Մեկնաբանություն

01.11.2013 16:46


«Ապահով Հայաստանի» լրահոսը–2

«Ապահով Հայաստանի» լրահոսը–2

Կեղծավոր մարդու վերջը

Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը պատկերավոր բնութագրելու համար ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարժեց երեւակայությունը եւ հայտարարեց. «ՀՀ-ն ավելի շատ նման է Յանուս աստծուն, որն իր բազմավեկտոր քաղաքականության շնորհիվ կարողանում է իր դեմքը մի քանի տեղերում ցույց տալ»:

Ասենք, որ Յանուսը հռոմեական դիցաբանության մեջ՝ հակառակ կողմեր նայող երկերեսանի աստվածն է: Երկերեսանի՝ կեղծավոր մարդ:

Այսպես, ուրեմն, աշոտյանական փայլուն մտքի արգասիքը բացահայտում է Սերժ Սարգսյանի իրական դերակատարությունը արտաքին քաղաքական ասպարեզում:

Հինգ տարի մարդը կեղծավորություն էր անում՝ մի երեսով նայելով Արեւմուտքին, մյուսով՝ Ռուսաստանին: Բայց վերջինիս դեպքում փորձում էր թաքցնել իր հայացքի ուղղությունը: Իսկ վերջում, մասնավորապես սեպտեմբերի 3-ին պարզվեց, որ իրականում ոչ մի կողմ էլ չի նայել, այլ նայել է, թե ում ինչպես կարող է ֆռռացնել, բայց ստացվեց՝ ինչպես միշտ, այսինքն՝ վատ։

Հիմա նա միայն Ռուսաստանի կողմն է նայում, թեեւ դեպի Արեւմուտք ուղղված նրա հայացքը, որ շարունակվեց երեքուկես տարի, շատ թանկ նստեց պետբյուջեի վրա:

Դե, հիմա էլ երկերեսանի մարդը հարվածներ է ստանում երկու կողմերից: ԵՄ-ի բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարում են, որ ՀՀ-ն հույսեր չպետք է փայփայի, թե Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրել, իսկ Մաքսային միությունից էլ հասկացնում են, որ իրենց միանալու համար Հայաստանը պետք է սպասի։ Լուկաշենկոն ավելի ուղիղ արտահայտվեց. քանի դեռ կա Հայաստան-Ադրբեջան հակամարտության խնդիրը, իրենք պետք է նաև Ալիևին փորձեն չնեղացնել:

Ճիշտ է, Ղարաբաղի հետ կապված խնդրի մասին ասում են ռուսական առաջին ալիքի հաղորդավարի շուրթերով, եւ այստեղ ՀՀԿ-ականները, նաեւ նույն Աշոտյանը, բոլորիս փորձում են «մխիթարել», թե դա պաշտոնական տեսակետ չէ, բայց բոլորիս էլ հասկանալի է, որ պետական ալիքը հենց այնպես խոսքեր «չի կրակում»: Ինչպես նաեւ հենց այնպես չէր, որ ցույց տվեցին Մինսկի գագաթաժողովում քնած Սերժ Սարգսյանին պատկերող տեսարանը՝ 11 վայրկյան տեւողությամբ:

Այնպես որ, Յանուս աստծուն վերամարմնավորող Սերժ Սարգսյանին այսօր արհամարհում է ԵՄ-ն, եւ նվաստացնում է Կրեմլը: Արդյունքում հարվածներ է ստանում նաև Հայաստանը, քանզի Սարգսյանն է ներկայացնում այն։

Իսկ Աշոտյանին մնում է Սերժ Սարգսյանի իրականացրած արտաքին քաղաքականության ոլորտում դրսեւորած «նախաձեռնողականությանը» այլ բնորոշում գտնել կամ նույնացնել մեկ այլ աստծո հետ:

Եթե այսպես շարունակվի, ապա այս «բազմավեկտորությունն» ավելի շուտ նմանվելու է Հադեսին՝ «ստորերկրյա աշխարհի դժոխքի աստծուն»։

Բիոզուգարանային սպառնալիք

Թմրանյութեր տեղափոխելու համար կալանավորված Դավիթ Վարդանյանի հայրը՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, թեեւ հրաժարական տալու մտադրություն չունի, բայց երկար ժամանակ խուսափում էր երեւալ հանրային տարածքում, մասնավորապես Ազգային ժողովում:

Բյուջեի քննարկումների ժամանակ վերջապես հայտնվելով խորհրդարանում և փորձելով խուսափել լրագրողների հարցերից՝ ասաց, թե «գնում է զուգարան»: Շմայսից հետո, պարզվեց էս «մոքիրի փորն էլ լավ չի», ավելին՝ քննարկման սենյակից դուրս եկավ իրապես մի «մոքիրի» հետ, մի կնոջ, որը պետք է օլիմպիական չեմպիոնին պաշտպաներ լրագրողներից:

Այնուամենայնիվ, նախարար Վարդանյանը մի հարցի պատասխանեց: Որդու հանրային պաշտպանը ասել էր, որ Դավիթ Վարդանյանը հայերեն գրել-կարդալ լավ չգիտի: Այս մասին հարցը լսելով՝ Յուրի Վարդանյանը անմիջապես նետեց. «Գլուխը քարին է տվել»:

Ինչպես հայտնի է, «սոված, թշվառ, անտեր ու անփող» Վարդանյանների ընտանիքը իրենց որդու համար հանրային պաշտպան է գտել: Եվ ահա, նախարարն այսպես է արձագանքում 70-ամյա հանրային պաշտպանի ասածին, ով միամտություն է ունեցել անկեղծանալ եւ ասել ճշմարտությունը, որ թմրաբիզնեսում ներգրավված Դավիթը հայերենին լավ չի տիրապետում:

Պարզվեց՝ հանրային պաշտպանն իր հայտարարությամբ «թասիբի է գցել» Յուրի Վարդանյանին, ով այսօր հրաժարվել է անվճար ծառայություններից եւ որդու համար նոր պաշտպան է ընտրել: Վճարովի:

Դեռ անունը չեն նշում: Ով գիտե, գուցե ընտրել է Լիսկայի որդու պաշտպանի՞ն, կամ նման մեկին, որը մի քանի ամսից իր որդուն էլ կհանի մեկուսարանից:

Էս էլ «փող չունեցող» նախարարը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե «չի խառնվում» իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը