Քաղաքական

06.05.2012 19:34


Արմեն Ռուստամյան. «ԿԸՀ–ն ունքը սարքելու տեղն աչքն է հանում»

Արմեն Ռուստամյան. «ԿԸՀ–ն ունքը սարքելու տեղն աչքն է հանում»

Քիչ առաջ Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի անդամ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն անդրադարձել է ընտրություններին մասնակցած ընտրողների թվի ԿԸՀ–ի հրապարակած նախնական տվյալներին։ Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ այդ տվյալները մտահոգիչ են.

–Այն հայտարարված թիվը, որ 1 մլն 300 հազ ընտրող արդեն իսկ մասնակցել է ընտրության, մեզ մտահոգում է, որովհետև դա մոտավորապես այն թիվն է, որ 2008թ. ամբողջ ընտրությունների ժամանակ արձանագրվել է, և եթե այս տեմպով շարունակվի, դա նշանակում է, որ 1 մլն 600 հազ–ի սահմանը կարող է՝ հատվի։ Սա իսկապես չափազանց մտահոգիչ տեմպ է։

Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ միասնական շտաբը դեռ պետք է պարզի, թե ընտրողների նման ակտիվությունն ինչով է պայմանավորված։

Արմեն Ռուստամյանը մտահոգություն է հայտնել նաև կնիքների հետ կապված խնդրի կապակցությամբ։ Առավոտյան բազմաթիվ ահազանգեր էին ստացվել, թե ընտրողների անձնագրերում դրվող կնիքներն անհետանում են 20 րոպեի ընթացքում։

Տարօրինակ էր լսել ԿԸՀ–ի պարզաբանումը, որ իբրև թե 8։30–ից հետո այդ խնդիրը շտկվել է՝ թանաքը փոխվել է։ Մենք ունենք փաստեր, որ դրանք եղել են շատ ավելի ուշ։ Ունենք ընտրողներ, որ քվեարկությունը կատարել են 10–ին, 11–ին, 12–ին, և այդ կնիքները շարունակում են ցնդել,–ասել է Արմեն Ռուստամյանը։

Ռուստամյանի խոսքերով՝ այդ փաստը և ընտողների թվի ուռճացված լինելը հնարավորություն են ստեղծում բազմակի քվեարկության համար։

Արմեն Ռուստամյանը նշել է նաև, որ ԿԸՀ–ի ընդունած որոշումը՝ փոխել կնիքների թանաքն այնպիսի թանաքով, որն ընդհանրապես չի անհետանում, հակասում է  Սահմանադրական դատարանի երեկ կայացված որոշմանը, համաձայն որի՝ ընտրողի մասնակցության փաստը պետք է գաղտնի մնա։ Այս առիթով Արմեն Ռուստամյանն ասել է.

Ունքը սարքելու տեղը աչքն են հանում։ Սահմանադրական դատարանի որոշումը խախտեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Եզրափակելով իր խոսքը՝ Արմեն Ռուստամյանն ասել է, որ այն գործը, որ անում է Ընտրությունների վերահսկողության հանրային միասնական շտաբը, պետք է աներ պետությունը։ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ԿԸՀ–ն լիարժեք չի կատարում իր պարտականությունները, և վերահսկողության գործառույթները ստիպված են իրականացնել միասնական շտաբի անդամ կուսակցությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը