` լինի դա զանգվածային ընտրակեղծքիների, թե այլ միջոցներով, մարտահրավեր է ազգային անվտանգությանը և պետք է արժանի հակահարված ստանա իրեն ազգայնական և հայրենասիրական համարող ցանկացած ուժի կողմից (և, ի դեպ, առավել ևս' իրեն Հանրապետական անվանող կուսակցության կողմից):

            Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում չկան առանձին` «ազգային» և «ոչ ազգային» հարցեր. այդ բաժանումն արհեստական է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ «ազգային» հարցեր ասելով` առավելապես հասկանում են արտաքին քաղաքական խնդիրները, ինչը կարող է լինել միայն սեփական երկրին օտարի պարտադրված հայացքով դիտելու արդյունք: Հայաստանին վերաբերող ցանկացած հարց ազգային է:

            Քաղաքացիական հասարակությունից (այսինքն` որպես անկախ պետություն ինքնորոշված ազատ քաղաքացիների ամբողջությունից) դուրս չկա լիարժեք ազգ, իսկ ազատ հասարակարգից դուրս` չկա լիարժեք հայրենիք: Դա չի նշանակում, թե մինչև անկախ պետականություն ձեռքբերելը` հայ ազգ գոյություն չի ունեցել, սակայն նշանակում է, որ օտար (գերազանցապես` կայսերական) տիրապետությունների տակ հայերի գոյության կերպերը  (որպես «միլեթ», «ինորոդեց», կրոնական փոքրամասնություն և այլն) չեն համապատասխանել լիարժեք ազգային հասարակության պահանջներին: Ավանդական հայ ազգայնականությունը ծնունդ է այդ անլիարժեք պայմանների: Նոր ազգայնականությունը պետք է ելնի ինքնիշխան պետության պայմաններից:

            Պետական անկախությունը` առանց քաղաքացիական ազատության, լիարժեք չէ: Ազգային պետությունը կարող է գոյանալ և լեգետիմ` օրինական կարգավիճակ ստանալ միայն ազատական գաղափարի շնորհիվ, որը անհատների և խմբերի ինքնորոշման իրավունք է նախատեսում: Հենց ինքնորոշման, ասել է` քաղաքացիական ազատության սկզբունքն է ընկած անկախ հանրապետության հռչակման իրավական հիմքում: Հետևաբար, երկուսն իրար հետ կապված են անքակտելի փիլիսոփայական, իրավական, հետևաբար նաև` գործնական կապով: Ժխտելով մեկը` անհնար է չժխտել մյուսը և չընկնել տեսական հակասության մեջ` գործնական ծանր հետևանքներով:

            Հետևաբար` անկախությունը ոչ միայն արտաքին հասկացություն է` անկախություն օտար տիրապետությունից, այլև ներքին` ազատ հասարակարգ: Միայն «Ազատ, Անկախ Հայատան» կարգախոսի երկու մասերի իրականացումից հետո կարելի կլինի մտածել նաև Միացյալ Հայաստանի մասին:

            Ճնշելով սեփական քաղաքացիների ինքնորոշումը` հնարավոր չէ ինքնորոշման իրավունքը պաշտպանել միջազգային ատյաններում: Հայկական քաղաքական գործիչներին թվում է, թե կարելի է, երևույթների ներքին տրամաբանությունն ու կապերը խախտելով, հասնել դրական արդյունքների: Կառավարությունը, որը չի ճանաչում և բռնի ուժով ճնշում է սեփական քաղաքացիների ինքնորոշումը (ինքնորոշման իրացման միակ ձևը քաղաքացիների կամքի արտահայտումն է ազատ ընտրությունների միջոցով), չի կարող միաժամանակ արդյունավետ պաշտպանել իր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը:

            Ղարաբաղի հաղթանակը ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական պայքարի արդյունք էր: Ճնշելով հասարակության գործուն մասը` Հայաստանի իշխանությունը կամա թե ակամա հանձնում է Ղարաբաղը: Կարևոր չէ, թե որոշակիորեն ե՛րբ տեղի կունենա հանձնման պաշտոնական արարողությունը: Հիմնվելով ահաբեկման ենթարկվողների վրա և ճնշելով դրան չենթարկվող դիմադրողական տարրին` կառավարությունը հնարավոր պատերազմի ապագա դասալիքներ է ձևավորում և ճնշում է ապագա կամավորական աշխարհազորայիներին: Քանի դեռ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, Ղարաբաղի հարցը հայանպաստ լուծում չունի: Հակառակը` առանց ծայրահեղ քայլերի դիմելու (ասենք, ռազմական ուժի անմիջական կիրառում)` որևէ արտաքին ուժ չի կարող Հայաստանին ստիպել հաշտվելու այնպիսի լուծման հետ, որին Հայաստանի քաղաքացիները` օժտված ընտրության միջոցով իրենց ազատ կամքն արտահայտելու իրական հնարավորությամբ, դեմ լինեն:

            Միայն ազատ հասարակարգ ունեցող Հայաստանը կարող է դիմակայել տարածաշրջանային մրցակցությանը: Ո՛չ բնությունը (բնական պաշարների սակավություն), ո՛չ պատմությունը (փոքր տարածք և թշնամաբար տրամադրված հարևաններ), ո՛չ էլ մեր մշակութային ժառանգությունը (հայկական մշակույթը` որպես արևմտյան քաղաքակրթության մաս) մեզ այլընտրանք չեն ընձեռնել` կամ ազատ հասարակարգ և զարգացում, կամ պարտություն և հերթական կապիտուլյացիա: Այս համատեքստում, իրոք որ, հրատապ է դառնում «մահ կամ ազատություն» կարգախոսը:

            Այսքանի վրա առայժմ կանգ առնենք: Ինչպես միշտ, նյութս սպասվածից ավելի երկարեց, և որոշ` ավելի գործնական դրույթներ չտեղավորվեցին: Բայց կարծում եմ` այս թեմայի շուրջ դեռևս առիթ կլինի խոսալու:

            Հ.Գ. Այս հոդվածը նվիրում եմ իմ նախապապի` Հրանտ Տեր-Աբրահամյանի հիշատակին, որի մահվան 50-րդ տարելիցն է լրանում այս տողերը գրելու պահին: Այս մարդը, որին ես չեմ տեսել, բայց որից ժառանգել եմ անուն-ազգանունս, լիուլի ճաշակել է 1915թ. բոլոր դառը պտուղները` հարազատների և հայրենիքի կորուստ, անծանոթ երկրում միայնակ փախստականի ճակատագիր, թուրքական տանջանքների հետքեր մարմնի վրա և այլն: Ու որպեսզի նման ճակատագրերը հայերի նոր սերունդների համար դադարեն տիպական լինելուց, ըստ իս, անհրաժեշտ է իրականացնել գաղափարական այն վերազինումը, որի դրույթների մի մասը առաջարկված են այս նյութում:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը