Քաղաքական

23.07.2012 11:28


Գյումրիում իրավիճակը հնարավոր է փոխել միայն իշխանափոխությամբ

Գյումրիում իրավիճակը հնարավոր է փոխել միայն իշխանափոխությամբ

Գյումրիում մթնոլորտը լարված է։ «7օր»–ի հետ զրույցում հանրապետության երկրորդ քաղաքում տիրող իրավիճակն այսպես է նկարագրել «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը։ Նրա խոսքերով՝ ամբողջ քաղաքն ամեն րոպե սպասում է ինչ–որ մի վատ բանի, և ոստիկանությունը կամ իշխանությունը փոխանակ կարգ ու կանոն հաստատեն, մթնոլորտը հանդարտեցնեն, մարդկանց ահաբեկված վիճակից հանելու համար բացատրական աշխատանքներ տանեն, ճիշտ հակառակն են անում՝ անտերության են մատնել։

Նշենք, որ «7օր»–ը մի խումբ գյումրեցիների անունից էլեկտրոնային նամակ էր ստացել, որտեղ ահազանգ էր հնչեցվում՝ երբ պարզ դարձավ, որ Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում Վարդան Ղուկասյանն իր թեկնածությունը չի առաջադրի, Գյումրին վերածվել է մեծ համակենտրոնացման ճամբարի:

«Վերջինիս որդին` Սպարտակ Ղուկասյանը, իր շրջապատի և հոր թիկնապահների հետ միասին սկսել է ահաբեկել մարդկանց, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող իր հորը ստիպել, չառաջադրել իր թեկնածությունը: Սպարտակի գլխավորած բանդաները հենց այս պահին մարդիկ են հավաքագրում, որպեսզի վաղը և մյուս օրը բողոքի հանրահավաք կազմակերպեն քաղաքի կենտրոնական հրապարակում, ինչպես որ արել էին երեկ` Հովիկ Աբրահամյանի այցի ժամանակ: Մարդիկ վախեցած են և ստիպված խոսք են տալիս, որ անպայման կգան, բոլորին ցուցակագրում են, արդեն իսկ եղել են նաև ծեծի դեպքեր, մասնավորապես իրենց հարազատ Սլաբոտկա թաղամասում: Սպարտակը բոլորին ասում է, որ իրենք թքած ունեն Երևանում նստած ցանկացած ուժի և մարդու որոշման վրա: Խնդրում ենք` զորք մտցրեք գյումրի, պաշտպանեք մարդկանց այդ վայրենիներից, մարդիկ սարսափած են»,–ասված է այդ նամակում:

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը այս խոսակցությունների մասին ևս լսել է, սակայն կոնկրետ փաստեր չունի։ Բայց այն, որ Գյումրիում մարդիկ ահաբեկված են, նրա համար աներկբա է։

–Օրինակ, հնարավոր է գիշերը լսում ես կրակոցների ձայներ։ Եվ եթե նույնիսկ դրանք հրավառության ձայներ են, միևնույն է դա մարդկանց մոտ այլ տպավորություն է թողնում։ Կամ, օրինակ, մեքենաներն արագության տակ փողոցում աջ ու ձախ վարուվեր են անում։ Մարդկանց մոտ վատ բանի, վախի սպասելու զգացողությունը կա։ Մարդիկ ահաբեկված են, նրանք սարսափած սպասում են՝ ինչ է լինելու սրա վերջը,–«7օր»–ի հետ զրույցում ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀԿ–ն որոշել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնում այլևս չառաջադրել Վարդան Ղուկասյանի թեկնածությունը։ Վահան Թումասյանի համոզմամբ՝ Գյումրիում իշխանափոխությունը լավագույն տարբերակն է։

–Մարդիկ, ովքեր մտածում են, որ ոչինչ չի փոխվելու, պարզապես քաղաքին վնաս են տալիս՝ իրենց նեղ անձնական շահի համար։ Գյումրիում իշխանափոխությունը պարզապես օդ ու ջրի պես պետք է։ Սա լավագույն տարբերակն է, որովհետև մարդիկ մեղք են։ Թեև գործազրկության ու աղքատության ամենաբարձր տոկոսները Գյումրիում են, բայց մարդիկ դրա համար չեն փախնում, մթնոլորտի՛ համար են փախնում։ Ամբողջ Շիրակը դաստիարակում են կրիմինալի հոգեբանությամբ։ Մարդիկ հասկանում են, որ եթե կրիմինալ չեն, կրիմինալի հետ մոտիկ չեն, քաղաքում պարզապես չեն կարող ազատ շրջել։ Եվ այս իրավիճակը հնարավոր է փոխել միայն իշխանափոխությամբ,–ընդգծել է Վահան Թումասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը