Քաղաքական

24.04.2015 11:56


Կիպրոսի նախագահ. «Անպատժելիությունը չի կարելի հանդուրժել»

Կիպրոսի նախագահ. «Անպատժելիությունը չի կարելի հանդուրժել»

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն այսօր Ծիծեռնակաբերդում իր ելույթի ժամանակ շատ բնական է համարել, որ Կիպրոսը և Հայաստանը միասնաբար են դատապարտում Ցեղասպանության ոճրագործներին։

–Կիպրոսն առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուրիս ներկայությունն այստեղ նպատակ է հետապնդում կենդանի պահել այդ աննկարագրելի արարքի հիշատակը, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիաշատակին։ Մենք պարտավոր ենք միասին ուղերձ հղել, որ անպատժելիությունը չի կարելի հանդուրժել,–ասել է նա՝ ընդգծելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Կիպրոսն անպատժելիության զոհեր են.

–Ուստի, զարմալի թող չթվա, որ երկուսս էլ մեր հավատը կապում ենք միջազգային իրավունքի, մարդու իրավունքների կարևորման հետ։ Մեր պատմությունները շաղկապված են։

Անաստասիադիսը հիշեցրել է, որ 100 տարի առաջ Կիլիկայի ջարդերից և անխնա հալածանքներից փախած բազմահազար հայեր ապաստան են գտել Կիպրոսում.

–Եվ կիպրոսցիները հպարտ են, որ այս փախստականների ժառանգներն այսօր Կիպրոսի հասարակության աշխույժ անդամներից են։ Մեր միասնականությունը նաև խղճի դրսևորումն է։ Մենք պարտավոր ենք անուշադրության չմատնել պատմական փաստի ողբերգական իրողությունը։ Պատմության ընթացքում ողբերգական իրադարձությունների ճանաչումը որևէ կերպ չի սահմանափակում ազգերի ապագա դերակատարումը միջազգային հասարակությունում։ Պատշաճ ժամանակն է, որպեսզի պատմական փաստերը ճանաչվեն։

Իր խոսքը եզրափակելով՝ Կիպրոսի նախագահը ողջունել է հայ ժողովրդին, որ իր ուժով և ավյունով կարողացավ կենդանի մնալ ու դիմագրավել եղեռնին. «Մենք հիշում ենք և պահանջում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը