Տնտեսական

25.10.2012 12:23


Ինչպե՞ս բարձրացնել աշխատավարձները` վարչապետն առաջարկում է կրճատումներ անել

Ինչպե՞ս բարձրացնել աշխատավարձները` վարչապետն առաջարկում է կրճատումներ անել

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, թե ըստ վերլուծությունների 2013-14թթ. համաշխարհային տնտեսությունը հայտնվելու է որակապես նոր վիճակում: «Եթե մինչ օրս գործ ունեինք զարգացող երկրների ճգնաժամի, մասնավորապես` տնտեսական աճի ցուցանիշների վատթարացման հետ, ապա այս նոր փուլում արձանագրվում է, որ զարգացող երկրներում տնտեսական աճի ցուցանիշները նվազում են, և ճգնաժամային միջավայրը շարունակվելու է նաև 2013թ.»,–ասել է Սարգսյանը` հավելելով, թե ներկայումս  տարբեր ոլորտներում աշխատուժի պակաս կա: «Այսինքն՝ գործ ունենք կառուցվածքային գործազրկության խնդրի հետ, իսկ այդ խնդիրը սուր դրված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Երկու օր առաջ անցկացվել է ՏՏ խորհրդի նիստ, և արձանագրվել է, որ ոլորտի բարձր տեմպերով աճը վտանգվում է միայն մեկ պատճառով` անհրաժեշտ են աշխատանքային ռեսուրսներ: Ոլորտը տարեկան աճում է 15-20%-ով, արդեն գործում է 300 ձեռնարկություն։ Այդուհանդերձ, աշխատուժի պակաս ունենք»,–ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզերում ևս առկա է նույն խնդիրը: Մասնավորապես, համայնքների ղեկավարները հայտնել են, որ օրական 5-7 հազ. դրամով վարձատրությամբ չեն կարողանում աշխատողներ պահել: «Սա պետք է մեզ բոլորիս մտահոգի, և այն պետք է դառնա առաջնային լուծում պահանջող խնդիրներից մեկը»,–նշել է Տ. Սարգսյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն իր հերթին հայտնել է, թե Վանաձորի քիմիական գործարանում այսօր տարբեր ուղղվածության շուրջ 150 մասնագետների կարիք ունեն:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հավելել է, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ձեռնարկություններում, մասնավորապես տրանսպորտի, սանմաքրման, կանաչապատման ոլորտներում նույնպես շուրջ 300 աշխատողի կարիք ունեն: «Միջին աշխատավարձն այստեղ ընդամենը 80 հազ. դրամ է, ուստի աշխատատեղերի ապահովման խնդիր ունենք»,–ասել է Տ. Մարգարյանը:
Վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է իրականացնել վերլուծական աշխատանքներ և դրանց հիման վրա ներկայացնել առաջարկություններ: «Այս պահի դրությամբ ամփոփելով սեպտեմբեր ամսվա ցուցանիշները` տեսնում ենք, որ 5,3%-ի աշխատավարձի ռեալ աճ ունենք, ընդ որում` մասնավոր հատվածում աճը գերազանցում է պետական հատվածին: Սակայն պետք է գնանք այն ճանապարհով , որ արտադրողականությունը բարձրացնենք, այսինքն` պետք է իրականացնենք կրճատումներ և աշխատավարձի բարձրացում անենք»,- հայտարարել ՝ Տիգրան Սարգսյանը:

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը