Մեկնաբանություն

27.04.2012 14:35


«Անհավանական» պատմություններ

«Անհավանական» պատմություններ

2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ խոսակցություններ տարածվեցին այն մասին, թե ընդդիմադիր դիրքերից հանդես եկող նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը գաղտնի պայմանավորվել է իշխանության հետ և ձայներ է փախցնելու Ստեփան Դեմիրճյանից, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կարողանա վերընտրվել։ 

Ինչպես հայտնի է, Գեղամյանն այդ խոսակցություններն այն օրերին «սև» PR էր համարում և նշում, թե իշխանություններն առաջնորդվում են գեբելսյան հայտնի սկզբունքով, ըստ որի՝ որքան մեծ է սուտը, այնքան ավելի հեշտ է դրան հավատալ։

Գեղամյանը սուտ էր համարում այն, թե իրեն 3 մլն դոլարով են կաշառել, և իշխանությունների հասցեին ինչ ասես չէր ասում։ Սերժ Սարգսյանը, ի պատասխան այդ ամենի, «Ազգային միաբանության» առաջնորդին «դատարկ դհոլ» անվանեց և ավելացրեց, որ Գեղամյանն իր գինն ուղիղ 10 անգամ բարձր է գնահատել։

2003–ի նախագահական ընտրություններից հետո անցան օրեր և տարիներ։ Վերջերս Գեղամյանն իր հարցազրույցներից մեկում փաստացի խոստովանեց, որ 2003թ., Սերժ Սարգսյանի գործուն միջամտության շնորհիվ, ինքը սատարել է իշխանությանը՝ բնակաբար ելնելով ազգային ու պետական շահերից։

«Ես դրա մասին կարող եմ հանգիստ խղճով հայտարարել, որ 2003 թվականին, երբ նախագահական ընտրություններին ես բավական բարձր վարկանիշով մասնակցում էի, չլիներ Սերժ Սարգսյանի աջակցությունը, լայնախոհությունը՝ Ռոբերտ Սեդրակիչը դեռ այն ժամանակ անպայմանորեն կտապալեր այդ գործընթացը և ստիպված կլիներ միայն ու միայն առանձին էլեկտրոնային կայքէջերի սատարել, անվանարկել, շանտաժի ենթարկել քաղաքական գործիչներին»,– անկեղծացել էր Գեղամյանը։

Այսինքն՝ ի վերջո հաստատվեց այն, ինչը մի ժամանակ ժխտվում էր։ Այժմ Գեղամյանը ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քսանյակի մեջ է։

. . .

2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ խոսակցություններ տարածվեցին այն մասին, թե ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը սեփական նախաձեռնությամբ սրճարանում հանդիպել է Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցչի հետ ու ՀՀ–ի վրա «գործ» է տվել՝ անթույլատրելի համարելով Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը։ Ասում էին, թե Բաղդասարյանն օտարերկրյա դիվանագետի հետ հանդիպման ժամանակ ակնկալել է դրսի աջակցությունը։

Ինչպես հայտնի է, Բաղդասարյանն այդ խոսակցություններն այն օրերին «սև» PR էր համարում և նշում, որ իշխանություններն առաջնորդվում են գեբելսյան հայտնի սկզբունքով, ըստ որի՝ որքան մեծ է սուտը, այնքան ավելի հեշտ է դրան հավատալ։

Հետագայում պարզվեց, որ Բաղդասարյանի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցի հետ ունեցած զրույցի մասին լուրերը ոչ թե մտացածին էին, այլ իրականություն, քանզի հանդիպումը փաստող ձայնագրությունը հայտնվել էր Արամ Կարապետյանի «տան դռան փալասի տակ»։ Արթուր Բաղդասարյանին դրանից հետո այլ բան չէր մնում անելու, քան ընդունել, որ իրոք այդ ամենը տեղի է ունեցել։ ՕԵԿ առաջնորդն այդպիսով ընդունեց, որ օտարերկրյա դիվանագետի հետ հանդիպել է և դրսի աջակցություն է խնդրել, բայց չզղջած իր արածի համար և ասաց, որ պայքարելու է իշխանության դեմ՝ 2008–ին առաջադրվելով որպես նախագահի թեկնածու։

Այդպես էլ եղավ։ Արթուրն ընդդիմադիր դաշտից առաջադրվեց որպես նախագահի թեկնածու, ահագին ձայներ հավաքեց ու ... անցավ Սերժ Սարգսյանի կողմը։

«Եթե ես չմիանայի իշխանությանը, ապա մարտի 1–ին զոհերն անհամեմատ շատ կլինեին»,– իր քայլը հիմնավորեց ՕԵԿ առաջնորդը։

Երբեմնի ընդդիմադիր Ա. Բաղդասարյանն այժմ առիթ–անառիթ հայտարարում է, թե ՕԵԿ–ը 2013թ. սատարելու է Սերժ Սարգսյանին, իսկ վերջինս էլ ՕԵԿ–ին համարում է բարոյական քաղաքական ուժ։

. . .

Օրերս «Ռեգնում» գործակալությունը մի լուր տարածեց այն մասին, թե ԱՄՆ պետքարտուղարության և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ թուրքական կողմի երկամսյա խորհրդակցություններից հետո 2012թ. մարտին «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը Լոնդոնում փակ հանդիպում են ունեցել Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ, և, ինչպես թուրք դիվանագետներից մեկն է տեղեկացրել, 2 օրվա ընթացքում քննարկվել են համագործակցության և Հայաստանի խորհրդարանական ընտրություններում աջակցություն ցուցաբերելու հարցերը: Ըստ այդմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն անձնական երաշխիքներ է տվել, 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի կողմից իրեն աջակցելու դեպքում, ՀՀ–ում պայմաններ ստեղծել հայ-թուրքական արձանագրությունների անխափան վավերացման համար:

Ինչպես հայտնի է, «Ժառանգությունում» այդ լուրերը սուտ են համարել և հերքում են պահանջել «Ռեգնումից»։

«Գեբելսյան «որքան հրեշավոր է սուտը, այնքան ավելի հեշտ է դրան հավատալ» սկզբունքով պատրաստված այս էժանագին հրապարակումը, որը լի է անհեթեթ «մանրամասնություններով» և «անանուն աղբյուրների», «հայ-թուրքական բանակցային գործընթացին մոտ կանգնած թուրք դիվանագետների» հղումներով, ոչ այլ ինչ է, քան «Ժառանգության» ու նրա նախընտրական ցուցակի առաջին դեմքերի դեմ կազմակերպված սև PR»,– մասնավորապես նշված է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ: 

Ի դեպ, Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ վերջին երկու տարում հանրապետությունից դուրս չի եկել, հետևաբար չէր կարող Լոնդոնում փակ հանդիպում ունենալ։ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելքի ու մուտքի մասին որևէ բան դեռ չի ասել։

Մենք, բնականաբար, չենք հավատում «Ռեգնումի» տարածած լուրին և հավատում ենք, որ «ժառանգության» դեմ «սև» PR է իրականացվում ...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը