Քաղաքական

22.12.2012 01:35


Հարուցվել է քրեական գործ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցը ապօրինի ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցը ապօրինի ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի  առանձնազրույցը գաղտնի ձայնագրառելու եւ այն համացանցում տարածելու  դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա նախապատրաստված  նյութերով պարզվել է, որ գաղտնի ձայնագրվել է վերջիններիս՝ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Ռիչ» սրճարանում տեղի ունեցած առանձնազրույցը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի կեսերին այն տեղադրվել է համացանցում։ Այդպիսով՝ լրատվության միջոցներով տարածվել են ապօրինի ձեռք բերված՝ ձայնագրության մեջ առկա անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները։

Նկատի ունենալով, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Լ. Զուրաբյանը եւ Վ. Օսկանյանը 2012 թվականի դեկտեմբերի 21-ին հրավիրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Պատգամավորները թեեւ չեն ներկայացրել առանձին հաղորդում հանցագործության մասին, սակայն հարցաքննվել են որպես վկա՝ հայտնելով տեղի ունեցած հանդիպման մանրամասները։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քրեական գործի նախաքննության ընթացքի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Այս խորագրի վերջին նյութերը