Լրահոս

28.04.2014 14:08


ՀՅԴ–ն և ՀԱԿ–ը բոյկոտելու են «պսևդոընտրությունը», ԲՀԿ–ն և «Ժառանգությունը» դեռ չեն որոշել

ՀՅԴ–ն և ՀԱԿ–ը բոյկոտելու են «պսևդոընտրությունը», ԲՀԿ–ն և «Ժառանգությունը» դեռ չեն որոշել

ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը բոյկոտելու է ԱԺ նախագահի ընտրությունը։ Այս մասին «7օր»–ի հարցին ի պատասխան՝ հայտնել է այդ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

ՀՀԿ–ի թեկնածու Գալուստ Սահակյանին նա համարում է մեծ փորձ ունեցող և բավականին կանխատեսելի անձնավորություն:

–Սակայն մեր մոտեցումը հստակ է. այս պաշտոնը, ըստ էության, վստահված է մեծամասնությանը, և իրենց լուծելի հարցն է: Մեր մասնակցությունն այստեղ ձևական բնույթ ունի, որովհետև կանխորոշված է արդյունքը: ՀՅԴ-ն չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը,-ասել է Ա. Ռուստամյանը:

Նա նաև հավելել է, որ «քառյակը» խորհրդակցում է ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել–չմասնակցելու հարցի շուրջ, և չի բացառվում, որ մեկ միասնական տեսակետ հնչեցնեն:

«7օր»–ի նույն հարցի վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ Կոնգրեսը ևս չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը։

–Նախ՝ մենք համարում ենք, որ ԱԺ–ի կազմը չի արտահայտում ժողովրդի իրական կամքը։ Երկրորդ՝ մենք հարյուր անգամ տեսել ենք, թե ինչպես են կեղծվել ընտրությունները, անգամ ԱԺ–ում։ Հիշե՛ք գլխավոր դատախազի ընտրության պատմությունը, երբ մեր գլխին ուղղակի սարքեցին։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ մենք անիմաստ ենք համարում մասնակցել այս պսևդոընտրությանը՝ կեղծ մեծամասնության կողմից կազմակերպված, և կեղծման ենթակա ընտրություններին,–ասել է Լ. Զուրաբյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ նախագահի ընտրության հետ կապված դեռ վերջնական որոշում չունի։ Այդ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ մասնակցել–չմասնակցելու հարցը ԲՀԿ–ն դեռ քննարկում է։

Իր դիրքորոշումը դեռ չի հստակեցրել նաև «Ժառանգություն» խմբակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը