Մեկնաբանություն

29.04.2012 21:42


Կուսակցական փողեր

Կուսակցական փողեր

Հայաստանում առկա սեփականության լեգիտիմության ու լեգալության խնդիրն անմիջականորեն առնչվում է նաև կուսակցական փողերի ծագմանն ու լեգիտիմությանը։

Նախընտրական այս փուլում քաղաքական ուժերի կողմից ծախսվում են միլիոնավոր դրամներ և նույնիսկ դոլարներ։ Հարց է առաջանում, թե որտեղի՞ց կուսակցություններին այդ փողը։

ՀՀԿ–ի փողի տեղը բոլորս գիտենք։ Երկրում կա ահռելի չափերի հասնող կոռուպցիա և կաշառակերություն, որից օգտվում է իշխող ուժը։ Հանրապետության բոլոր «յուղոտ» պաշտոնները բաժին են հասել ՀՀԿ–ականներին, խոշոր բիզնեսի ճնշող մեծամասնությունը կցված է այս ուժին և միամտություն կլինի կարծելը, թե հանրապետականներն իրենց ընտրարշավն անցկացնում են կուսակցական շարքերի տված անդամավճարներով։

Հայաստանի ստվերային տնտեսության մեջ շրջանառվող գումարները, մեծ մասով, հիմա «աշխատում» են ՀՀԿ–ի օգտին։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ ի դեմս նախագահական ինստիտուտի՝ օլիգարխիան ներկայացված է հենց ՀՀԿ–ում և մեզանում գործող կլանաօլիգարխիկ համակարգը սպասարկում է քաղաքական մենաշնորհի տիրապետող ուժին։ Նայե՛ք ՀՀԿ–ի համամասնական ցուցակին և ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա։ Եթե ՀՀԿ ցուցակին նայելուց հետո ձեր մեջ ցանկություն կառաջա հավատալ, որ փոխել, ապա դուք անուղղելի լիսկայական եք։

ՀՀԿ–ի կցորդ ՕԵԿ–ը ֆինանսական առումով նույնպես ստվերային կառույց է և սնվում է օլիգարխիկ համակարգից։ Ստեղծման օրվանից ՕԵԿ–ը գործել է, այսպես ասած, պետպատվերի շրջանակներում և, հետևաբար, միջոցների սղությունից չի դժգոհել։ 

Մի ժամանակ Արթուր Բաղդասարյանին ֆինանսավորում էին այն գործարարները, ովքեր կուսակցության ցուցակով անցնում էին խորհրդարան։ Բաղդասարյանին տեղերի քվոտա էին տալիս, սա էլ այդ տեղերը ծախում էր գործարարներին ու ստացած միջոցներով սեփական իմիջը կերտում։

Մի պահ Արթուրը որոշեց իրեն «ծնած» տիրոջ գլխից թռնել, բայց դա կարճ տևեց։ 2008–ի նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր խաղեր տված, իսկ հետո անառակ որդու պես «հայրական» տուն վերադարձած ՕԵԿ–ն այժմ մասամբ անցել է ինքնաֆինանսավորման։ Իշխանության ու բիզնեսի սերտաճումը կուսակցությանն այսօր հնարավորություն է տալիս խմիչք ու մուրաբա բաժանել ընտրողներին, և քվե մուրալ։

Իշխանական կոալիցիան ներկայացնող ուժերից և ընդհանրապես ընտրություններին մասնակցող բոլոր մյուս կուսակցություններից միայն «Բարգավաճ Հայաստանի» տնօրինած փողերի ծագումնաբանությունն է ոչ գաղտնի և այդ առումով բարգավաճականների ծախսերը համեմատաբար բաց բնույթի են։

Բոլորս էլ գիտենք, որ կուսակցությունն այդ գործում է  խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանի ունեցած միջոցների հաշվին։ Հետևաբար՝ անկախ այն բանից, թե ով ինչ կարծիքի է ԲՀԿ առաջնորդի կուտակած ռեսուրսների լեգիտիմության մասին, փաստն այն է, որ նա ի՛ր գումարներն է ծախսում։ Որևէ մեկը չի կարող ասել, որ Ծառուկյանը պաշտոնյա է եղել, կաշառքով փող աշխատել ու հիմա էլ այդ փողերով ձայն է հավաքում։ Որևէ մեկը չի կարող ասել նաև, որ ԲՀԿ–ն ֆինանսավորվում է դրսից կամ մեկ այլ սուբյեկտից։

Կարելի է Ծառուկյանի հանդեպ  «պրետենզիաներ» ունենալ կապիտալի նախնական կուտակման հարցում, բայց այդ դեպքում «պրետենզիաներ» պետք է ունենալ Հայաստանում առկա բոլոր տիպի սեփականատերերի մասով, քանզի մինչև ԽՍՀՄ փլուզումը ոչ մեկը լեգալ սեփականատեր կամ լեգալ միլիոնատեր չի եղել։

Կարելի է «պրետենզիաներ» ունենալ «Ծառուկյան» հիմնադրամի բարեգործության մասով,  բայց որևէ մեկը չի կարող ասել, որ ԲՀԿ առաջնորդն անհայտ ծագման գումարներով է դա անում։

Կարելի է նաև փիլիսոփայել, թե լավ չէ, որ մեկ անձի ֆինանսներից է կախված լինում կուսակցությունը, բայց այդ դեպքում պետք է նաև արձանագրել, որ ՀՀ–ում գործող կուսակցությունների ճնշող մեծամասնության տնօրինած միջոցների աղբյուրն ընդհանրապես հայտնի չէ։ 

Այնպես որ ԲՀԿ–ի փողերի ծագումը, հայաստանյան իրողությունները հաշվի առնելով,  ամենաթափանցիկն է. հայտնի է փող բերողն ու ծախսողը։ Օրինակ՝ իշխանական մյուս խոշոր ուժի՝ ՀՀԿ–ի հետ կապված ֆորմալ առումով հայտնի չէ, թե ով է քարոզարշավի փողը տալիս և ով է ծախսում դրանք։ 

Անցնենք առաջ։

ՀՅԴ–ի փողերին ու այդ փողերի միջոցով տարվող քաղաքական պայքարին անդրադառնալիս պետք է հիշել, որ գործ ունենք համահայկական նշանակության կառույցի և մի կուսակցության հետ, որը քարոզչական աշխատանքների ավելի քան հարյուրամյա փորձ ունի։ Հետևաբար Դաշնակցությունը, ի տարբերություն շատ–շատերի, հանգիստ կարող է իրեն թույլ տալ արդյունավետ  ընտրարշավ անցկացնել՝ անկախ տնօրինած գումարների ծավալից. հստակ գաղափարախոսությունը կոմպենսացնում է ամեն ինչ։  Իսկ գումարներ նրանք միշտ էլ կարող են հայթայթել, քանի որ ՀՅԴ կառավարման կոլեգիալ մեխանիզմը, ներկուսակցական դեմոկրատական ցենտրալիզմը և կառույցների ցանցային բնույթն այդ հնարավորությունը տալիս են։

Ընդդիմադիր մյուս ուժին՝ ՀԱԿ–ին ու նրա տնօրինած փողերին անդրադառնալիս չպետք է մոռանալ, որ այնտեղ հավաքված են նախկին իշխանությունը ներկայացնող մի շարք դեմքեր և դա, օրինակ, հնարավորություն տվեց բավական թանկարժեք ընտրարշավ անցկացնել 2008–ին։ Նկատենք, սակայն, որ այս ընտրություններում Լևոն Տեր–Պետրոսյանի թիմը ֆինանսական առումով ավելի համեստ միջոցների է տիրապետում, քան չորս տարի առաջ և դա բնական է, քանզի երկրում տնտեսական հետընթաց է գրանցվել ու դա տիտղոսային ընդդիմությունն իր վրա չէր կարող չզգալ։

Ի տարբերություն ՀԱԿ–ի՝ «Ժառանգություն» կուսակցությունն իր նախորդ քարոզարշավի (2007–ի ԱԺ ընտրությունների) համեմատ ավելի «թռփոշացած» վիճակում է։ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած թիմն, ի դեպ, այս ընտրարշավի ամենաշատ գումարներ ծախսած կուսակցություններից է։ Հարց է առաջանում, թե որտեղի՞ց «Ժառանգությանն» այդքան փող, մանավանդ եթե հաշվի առնենք, որ վերջին հինգ տարիներին երկրում տնտեսական վիճակը վատացել է և կուսակցությունն այդ չէր կարող, ասենք, իր անդամներից ավելի շատ անդամավճար հավաքել ու ծախսել։ Րաֆֆին էլ, եթե չենք սխալվում, մասնավոր բիզնես, բացի «հայերնասիրականից», չունի։ Եվ ուրեմն, որտեղի՞ց «Ժառանգությանը» փող։ Ստացվում է, որ տնտեսական ճգնաժամը դրականորեն է ազդել «ժառանգության» վրա։ Մնում է միայն պարզել, թե արդյոք «ժառանգությունում» ֆինանսական բարենպաստ վիճակը ներիշխանակա՞ն ճգնաժամի հետևանք է, թե՞ Րաֆֆին Հայոց լեռներին «կինոյի մեջի տղու» պես նայելով է փող կպցրել։

Երբ լրագրողները հարց են տալիս «ժառանգության» ունեցած փողերի ծագման մասին, Րաֆֆին շրջանցում է հարցը և մի ստանդարտ նախադասություն օգտագործում. «Մենք չենք ծախսի ավելի շատ, քան նախատեսված է օրենքով, իսկ մեր ծախսերն ամենաշատն են երևում, որովհետև, ի տարբերություն ուրիշների, մենք ցույց ենք տալիս մեր ծախսերը»։

Ուշադրությու՛ն դարձրեք. Րաֆֆիին հարցնում են կուսակցական փողերի ծագումնաբանությունից, իսկ ինքն ասում է, թե ծախսելու են այնքան որքան թույլատրում է օրենքը։ Մարդուն եկամուտներից են հարցնում, իսկ ինքը խոսում է ծախսերի չափից. իսկական «կռուտիտ»։

Առաջին հայացքից դժվար է ասել, թե որտեղից «Ժառանգությանն» այդքան փող, որ կարողացել է ողողել հեռուստաեթերը տեսահոլովակներով, իսկ փողոցները՝ գովազդային վահանակներով, բայց ակնհայտ է, որ փողի պակաս Րաֆֆին չի զգում։ Ասեմ, որ անհեթեթություն եմ համարում «ժառանգության»՝ դրսից ֆինանսավորվելու մասին խոսակցությունները։ Միգուցե ժառանգականները կուզենային, որ այդպես լիներ և իրենք համոզված լինեին դրսի «դաբրոյի» պահով, բայց այդպես չէ։  

Դատելով այն բանից, թե ինչպիսի քաղաքական վարքագիծ է դրսևորում Րաֆֆի Հովհաննիսյանը և դատելով այն բանից, թե ովքեր հայտնվեցին նրա գլխավորած ցուցակում, կարելի է գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ ասել, թե որտեղից են գալիս «ժառանգության» փողերը և ինչի դիմաց է նա «սարեր շարժելով» զբաղված։ Ճիշտ է, քաղաքական կոռուպցիան ամենադժվար ապացուցվող հանցատեսակներից է, բայց քաղաքական գործընթցներից հասկացողների համար ամեն ինչ տեսանելի է այնպես, ինչպես հայկական տարածքները Չարենցի կամարից։ Չմոռանանք, որ մինչև հիմա որևէ մեկը չի կարողացել ապացուցել, որ Գեղամյանն իր հաճախորդության դիմաց 2003–ին «մի զրո» պակաս էր ստացել, հետո ի՞նչ...

«Ժառանգության» փողի աղբյուրը գտնելու համար լուրջ հետաքննություն անցկացնել պետք չէ։ Ամեն ինչ շատ պարզ է ու «ափաշքարա»։ ՀՀԿ–ից առաջադրված մեծամասնական թեկնածու Նուշիկյանին գովելու «ընդդիմադիր» ժառանգականների ու չափից շատ «ազատ» դեմոկրատների դրդապատճառները հասկանալի են։ Տվյալ դեպքում գործ ունենք՝ «Հրապարակային աջակցություն՝ գովազդային վահանակների վրա հայտնվելու դիմաց» բարտերային գործարքի հետ, որն առանց նախագահական նստավայրի «դաբրոյի» հազիվ թե տեղի ունենար։ Նուշիկյանը քանի՞ գլուխ ունի, որ Երևանի փողոցներում տեղադրած գովազդային վահանակներն առատորեն տրամադրի «ժառանգությանը», եթե վերևից հրահանգ չլինի։ Բայց ուր էր թե «ժառանգությունում» սահմանափակվեին միայն գործարար Նուշիկյանի հետ սիլի–բիլի անելով։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում մշտապես պահել է հաճախորդ կուսակցություններ ու գործիչներ, որոնք ընդդիմադիրի կարգավիճակով պայքարել են ընտրողների հակաիշխանական ձայները փոշիացնելու և իշխանության իրական հակառակորդների դեմ պայքարելու համար։ Արթուր Բաղդասարյանը և Արտաշես Գեղամյանն արդեն բարոյապես մաշված ու վաղուց բացահայտված հաճախորդներ էին և այլևս չէին կարող ծառայել պատվիրատուին։ Ս. Սարգսյանը փնտրտուքների մեջ էր։ Ահա այստեղ է, որ ֆինանսներից նեղվող «ժառանգության» «բախտը» բերեց ու հիմա ժառանգականները, Գեղամյանի հանգույն ավելի արմատական ընդդիմության կեցվածք ընդունած,  պայքարում են ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի դեմ՝ դրանով իսկ բազում ծառայություններ մատուցելով ՀՀԿ–ին։

Սերժ Սարգսյանին պետք էին նոր հաճախորդներ, իսկ «Ժառանգությանը»՝ փող։ Առաջարկ–պահանջակ մեխանիզմը հստակ գործեց և խնդրեմ՝ Րաֆֆին «Թաթուլ Ալթունյանի անվան ժողգործիքների» համույթի բաղկացուցիչ մասի է վերածվել։

Եվ այսպես, «ժառանգության» տնօրինած միջոցների աղբյուրներին անդրադառնալիս տե՛ս սույն հոդվածում տեղ գտած ՀՀԿ–ի փողերին վերաբերող հատվածը։

Մեր տպավորությամբ՝ Րաֆֆին ֆինանսավորվում է ՀՀԿ–ի «մնացորդային դրամարկղի» շրջանակներում և ընտրություններից հետո, անկասկած, դեն է նետվելու և հայտնվելու է վիկտորդալլաքյանների կողիքն. այդպես են ավարտել իրենց կարիերան բոլոր հաճախորդները։

Մենք, իհարկե, չենք կարող ապացույցներ (լուսանկարներ, ձայնագրություններ և այլն) ներկայացնել այն մասին, որ «ժառանգությունը» ֆինանսավորվում է ՀՀԿ–ից, բայց վերլուծությունը դրան է բերում։ 2003–ին էլ Գեղամյանը չէր ընդունում, որ Սերժ Սարգսյանի հետ «հանուն հայրենիքի» համագործակցել է, բայց դե...

Ինչ վերաբերում է մյուս երեք կուսակցություններին՝ ՀԴԿ–ին, Կոմկուսին ու «Միավորված հայերին», ապա փողերն այստեղ քիչ են, իսկ եղածի մեծ մասը, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, կրկին ՀՀԿ–ի հատկացրած դոտացիայից է։ Հատկապես Արամ Գասպարիչի ՀԴԿ–ն մանր տրամաչափի գեղամյանություն է անում ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ, ինչի դիմաց վարձատրվել է այնքան, որ կարողացել է սպիտակ շարֆ փաթաթել իր ու սակավաթիվ համախոհների վզին։ Փաստորեն, Սերժի հաճախորդներին պետք է տարբերել շարֆերով՝ մեկը նարնջագույն է կրում, իսկ մյուսը՝ սպիտակ։

. . .

Ահա սրանք էինք կուսակցական փողերի մասին մեր դիտարկումները։ Թե որքանով ուղիղ կապ կհաստատվի քաղաքական ուժերի ծախսած փողերի ու ստացած տոկոսների միջև՝ պարզ կդառնա մայիսի 6–ին։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ «ժառանգության» տեսահոլովակում մի հատված կա, երբ տարբեր դեմքեր հայտնվում են էկրանին ու ասում, թե այսինչի համար են գալիս կամ այնինչի համար են գալիս։ Նրանցից մեկն, օրինակ, հայտարարում է, թե գալիս է ազնիվ քաղաքականության համար։ Դե եթե ազնիվ քաղաքականության կողմնակիցն անկեղծ է իր խոսքերում, ապա թող մի հատ ճշտի իր ղեկավարությունից, թե այդ ինչպես անսպասելիորեն ու առանց կուսակցական շրջանակների հետ քննարկման Րաֆֆին ցուցակ «մեյդան» հանեց, և բացի այդ՝ որտեղի՞ց «Ժառանգությանն» այդքան փող, այն էլ այս տնտեսական ճգնաժամի պայմաններում։

Եթե նախորդ կառույցի ոչ ժողովրդավարական բնույթը Ազնիվին դուր չէր գալիս, ապա ինչպե՞ս է, որ նոր կառույցում որոշումներն ընդունվելու են մեկ մարդու մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների և ուղենիշների հանգույն և դա Ազնիվին այժմ դուր է գալիս։  

Եթե նախկինում Ազնիվը քննադատում էր Տեր–Պետրոսյանի՝ «էջմիածնական միաբանների» հայեցակարգը և դժգոհություն հայտնում ՀԱԿ–կոալիցիա «երկխոսության» թեմայով, ապա ինչպե՞ս է, որ այժմ ծպտուն չի հանում Րաֆֆիի «միաբանության» մասին և, ըստ էության, գոհ է Սերժ–Րաֆֆի «երկխոսությունից»։ Միայն թե, հարգելի՛ Ազնիվ, չասեք, թե նման «երկխոսություն» չկա ու Րաֆֆին «միաբան» չէ. դա հեչ ազնիվ չի լինի։

Եթե ազնիվ քաղաքականության համար պայքարողն այս ամենի պատասխանը չտա, ապա մեզ թույլ կտանք ենթադրել, որ նա նախորդ կուսակցությունը լքել էր զուտ այն պատճառով, որ այնտեղի ցուցակից դուրս էր մնացել, այլապես այսօր ոչ թե «Սարեր կշարժեր», այլ հանդես կգար «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով։ 

Այս խորագրի վերջին նյութերը