Քաղաքական

01.10.2012 16:21


Վարդան Օսկանյանը՝ պատգամավորներին. «Եթե դուք եք ինձ «հանձնում», հետո ձե՛զ էլ է լինելու»

Վարդան Օսկանյանը՝ պատգամավորներին. «Եթե դուք եք ինձ «հանձնում», հետո ձե՛զ էլ է լինելու»

Փողերի լվացման գործով ԱԺ–ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրի քննարկման ժամանակ պատգամավորը հայտարարել է, որ Հանթսմանի կողմից տրված գումարն ամբողջությամբ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին, և տրված գումարն ու փոխանցվածը, կոպեկ առ կոպեկ, հավասար են մայր գումարին և տոկոսներին։

–Պարո՛ն դատախազ, փողը կա, բողոք չկա։ Ոչ միայն բողոք չկա, այլև հակառակի պնդումը կա. Հանթսմանն ասում է՝ հենց այդպես էլ պետք է լինի, մենք այդպես ենք ուզել։ «Սիվիլիթաս» հիմնադրամն ու խորհուրդն էլ ասում են՝ այդպես էլ պետք է լիներ։ Ի՞նչ հարց կա։ Ես կարծում եմ, որ սա փոթորիկ չէ ոչ թե մի փոքր բաժակի մեջ, սա նույնիսկ փոթորիկ չէ մատնոցի մեջ։  Մենք մեր երկրի խնդիրները թողած՝ էս հարցերո՞վ պիտի զբաղվենք, իսկապես սա՞ են մեր խնդիրները։ Սա՞ է՝ տասը տարվա արտգործնախարարին բերել այտեղ և նման հարցադրումներ տալ,–ԱԺ ամբիոնից ասել է Վարդան Օսկանյանը։    

Նա ընդգծել է, թե կարծես վերադարձել ենք 37 թվական և գործում ենք ստալինյան սկզբունքով։

–Ներքուստ գիտեք, որ սա քաղաքական պատվեր է՝ ուղղված ոչ միայն իմ, այլ նաև ԲՀԿ–ի դեմ,–ավելացրել է նա՝ ընդգծելով, որ ընտրություններից առաջ ճնշում են գործադրում ԲՀԿ–ի վրա, և այս իշխանությունները խոսում են քաղաքական պատանդի լեզվով։

Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1–ի կապակցությամբ իր հասցեին հնչող մեղադրանքներին, Օսկանյանն ընդգծել է, որ այդ օրն ասուլիս հրավիրելու իր նպատակը տասը զոհերը կանխելն է եղել։

–Երանի այդ օրը դուք նույնպես նման պատասխանատվություն վերցնեիք։ Ոչ ոք չվերցրեց, ե՛ս վերցրեցի։ Եթե նույն հնարավորությունն ունենամ այդ շիկացած իրավիճակը թուլացնելու համար, նորից կանեմ դա,–հայտարարել է Օսկանյանը և դիմելով պատգամավորներին՝ ընդգծել,–այս փաստերով եթե դուք եք ինձ «հանձնում», հետո ձե՛զ էլ է լինելու։ Խնդիր չկա, հանձնե՛ք, ժողովո՛ւրդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը