Տնտեսական

09.11.2012 08:35


ՀԱԿ–ը Կառավարությանն է ուղարկել հարցապնդում` Հայաստանում հաստատված մենաշնորհների վերաբերյալ

ՀԱԿ–ը Կառավարությանն է ուղարկել հարցապնդում` Հայաստանում հաստատված մենաշնորհների վերաբերյալ

Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգով ընձեռված հնարավորությունից, Կառավարությանն է ուղարկել հարցապնդում` Հայաստանում հաստատված մենաշնորհների վերաբերյալ:

Ստորև ներկայացվում է հարցապնդումը:

ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱ,  ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐ,  ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ  ԽԱԹԱՐՈՒՄ

Կոռուպցիան և հովանավորչությունը Հայաստանում կրում են կազմակերպված և մինչև վերջին երանգը համակարգված բնույթ: Կոռուպցիոն շղթան ձգվում է պետական և տեղական ինքնակառավարման ամենաստորին օղակներից մինչև իշխանության բարձրագույն մարմինները և ախտահարել է պետական, հասարակական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտները: Այս ամենը բերում է պետության զարգացման հետ անհամատեղելի այնպիսի երևույթների, ինչպիսիք են պետական իշխանության և բիզնեսի սերտաճումը, մենաշնորհների ծավալումը, մանր և միջին բիզնեսի ոչնչացումը, արտագաղթի աճող տեմպերը։

Այս գնահատականները կիսում են ոչ միայն հայաստանյան հասարակությունն ու քաղաքական ուժերը: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եւրոպական Միությունը եւ արտասահմանյան անկախ փորձագետները բազմիցս նշել են, որ Հայաստանը գտնվում  է աշխարհի ամենակոռումպացված պետությունների շարքում, եւ որ նրա իշխանություններն, ըստ էության, չեն պայքարում այդ համատարած չարիքի դեմ։ «Թրանսփարենսի ինտերնեյշնել» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի գնահատականներով` Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2008 թվականից հետո սկսել է վատանալ՝ 3.1-ից իջնելով  2.6-ի (10 բալանոց այս համակարգում որքան ցածր է համաթիվը, այնքան բարձր է համարվում կոռուպցիայի մակարդակը): Հայաստանը կիսում է 123-126 տեղերը Մադագասկարի, Նիգերիայի եւ Էրիթրեայի  հետ։ ԱՄՆ Պետքարտուղարության` Մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ վերջին տարիների զեկույցներում ավելի ու ավելի խիստ է խոսվում այդ մասին։ 2009թ-ի  զեկույցում ասված  է. «Չնայած  օրենքը քրեական պատասխանատվություն է նախատեսում կոռուպցիայի համար, իշխանությունը արդյունավետ եւ հավասարապես կերպով չի կիրառում օրենքը, եւ կոռումպացված պաշտոնյաները հաճախ անպատիժ շարունակում են իրենց կոռուպցիոն գործունեությունը։ Իշխանությունները չեն գործադրում նշանակալի միջոցներ՝ պայքարելու համակարգված բնույթ ունեցող կոռուպցիայի դեմ, միեւնույն ժամանակ միջին եւ ցածր պաշտոնյաները տարվա ընթացքում պատժվել են փոքր կոռուպցիայի, հաճախ՝ ծառայությունների դիմաց կաշառք վերցնելու համար։ Համաշխարհային բանկի համաշխարհային կառավարման ինդիկատորները (ցուցիչները) նույնպես նշում են, որ կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր լինել։ Համաշխարհային բանկի տնօրենը հոկտեմբերին կայացած այցի ընթացքում հրապարակայնորեն մտահոգություն հայտնեց իշխանական ատյաններում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության առնչությամբ» Պետքարտուղարության 2010 և 2011թ.թ. զեկույցները գրեթե նույնությամբ կրկնում են նախորդ տարիների տրված գնահատականը եւ եզրակացնում, որ «Իշխանության հակակոռուպցիոն  ծրագրեը շարունակում  են անարդյունավետ մնալ»:

1. Պետական  իշխանության  և բիզնեսի  սերտաճում

Ձևավորված կոռուպցիոն համակարգի գոյությունը բերել է նրան, որ տեղի է ունեցել պետական իշխանության ինստիտուտների և բիզնեսի` նախադեպը չունեցող սերտաճում, դրանով իսկ՝ պետական համակարգի գործառույթների աղճատում և դրանք անձնական ու շահադիտական նկատառումներով գործադրելու արատավոր ավանդույթ: Ինչպես նախկին 13 տարիներին, այնպես էլ ներկայումս գործող իշխանության բարձրագույն պաշտոնյաների, նախարարների, մարզպետերի, գերատեսչությունների ղեկավարների, դատախազների, ոստիկանների, ԶՈՒ գեներալների, դատավորների գերակշռող մասը խոշոր սեփականատերեր ու ձեռնարկատերեր են: Գործող և նրան նախորդած, իսկ իրականում՝ նույն իշխանության օրոք կոռուպցիայի համակարգայնացման արդյունքում արդեն 2010թ. երկրի ազգային հարստության 52%-ը կենտրոնացել է 44 ընտանիքների ձեռքում: Հայ Ազգային Կոնգրեսը հետևողականորեն բարձրացրել է այս հարցը, բազմիցս կոնկրետ մատնանշել պետական պաշտոնյաների, նրանց` ապօրինի ճանապարհով ձեռք բերված եկամուտների, ինչպես նաև ձեռնարկատիրությամբ զբաղվելու օրինակներ: Այս հարցին լայնորեն անդրադարձել են նաև տեղական և արտերկրի լրատվամիջոցները: Դրա լավագույն արտացոլումը ռուսաստանյան մամուլի («Վերսիա» եւ «Վեկ» պարբերականներ) հրապարակումներն էին 2010 թվականին՝ ամենակոռումպացված պետական պաշտոնյաների ունեցվածքի մասին։ Ընդ որում՝ նրանց մեծագույն մասը պաշտոնի բերումով իրավունք չի ունեցել զբաղվել գործարարությամբ, բայց իրենց պաշտոնավարման տարիներին դարձել է միլիոնավոր, իսկ որոշ դեպքերում միլիարդավոր հարստությունների տեր:

«Վերսիա» եւ «Վեկ» պարբերականների հրապարակումերն ամբողջությամբ տես –

http://versia.ru/articles/2010/jan/29/korrupciya_v_armenii 

http://www.wek.ru/versions/244536/index.shtml

http://www.wek.ru/versions/244724/index.shtml

http://www.moscow-post.ru/economics/00126984809816969

Սույն ցուցակների հավաստիությունը ապացուցվում է նաև այն փաստով, որ այս երկու տասնյակ պաշտոնյաներից ոչ մեկը դատի չտվեց այդ պարբերականներին:

2. Մենաշնորհներ, ազատ տնտեսական մրցակցության խաթարում

Հաստատված ապօրինի մենաշնորհները խոչընդոտում են տնտեսության զարգացմանը։ Ամբողջական մենաշնորհներ են հաստատված մասնավորապես ներկրվող ապրանքների բնագավառում։ Լայն սպառման այնպիսի արտադրատեսակներ, ինչպես շաքարավազը, հացահատիկը, կենդանական եւ բուսական յուղը, բրինձը, ինչպես նաեւ դեղորայքը, հրուշակեղենը, փայտանյութը, կենցաղային և շինարարական ապրանքները, բենզինն ու դիզվառելիքը և այլ ապրանքներ գտնվում են այս կամ այն օլիգարխի կամ կլանի մենաշնորհային վերահսկողության ներքո։ Մենաշնորհների տերերն օգտվում են իշխանությունների կողմից շնորհված ապօրինի արտոնություններից, մասնավորաբար՝ ցույց են տալիս ներմուծվող ապրանքների շատ ավելի քիչ քանակ կամ ցածր գին, կամ այլ` ավելի էժան ապրանք՝ դրանով խուսափելով հարկերից ու մաքսերից, ստանում ահռելի գերշահույթ` մի մասը վճարելով իրենց հովանավորյալներին։ Մենաշնորհները ոչնչացնում են ազատ տնտեսական մրցակցությունը, նպաստում են  գնաճին, ոչնչացման տանում մանր ու միջին բիզնեսը։ Ապօրինի մենաշնորհների վերացման հարցում իշխանությունը կա՛մ անկարող է, կա՛մ իրական ցանկություն չունի։ Նույնիսկ հիմք ընդունելով պաշտոնական վիճակագրությունն ու տեղեկատվությունը, ակնառու է, որ տարեցտարի խորանում են տնտեսության մենաշնորհացման միտումները: Այսպես,  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տնտեսության մրցակցային իրավիճակը, մասնավորապես` ապրանքային շուկայի համակենտրոնացման աստիճանը, մասնակիցների թիվը, գերիշխող դիրքի առկայությունը գնահատում է ապրանքային շուկաների ուսումնասիրությամբ և նախորդ տարիներին ուսումնասիրված շուկաների դիտանցմամբ։ Ըստ պետական հանձնաժողովի օգտագործած սահմանումների, շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան, եթե 70%<CR-3<100%, միջին աստիճան` եթե 45%<CR-3<70%, ցածր աստիճան, եթե CR-3<45%: /CR-3-ը տվյալ շուկայի իրացման ընդհանուր ծավալում առավել խոշոր երեք տնտեսվարող սուբյեկտների բաժինների գումարն է/:

Համաձայն  այդ  ուսումնասիրությունների` 2010 թվականին 41 ապրանքային շուկա, որից 12-ը պարենային ապրանքների ապրանքային շուկաներ, բարձր և միջին կենտրոնացված են։ 2010թ. իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ 5 ապրանքային շուկաներ բարձր կենտրոնացված են (կենտրոնացվածության աստիճանը  կազմում է 80.6-99.9 տոկոս),  4-ը` միջին կենտրոնացված (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 62.3-67.6 տոկոս)։ Ցածր կենտրոնացված ապրանքային շուկա չկա։  Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա նկատվում է այդ թվի նվազում։ Այսպես, բացառությամբ 2 ապրանքային շուկաների, մնացած ապրանքային 71 շուկաներում մասնակիցների թիվը նվազել է առնվազն 2, իսկ առավելագույնը՝ 10 տնտեսվարող սուբյեկտով։ Եթե նախորդ ուսումնասիրության արդյունքում բոլոր ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը կազմում էր 207 տնտեսվարող սուբյեկտ, ապա 2010թ. ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով` կազմել է 179 տնտեսվարող սուբյեկտ։

Պարենային ապրանքների շուկայում կա մի յուրատեսակ ապրանք, որն իր կենտրոնացվածության աստիճանով գերազանցում է բոլորին - խոսքը վերաբերում է շաքարավազին: 2009թ.   այդ ապրանքատեսակ ներկրող  «Ալեքս Գրիգ» ՍՊԸ ունեցել է առաջատար դիրք  շուկայում` բաժինը -99,9%, չնայած ապրանքային շուկայում վեց մասնակիցների առակայության: Ընդ որում, նախորդ ուսումնասիրության ժամանակ շուկայում մասնակիցների թիվը եղել է 21: Իսկ արդեն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011թ. հաշվետվության տվյալներով, շաքարավազի շուկայում մասնակիցների թիվը կրճատվել է ևս մեկով և կազմել է 5:

Նմանատիպ է պատկերը `

ա/ «Ցորենի ալյուրի» դեպքում - երկու ընկերությունների `«Ալեքս Գրիգ» ՍՊԸ և «Մանանա Գրեյ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 87,6%, 51 մասնակիցների առկայության դեպքում :

բ/ «Բրնձի» դեպքում- մեկ ընկերության` «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 62.8%, 27 մասնակիցների առկայության դեպքում:

գ/ «Ձիթապտղի բուսական յուղ»-ի դեպքում- մեկ ընկերության `«Վեգեքոմ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 88,0%, 14 մասնակիցների առկայության դեպքում:

Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև ոչ պարենային ապրանքների 7 ապրանքային շուկաներ, որոնցից երկուսը ապրանքային շուկաներ բարձր կենտրոնացված են` կենտրոնացվածության աստիճանը կազմում է 93.9-ից մինչև 95.1 տոկոս, իսկ մասնակիցների թիվը` 5-ից («Բենզին» ապրանքային  շուկա) մինչև 7 տնտեսվարող սուբյեկտներ («Դիզելային վառելիք»ապրանքային շուկա)։ Համեմատության համար՝ 2001թ. վերը նշված ապրանքները  ապրանքային շուկայում դեռևս գերիշխող դիրք չունեին, իսկ այդ ապրանքատեսակների ներկրումը իրականացվում էր 14 -ական սուբյեկտների կողմից։  Էականորեն փոխվել է դեղերի դեղերի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաների մրցակցային իրավիճակը։ Այսպես, 2001թ. ուսումնասիրված ապրանքային շուկաներից միայն մեկում (դեղորայքի) չկային գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Դեղորայքի շուկայում կենտրոնացվածության աստիճանի ցածր մակարդակը (առաջին երկու և առաջին երեք սուբյեկտների մասնաբաժինները կազմում էին, համապատասխանաբար, մոտ 23 տոկոս և 29 տոկոս) վկայում էր շուկայի մրցակցային լինելու փաստի մասին։ Ավելին, 2001թ. դեղերի շուկայում գործունեություն էր ծավալում 72 տնտեսվարող սուբյեկտ, իսկ 2009թ.` ընդամենը 13 ընկերություն: 2010թ. իրականացված ուսումնասիրության արդյունքներով 8 ապրանքային շուկաներ բարձր կենտրոնացված են (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 71.49-ից 100.0 տոկոս), 12-ը` միջին կենտրոնացված (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 52.5-ից 66.25 տոկոս) և ընդամենը 2 ապրանքային շուկա` ցածր կենտրոնացված (կենտրոնացվածության աստիճանը` 41.0-ից 42.98 տոկոս)։ Ապրանքային շուկաներից 13-ում առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 9 ապրանքային շուկաներում` մեկ տնտեսվարող սուբյեկտ (ընդ որում՝ 3 ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ տնտեսվարող սուբյեկտ է համարվել անձանց խումբ), երկու ապրանքային շուկաներում առկա են երկու գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ` յուրաքանչյուրն առանձին, իսկ մյուս երկու ապրանքային շուկաներում տնտեսվարող սուբյեկտները համարվել են համատեղ գերիշխող դիրք ունեցող։ Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա դրա նվազում է նկատվում։ Այսպես, բացառությամբ 2 ապրանքային շուկաների, մնացած ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը նվազել է առնվազն 2, իսկ առավելագույնը 10 տնտեսվարող սուբյեկտով։ Ընդ որում՝ եթե նախորդ ուսումնասիրության արդյունքում բոլոր ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը կազմում էր 467 տնտեսվարող սուբյեկտ, ապա 2010թ. ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով այն կազմել է 358 տնտեսվարող սուբյեկտ (մասնակիցների թիվը նվազել է 23.3 տոկոսով)։ Նույն պատկերն է նաև «Կենդանական յուղ» և «Բուսական  յուղ» ապրանքային շուկաներում, որտեղ 2001թ. գերիշխող դիրք և շուկայական իշխանություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներ չեն եղել, իսկ 2010թ. արդեն  շուկայում առկա էին և՛ գերիշխող դիրք ունեցող, և՛ շուկայական իշխանություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, որոնց թիվը տարեցտարի պակասում է։ Այսպես,

ա/ «Արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղ»-ի դեպքում- մեկ ընկերության `«Ալեքս Գրիգ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 63,8%, 36 մասնակիցների առկայության դեպքում

բ/ «Կարագ»-ի դեպքում մեկ ընկերության «Ալեքս Գրիգ» ՍՊԸ բաժինը շուկայում կազմել է 67,6%, 28 մասնակիցների առկայության դեպքում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով, 2011թ.-ին գերիշխող դիրք են ձեռք բերել նաև առևտրային ցանցերը, որոնցից 6-ը` պարենային ապրանքների առևտրի ոլորտում, այդ թվում` «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ, «Ֆրեշ» ՍՊԸ,  5-ը` բենզալցակայանների ցանցեր, այդ թվում` «Ֆլեշ» ՍՊԸ, «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ,  «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ, 9-ը` դեղատների ցանցեր, այդ թվում` «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ», 4-ը` սալիկների և սանիտարական տեխնիկայի իրացման առևտրային ցանցեր և այլն: Ընդ որում, թվարկված ընկերությունները ուղղակի և անուղղակի ձևով կապված են պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 Ըստ մրցունակության համաշխարհային զեկույցի Հայաստանն իր մրցունակությամբ 82-րդն է աշխարհի 144 երկրների մեջ: Նույն զեկույցի Հայաստանի մրցունակության առավելություններն ու թերությունները բաժնի տվյալներով, «Տեղական մրցակցության ուժգնությունը» ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 130-րդ, իսկ «Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության» ցուցանիշով` 116-րդ տեղը:

Այս փաստերը արձանագրում են խայտառակ մի իրողություն, որը լիովին բացատրում  է հատկապես պարենային ապրանքների շուկայում գների աննախադեպ եւ անվերահսկելի աճը: Շուկայում նման բացահայտ եւ բացարձակ մենաշնորհի պարագայում պետության անգործությունը նշանակում է, որ երկրի բարձրագույն իշխանությունները հովանավորում են ներմուծող օլիգարխների շահերը եւ նրանց ստացած գերշահույթները: Այսպիսով, ստեղծված է ժողովրդի հարստահարման   մեխանիզմ, որի հետեւանքով երկրում ձեւավորվել  են արհեստականորեն բարձր  գներ, խեղդվում է մրցակցությունը, մանր եւ միջին գործարարությունը, աճում   սոցիալական բեվեռացումը եւ աղքատությունը:

ՀՀ Սահմանադրության 8-րդ և 33.1-րդ հոդվածներով համապատասխանաբար սահմանված է.

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը:

Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:

Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:

Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:

Այսպիսով, թե տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, թե միջազգային կազմակերպությունների, թե Հայաստանի քաղաքական և հասարակական կազմակերպությունների և փորձագետների տվյալներով`

- Հայաստանում խախտված է Սահմանադրության 8-րդ և 33.1-րդ հոդվածների պահանջը,

- տարիներ շարունակ մենաշնորհների առկայության և տնտեսական մրցակցության խաթարման պատկերի կրկնությունը վկայում է, որ ՀՀ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում դրանք վերացնելու և վիճակը կարգավորելու ուղղությամբ:

Ուստի, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին ներկայացնի հետևյալ հարցերի պատասխանները`

  1. Ունի՞, արդյոք, կառավարությունը հակամենաշնորհային քաղաքականության և ազատ տնտեսական մրցակցության ապահովման գործողությունների ծրագիր, ինչպես է այն իրագործվում,
  2. Մշակվա՞ծ է, արդյոք, խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ, և երբ է այն ներկայացվելու Ազգային ժողովի քննարկմանը:

Այս խորագրի վերջին նյութերը