Տնտեսական

24.10.2012 13:28


ԲՀԿ–ական պատգամավոր. «Ցավոք, կառավարությունը վերջերս պարտավորություններ է ստանձնում, որը չի իրականացնում»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Ցավոք, կառավարությունը վերջերս պարտավորություններ է ստանձնում, որը չի իրականացնում»

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությունն ԱԺ–ում

Հարգելի գործընկերներ,

  Ցավոք, երեկ Ազգային Ժողովը քվեարկությամբ մերժեց իմ և իմ գործընկերներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի կողմից շրջանառության մեջ դրած երեք օրինագծերը,  չորրորդը հանձնաժողովի դրական եզրակացությամբ մտել է օրակարգ, չնայած կառավարությունը ևս տվել էր բացասական եզրակացություն, որը վերաբերում էր արտոնագրային վճարներին: Նշված նախագծերից երկուսը համապատասխանում են <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության ծրագրային դրույթներին՝ <<Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին և առևտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին>> և <<Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին>> ՀՀ օրենքների նախագծերը: Առաջինը` մենք կարծում ենք, որ կառավարությունը իր տնտեսական զարգացման մոդելը պետք է ուղղի ոչ միայն առաջարկի խթանման ուղղությամբ, այլև պահանջարկի ձևավորման և խթանման ուղղությամբ և եթե կառավարությունը չի կարողանում իրականացնել բնակչության նկատմամբ սոցիալական պարտավորությունները (այն իրականացնում է խիստ մասնակի) և երկրորդ` եթե կառավարությունը չի երաշխավորում Հայաստանում կատարվող ներդրումների շահութաբերության ներքին շեմը, նշանակում է այդ պայմաններում այլընտրանք չի մնում քան խթանել շահութաբերությունը հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում սահմանելով հարկային արտոնություն: Մասնավորապես, մենք առաջարկում ենք տարեկան մինչև 40 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող և վարձու աշխատող չունեցող (բացառությամբ` ընտանիքի անդամների) տնտեսվարող սուբյեկտներին ազատել շահութահարկից, արտոնագրային և հաստատագրված վճարներից: Ասեմ, որ Վրաստանն արդեն  ընդունել է նմանատիպ նախագիծ` ընդհանրապես ազատելով հարկերից` իհարկե, սահմանելով շրջանառության ավելի ցածր շեմ: Մենք կարծում ենք, որ այս արտոնությունը լրացուցիչ պահանջարկ կձևավորի, մյուս կողմից հարկերի տեսքով այդ գումարները հետ կգան պետական բյուջե 2-3 ամսվա ընթացքում, այսինքն որևէ ճնշում չի լինի պետական բյուջեի վրա, բայց դրա փոխարեն շահութաբերությունը այդ ոլորտների կավելանա:

Ցավոք, կառավարությունը վերջերս պարտավորություններ է ստանձնում, որը չի իրականացնում. մասնավորապես 2011-2013թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրով (ՄԺԾԾ) սահմանված էր այն, որ կառավարությունը պետք է նպաստեր շուրջ 70 000 նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ ձևավորելով 50 000 նոր ՓՄՁ սուբյեկտներ: Ցավալիորեն, սա մասնակի, նույնիսկ խիստ մասնակի չի իրականացվել: Եվ երկրորդը, որ ես արդեն նշել եմ, 2013-2015թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրում կանխատեսելիության բացակայությունն է, այն, որ ընդամենը երեք ամսում կառավարությունը 3.8%-ի փոխարեն 6.2%-անոց ՀՆԱ-ի աճի սցենար է նախատեսում:

Մենք հետամուտ ենք լինելու մեր կողմից որդեգրած օրինագծերի վերստին շրջանառության մեջ դնելուն և մենք գտնում ենք, որ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունը ոչ թե նախարարների, մարզպետների կամ ՏԻՄ-երի ղեկավարների «ուզել-չուզելով» կամ ցանկությամբ պետք է լինի, այլ օրենքով սահմանված նրանց վերապահված իրավունքների և պարտականությունների շրջանակներում:

Նվազագույն ամսական աշխատավարձի քննարկման ժամանակ պատգամավոր Միքայել Մելքումյանի բարձրացրած հարցադրումները՝ ուղղված ՀՀ  ֆինանսների նախարար՝ Վաչե Գաբրիելյանին. 

  1. Ի±նչ եք կարծում, հնարավոր չէ արդյոք <<2013 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի նախագծում նվազագույն աշխատավարձը սահմանել ոչ թե 35 000 ՀՀ դրամ, այլ շուրջ 50 000 ՀՀ դրամ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր իսկ նախանշած համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 6.2 % է, և այդ աճը (աշխատավարձի աճը` ընդամենը 7.5 %) համարժեք չէ և ճկուն չէ  ՀՆԱ-ի աճին: 
  2. Չ±եք կարծում արդյոք, որ այն գնաճի սցենարը, որը նախատեսված է 4% ± 1.5% (ընդ որում այդպես էլ պարզ չի դառնում սա 12-ամսյա± գնաճն է, թե± միջին տարեկան գնաճն է, քանի որ 2011 թվականին ունեինք միջին տարեկան գնաճի մակարդակը` 7.7%, իսկ 12-ամյա գնաճի մակարդակը` 4.7%), բնականաբար կարող է համապատասխան ռիսկերի ենթարկվել, ընդ որում, հաշվի առնելով, որ հիմնական պարենային սպառողական ապրանքատեսակների գնաճային ճնշումները բարձր են լինելու, ինչպես <<են>>, մասնավորապես` շաքարավազի դեպքում՝ 20.6%, կաթնամթերքի դեպքում՝ 18%-ից բարձր, բենզինը՝ 16%, միսը, հացամթերքը՝ 11-12% և այլն: 
  3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր` կառավարության կանխատեսման կարողությունները արագ փոփոխվում են, մասնավորապես 2013-2015 թթ.  Միջնաժամկետ ծախսային ծրագրում (ՄԺԾԾ), որը հաստատվել է կառավարության 2012 թ. հունիսի 14-ի որոշմամբ, նախատեսվել էր ընդամենը 3.8% ՀՆԱ-ի աճ, այժմ` չորս ամիս անց, ներկայացված է 6.2%, ի±նչ եք կարծում, միգուցե այն չորս ամիսը մեկ անգամ կարող է էլ ավելի աճել, որպեսզի ըստ այդմ նվազագույն աշխատավարձը նույնպես բարձրացնենք:

Այս խորագրի վերջին նյութերը