Քաղաքական

01.07.2014 11:30


Օսիպյանը ցուցարարներին. «Մենք ձեր ակցիան ողջունում ենք»

Օսիպյանը ցուցարարներին. «Մենք ձեր ակցիան ողջունում ենք»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շարունակվող բողոքի գործողության մասնակիցներին է մոտեցել ՀԾԿՀ աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը, ով հայտարարել է, որ չեն կարող բավարարել ցուցարարների պահանջը, և նրանց ևս թույլ տալ մասնակցել հանձնաժողովի նիստին։

–Հանձնաժողովի դահլիճը ֆիզիկապես ծանրաբեռնված է,–ասել է Մ. Սողոմոնյանը։

Դա առաջացրել է բողոքի գործողության մասնակիցների դժգոհությունը, ովքեր ոստիկաններից պահանջել են բացել «պատը» և թույլ տալ մտնել ՀԾԿՀ շենք։

Ցուցարարներին է մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով վստահեցրել է, որ լիովին հասկանում են ցուցարարների վրդովմունքը։

–Մենք ձեր վիճակի մեջ մտնում ենք, մենք ձեզ հասկանում ենք, բայց մենք հասարակական կարգն ենք պահպանում։ Խնդրում եմ, հավատացե՛ք, անկե՛ղծ եմ ասում՝ մենք կոնֆլիկտի չենք ուզում գնալ,–հայտարարել է Օսիպյանը,–մենք ձեր ակցիան ողջունում ենք, բայց ես չեմ բարձրաձայնում, որովհետև մենք ծառայության մեջ ենք։ Մենք չենք ուզում լարվածություն լինի, կոնկրետ այսօ՛ր չենք ուզում։ Եթե մեկի կարծիքով թանկացումները բերում են դրական էմոցիաների, դուք մի՛ փորձեք ոստիկաններին կապել դրա հետ։ Ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է, և մենք մեր ծառայությունն են իրականացնում։

Ցուցարարներից մեկը հիշեցրել է, որ Օսիպյանը հանցագործ է՝ նկատի ունենալով նրա նկատմամբ հարուցված քր.գործը։ Օսիպյանն էլ արձագանքել է՝ քննությո՛ւնը կպարզի։

Մեկն էլ փոխոստիկանապետից հետաքրքրվել է, թե նա որքա՞ն աշխատավարձ է ստանում։

–270 հազար դրամ,–պատասխանել է Օսիպյանը,–ես և բոլոր ոստիկանները կանգնած ենք ձեր կողքին։ Եթե ձեզ թվում է, թե որևէ մեկը ծափահարություններով է դիմավորում թանկացումները, սխալվո՛ւմ եք։

Օսիպյանը նաև խոստովանել է՝ այնպես չէ, որ ամեն բախումից հետո իրենք երեկոյան գնում են տուն, և հաճույք են ստանում դրանից. «Մենք ժողովրդին հասկանում ենք, իրենց հետ ենք»։

Այժմ ցուցարարներից ոմանք 10 հոգուց բաղկացած պատվիրակություն են ցանկանում կազմել, ովքեր կմասնակցեն ՀԾԿՀ նիստին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը