Տնտեսական

24.11.2014 13:13


ԵՏՄ–ին անդամագրվելուց հետո երրորդ երկրից 8 ապրանքի ներմուծումն ու արտահանումն արգելված է լինելու

ԵՏՄ–ին անդամագրվելուց հետո երրորդ երկրից 8 ապրանքի ներմուծումն ու արտահանումն արգելված է լինելու

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կյանքի կոչելու համար ստեղծված է եղել 22 աշխատանքային խումբ։ Այս մասին այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը: Նա հավելել է, որ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ կոնֆերանսներ, խորհրդակցություններ, գործարար շրջանակի հետ քննարկումներ։

–Անդամակցությունից հետո Հայաստանի տարածքում զուգահեռաբար կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը: ԵՏՄ համաձայնագրի միասնական ցանկում ընդգրկված է 8 ապրանք, որի ներմուծումն ու արտահանումը երրորդ երկրից արգելված է: 26 ապրանքախմբերի ներմուծումն ու արտահանումը սահմանափակված են ոչ սակագնային կարգավորման միջոցներով: Միության երկրները նպատակ ունեն կիրառել միասնական մաքսատուրք երրորդ երկրից ներկրված ապրանքների հանդեպ: Ձևավորվել է ապրանքների ցանկ, որոնց մասով անցումային ժամանակահատվածի համար պահպանվելու են ՀՀ–ում ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերը։ Մաքսատուրքերի փոփոխման անցումային ժամանակահատված է սահմանված 752 ապրանքի համար,-ասել է փոխնախարարը:

ԵՏՄ պայմանագրով մի շարք ապրանքների համար էլ նախատեսված են մաքսատուրքերի վճարման մասով զրո տոկոս դրույքաչափի կիրառման արտոնություններ։ Իսկ գյուղատնտեսական 18 ապրանքների դրույքաչափերը ԵՏՄ-ում ավելի ցածր են, քան ՀՀ-ում կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերը:

Տարասյանը նաև հավելել է, որ սահմանված մաքսատուրը կգործի 5 տարի, բայց միանշանակ ասել, որ 5 տարի հետո դրանք կթանկանան, նա առայժմ վաղ է համարում։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Հայաստանը միանում է մի կառույցի, որը զենք է վաճառում մեր թշնամի Ադրբեջանին, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պնդել է.

–Ո՞ւմ է ձեռնտու, ո՞վ չի ուզում՝ միանանք ԵՏՄ–ին։ Նա, ով ուզում է մեզ շրջափակման մեջ պահել։ Եվ հետո, այս պարագայում մենք գործում ենք տնտեսակա՛ն միության դաշտում, իսկ զենքի վաճառքի հարցը ՀԱՊԿ–ի՛ շրջանակներում ավելի ճիշտ կլինի խոսել։ Այս հարթակը տեղին չէ դրա մասին խոսելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը