Մեկնաբանություն

05.08.2014 10:30


Հայաստանի թշնամիները

Հայաստանի թշնամիները

Հայաստանի թշնամին Ադրբեջանն է։ Թուրքիան կողքից «շախ» տվող է։

Եթե Թուրքիայի ձեռքին ճար լիներ, ապա նա էլ կմիանար ադրբեջանական դիվերսիոն հարձակումներին, բայց մեր երկրի շուրջ ձևավորված անվտանգության համակարգը, հակառակ Սերժ Սարգսյանի անհեռատես ու անմեղսունակ արտաքին քաղաքականության, դեռ նման հնարավորություն չի տալիս Ադրբեջանի եղբայրական պետությանը (տնաբույծ «արևմտամետներն» ամեն ինչ անում են, որ Թուրքիան վերջապես կարողանա ուղղակի ռազմական միջամտություն իրականացնել)։

Հայաստանը թշնամիներ ունի նաև երկրի ներսում։ Այդ թշնամիները ներսից քայքայում են մեր պետությունը, փորձում իրար հակադրել Հայաստանի Հանրապետությունն ու Ղարաբաղը և նախադրյալներ ստեղծում Սյունիքը կորցնելու համար։ Դրանք 5–րդ շարասյան ֆունկցիա են կատարում։ Ու արդեն կապ չունի, թե դա անում են կամա՞, թե՞ ակամա, վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով։

Հայաստանի թշնամիներ են բոլոր նրանք, ովքեր ներքին խնդիրների լուծումը տեսնում են «արևմտամետության» կամ «ռուսամետության» մեջ։

Նրանք, ովքեր պաշտում են Օբամային կամ Պուտինին։ Նրանք, ովքեր ատում են Օբամային կամ Պուտինին, ու համարում, որ նրանցից մեկի պատճառով է Հայաստանն այս վիճակում հայտնվել։

Եթե մարդը անմեղսունակ, հաճախորդ կամ հիմար չէ, ապա տնտեսաքաղաքական խնդիրների լուծումը պետք է փնտրի երկրի ներսում։ Եթե փնտրի, ապա դժվար չէ տեսնելը, որ խնդիրները ստեղծել է Բաղրամյան 26–ում հայտնված Սերժ Սարգսյանը, ում վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով վեց տարվա ընթացքում Հայաստանը կորցրել է իր տնտեսության ավելի քան 25 տոկոսը, բնակչության մոտ 10 տոկոսը, ներդրումների 60 տոկոսը և այլն, և այլն, և այլն։

Դժվար չէ նաև տեսնել, որ Հայաստանում իրականացվող թալանի, համակարգված ու համատարած կոռուպցիայի, բյուջեի «ատկատահանման», սեփականության վերաբաշխման, հարկային տեռորի և այլ բացասական երևույթների մեղավորը Արևմուտքը կամ Ռուսաստանը չեն։ Առավել ևս՝ դրանց հետ կապ չունեն Թուրքիան ու Ադրբեջանը։

Մեր հետընթացի պատճառն այն մտածողությունն է, որի կրողն է «Վերջի բոլշևիկը», ով, ձգտելով «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել, շեշտակի հարված հասցրեց ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը։ Իլհամ Ալիևն սկսեց լկտիանալ արդեն դրանից հետո։

Եվ ուրեմն, բոլոր այն մարդիկ, ովքեր անկեղծորեն ուզում են դրական փոփոխություններ, պետք է մեկտեղեն իրենց ջանքերն իշխանափոխության հարցում։ Իշխանափոխությունն այն կարևոր նախապայմանն է, որի կատարումից հետո միայն հնարավոր կլինի խոսել համակարգային և անգամ սահմանադրական փոփոխությունների մասին։

Արտաքին վեկտորների «վկաները» կա՛մ «ազնիվ քյարփինջներ» են (դա լավագույն դեպքում), կա՛մ Սերժ Սարգսյանի հաճախորդներ, կա՛մ 5–րդ շարասյան ներկայացուցիչներ (վերջին երկու դեպքում հնարավոր է համատեղում)։

Խնդրե՛մ, Ուկրաինայում էլ ներքին հարցերն արտաքին վեկտորի ընտրությամբ փորձեցին լուծել, և տեսանք, թե արդյունքում ինչ եղավ, ու դեռ ինչեր են լինելու։ Իսկ ամենակարևոր կորուստը, որ ունեցավ Ուկրաինան, մարդն է՝ անմեղ զոհը։

Այնպես որ, Հայաստանի թշնամուն պետք է նախ ներսում հաղթել, որից հետո Ադրբեջանի հարցերը լուծելը կհեշտանա։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը