Լրահոս

16.05.2014 15:09


ԿԸՀ նախագահ. «Քվեաթերթիկի ճմրթելու, ծալելու առումով պոտենցիալ ռիսկայնություն կա»

ԿԸՀ նախագահ. «Քվեաթերթիկի ճմրթելու, ծալելու առումով պոտենցիալ ռիսկայնություն կա»

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակել է քննարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մշակած նախագիծը։

Ինչպես տեղեկացրել էինք, նա առաջարկում է լրացում կատարել «ՀՀ ընտրական օրենսգրքում», որով կբացառվի հատուկ ձևով ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը:

Հանձնաժողովի նիստում ներկայացնելով իր հակափաստարկները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդել է, որ նախագիծն իր մեջ պոտենցիալ ռիսկեր է պարունակում։

–Քվեարկության ամփոփման ընթացքում, եթե ընտրական հանձնաժողովի անդամները, օրինակ, տարբեր գույների գրիչների առումով հնարավոր է՝ պարզեն տարբերակումը, ապա քվեաթերթիկի ճմրթելու, ծալելու առումով պոտենցիալ ռիսկայնություն կա,–ասել է ԿԸՀ նախագահը։

Նա հավելել է, որ գործող Ընտրական օրենսգիրքը սույն նախագծով բարձրացրած հարցի լիարժեք պատասխանը տալիս է.

–Եթե հայտնաբերվել են երևույթներ, որոնք խոսում են ակնհայտ վերահսկողության իրականացման մասին, ապա դիմումի դեպքում հնարավոր է քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել և վերահաշվարկ իրականացնել։

Մուկուչյանը նաև մտավախություն է հայտնել, որ ներկայացված օրինագիծն ընտրական հանձնաժողովի անդամներին ընտրողի քվեարկության վերաբերյալ կոլեգիալ որոշումներ կայացնելու հանարավորություն կտա, ինչը ազատ ընտրության իրավունքի խախտում կլինի։

–Ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը և մեր ուսումնասիրած երկրներում չենք տեսել մի տեղ, ուր նման մեխանիզմ է գործում։ Ընտրական հանձնաժողովի անդամներին նման լիազորություն տալով՝ կստացվի, որ ժողովրդի տված քվեն դարձավ մեկ ուրիշի քվեարկության առարկա։

Օրինագծի հեղինակ Տիգրան Ուրիխանյանը չի համաձայնվել ԿԸՀ նախագահի հետ՝ պնդելով, որ ինքը խոսում է ոչ թե քվեաթերթիկը ծալելու, այլ այն տարբերակելու մասին։

–Բա ինչո՞ւ եք ընտրական հանձնաժողովին տվել հնարավորություն, որ քվերակության նշանի՝ թռչնակի աննշան շեղման ժամանակ անվավեր ճանաչի թերթիկը։ Խոսքը հենց տարբերակելու մասին է։ Ես ապավինելով հզոր և հարուստ հայոց լեզվին՝ սահմանել եմ քվեաթերթիկը տարբերակող ծալելու մասին ձևակերպումը,–ասել է Տ. Ուրիխանյանը։

Իր հերթին Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Հովհաննես Սահակյանը կրկնել է նախագիծը մինչև մեկ տարով հետաձգելու մասին առաջարկը։

–Այլապես մեր քաղաքական թիմը դեմ է քվեարկելու,–ընդգծել է Հ. Սահակյանը։

Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության, և 5 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ այն չմտավ ԱԺ օրակարգ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը