Քաղաքական

11.06.2014 13:09


Նաիրա Զոհրաբյան. «Տիգրան Սարգսյանի կառավարությունը 6 տարի զբաղվել է տնտեսական հանիբալիզմով»

Նաիրա Զոհրաբյան. «Տիգրան Սարգսյանի կառավարությունը 6 տարի զբաղվել է տնտեսական հանիբալիզմով»

ԱԺ–ում Կառավարության ծրագրի հաշվետվության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «քաջագործություններից» և կոռուպցիոն «սխրանքներից» մեկը։

–«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գյուղացիական համայնքներին լեկցիա կարդալու համար 16,6 մլն դոլարի տրամադրումը՝ «Ինչպես ցանել կարտոֆիլը և ինչպես կթել կովը» թեմայով։ Ըստ ամերիկյան խի՛ստ հավաստի աղբյուրների՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դադարեցվել է հենց հիմք ունենալով այդ 16,6մլն դոլարի «լոլո» լեկցիաները,–ասել է Ն. Զոհրաբյանը։

ԱԺ–ում նախորդ Կառավարության ծրագրի կատարողականի հաշվետվությունը Ն. Զոհրաբյանի մոտ տպավորությունն է ստեղծել, որ քաղաքական մեծամասնությունն ապրում է բացարձակապես տարբեր իրականությունում.

–Ներկայացվում է, թե ամեն ինչ լավ է, բոլոր ցուցանիշները կատարվել են, նույնիսկ՝ գերակատարվել։ Այստեղ ակամայից հիշում ես հայտնի անեկդոտը՝ բա որ բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ։ Տպավորությունն այնպիսին է, որ մի վիրտուալ աշխարհ եք ստեղծել ձեզ համար և ընդամենը հրապարակում եք թվեր, որոնց մեջ դատարկություն է, սնամեջ տարածք։

ԲՀԿ–ական պատգամավորն ընդգծել է, որ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ հնարավոր չեղավ ապահովել սահմանված տնտեսական աճը, ինչո՞ւ որևէ մեկը չի համարձակվում «կամիկաձեություն» ցուցաբերել և ներդրում կատարել մեր երկրում, ինչո՞ւ է Հայաստանի բնակչության գերակշիռ մասն աղքատ, ինչո՞ւ են այդքան մեծ գործազրկությունն ու արտագաղթը։

–Ե՞րբ պետք է իշխանությունը գոնե մեկ անգամ քաղաքական համարձակություն ունենա՝ ներկայացնելու ձախողման իրական պատճառները, և ոչ թե անընդհատ ասի, որ ամեն ինչ լավ է։ Այդ դեպքում մենք իրոք կունենանք բացարձակապես այլ Հայաստան, որը կապ չունի ձեր տեսլականների և ապահով Հայաստանի ձեր կեղծ իդեայի հետ,–ասել է Ն. Զոհրաբյանը,– Տիգրան Սարգսյանի կառավարությունը 6 տարի զբաղվել է տնտեսական հանիբալիզմով։ Իրականում չի՛ եղել որևէ աճ, որևէ ոլորտում որևէ առաջընթաց չի՛ եղել. տնտեսությունն ինքն իրեն ներսից կերել է։ Բնականաբար, ԲՀԿ–ն դեմ է քվեարկելու տնտեսական հանիբալիզմի նախահայր Կառավարության ծրագրի հաշվետվությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը