Մեկնաբանություն

30.12.2015 10:19


Տարվա «դեմքերն» ու «դեմքությունները»

Տարվա «դեմքերն» ու «դեմքությունները»

Տարվա վերջում ընդունված է ամփոփել անցած ժամանակահատվածը, ինչպես նաև պարզել, թե ով ինչով է աչքի ընկել։

Ընդունված է նաև որոշակի մրցանակներ սահմանել այս կամ այն անվանակարգում։

Մենք էլ հետ չմնանք «մոդայից» ու ընթերցողին ներկայացնենք տարվա «դեմքերին» և «դեմքություններին»։

Եվ այսպես,

Տարվա «մարդ» կարելի է տալ ոչխարին կամ «կազյոլին», քանզի անցնող տարին լրիվ համապատասխանում էր կենդանակերպի այն նշանին, որի անունով էր կոչվել 2015–ը։

Ինչքան ոչխար ու «կազյոլ» կային՝ այս տարի հարձակվեցին ՀՀ քաղաքացիների վրա և հոշոտեցին։ Ճիշտ է, հոշոտողների մեջ կային նաև «շակալներ», սակայն գերակայում էին «կազյոլները» ու նրանց կցված ոչխարները։

Տարվա հեռացողը Գագիկ Ծառուկյանն է։ Նա հեռացավ ԲՀԿ–ից ու քաղաքականությունից։ Մեր կողմից տրվել է փետրվարյան հայտնի իրադարձությունների գնահատականը (տե՛ս http://www.7or.am/am/news/view/82880/, http://www.7or.am/am/news/view/88507/ և http://www.7or.am/am/news/view/83827/)։ Եթե առիթ ու անհրաժեշտություն լինի, ապա որոշակի բաներ կավելացվեն այդ գնահատականներին։

Տարվա նամակագիրը Րաֆֆի Հովհաննիսյանը չէ։ Նա Սերժին Ազատության հրապարակից նամակ գրեց 2013–ի ձմեռ–գարուն ժամանակահատվածում։ Իսկ ահա այս տարի լրիվ ուրիշ նամակագիր ի հայտ եկավ։

Տարվա «բամփվածն», անշո՛ւշտ, Հովիկ Աբրահամյանն է, ում թվում էր, որ եթե ինքը միանա իր խնամու դեմ հակասահմանադրական արշավին ու դեռ մի բան էլ նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը, ապա ՀՀԿ ղեկավարը դա կգնահատի ու կնշանակի քաղաքական ժառանգորդ, սակայն ինքնաասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց այն մասին, որ «քցում» է գործող վարչապետին՝ հրաժարվելով նախկինում տված խոստումից։

Տարվա կարգախոսը՝ «Աշոտյա՛ն, սիկտի՛ր»։

Կրթության և, ներողություն արտահայտությանս համար, գիտության նախարարին Բաղրամյան փողոցից ՀՀ քաղաքացիներն ուղարկեցին շատ կոնկրետ ուղղությամբ, սակայն նա գնաց Հ1՝ հաղորդում վարելու, իսկ օրերս էլ Ձմեռ պապիկի շորերով փոքրիկ երեխաներին էր վախեցնում, քանզի վերջիններս Ֆանտոմասի քաչալ գլխով Սանտա Կլաուս տեսած չկային։

Հանուն արդարության՝ պետք է նշել, որ «Աշոտյա՛ն, սիկտի՛ր»–ը վերաբերում էր ոչ միայն ու ոչ այնքան Արմենին, որքան ավելի վերևներին։ Պարզապես Աշոտյանը «դռբի» տակ ընկավ։ Համ էլ՝ ՀՀԿ–ական նախարարը երևի չէր սպասում, որ իրենց բուծած «քաղաքացիականների» հավաքին «սիկտիրի» կարժանանա։ Չէին հաշվել, որ խիարը թարս բուսնեցնող միշտ էլ կգտնվի։

Տարվա «արևմտամետն» ու «քաղաքացիականը» Բաքու փախած և Հայաստանի դեմ հաչող Վահան Մարտիրոսյանն է։ Նրան աճեցրել էին նախագահականի «ջիգիթները», իսկ հավաքագրել էր ադրբեջանական կողմը։ Արդյունքում՝ «Գեբելսյան» քարոզչամեքենայի կողմից տարիներ շարունակ գովերգված տեսակը դավաճան հայվան դուրս եկավ։ Այլ բան չէր էլ կարող ծնվել «նախաձեռնողական», «ֆուտբոլային» և ծախու միջավայրում։

Տարվա «վռազողը» «ակԾիվիստ» և «Օպերա» օպերացիայի ժամանակ ֆունդամենտալ խուրդված Վաղինակ Շուշանյանն է։

«Ո՛չ թալանին» գոռացողն իրականում նպաստեց «Այո՛ թալանչիներին» կարգախոսի կյանքի կոչմանը. հոսանքի գինը թանկացավ, ՀԷՑ–ի թալանը դուրս գրվեց, և տեղի ունեցավ սեփականության վերաբաշխում։

Շուշանյանը հիմա հաճախորդության դաշտում մրցում է Հրանտ Բագրատյանի հետ, ով «Այո և ոչ» թամաշա–շոուի ժամանակ խորհուրդ էր տալիս այդ երիտասարդին երգելիս չվռազել։

Նախկին վարչապետի խորհրդի բուն իմաստն այն էր, որ Վաղոն պետք է չվռազի, քանզի երիտասարդ է և դեռ կհասցնի ամբողջական Գեղամյան դառնալ, իսկ ահա Բագրատյանն այդքան համբերություն չունի, հետևաբար երիտասարդը պետք է զիջի տարիքով մեծերին։

Տարվա Վովա Գասպարյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է՝ իր «Ես Գասպարյան Վո՛վան եմ. ես Վո՛վան եմ» ռեմիքսով։

Տարվա ամենաշատախոս ոստիկանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանն է։ Հոսանքի թանկացման դեմ «քաղաքացիական» պայքարի ժամանակ միայն նրա ձայնն էր լսվում։

Տարվա չաթլախը ոչ թե Հրայր Թովմասյանն է (Հրայրի գաղափարակից ընկեր Արմեն Ռուստամյանի ականջը կանչի), այլ սահմանադրական հանրաքվեն կեղծողները։ Այսինքն՝ գործ ունենք ոչ թե չաթլախի, այլ չաթլախության հետ։

Տարվա ֆոտոսեսիան Բաղրամյան 26–ում կազմակերպվածն էր, որին մասնակցեցին ինչպես հին, այնպես էլ նոր հաճախորդները։

Նախագահականից տարածվող նկարների մեջ ծռած վզով հատկապես աչքի ընկավ երբեմնի թունդ ընդդիմադիր Արարատ Զուրաբյանը, իսկ մեկ այլ ՀՀՇ–ական և 2008–ին Լևոն Տեր–Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը Սերժ Սարգսյանի հետ նկարվել էր երանելի ժպիտը դեմքին։ Ըստ ամենայնի՝ անազատության մեջ անցկացրած ժամանակահատվածը ճիշտ ուղու վրա էր դրել երկուսին էլ, ու նրանք շտապել էին այդ մասին պատմել «Վերջի բոլշևիկին»։

Տարվա «ահաբեկիչը» սեփականությունը կորցրած մեծահասակ մարդն էր, ով կանգնեցրել էր Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը և ՀՀԿ ղեկավարի խոսքից հետո խոստացավ տեռորի դիմել։ Հայ ժողովուրդը հոգով ու սրտով տարեցի հետ է։

Տարվա «Ֆունտը» ֆինանսների փոխնախարար Պավլիկ Սաֆարյանն է, ով, ինչպես հոդվածներից մեկում էինք նկատել, «Կոկա–Կոլայի» պես ընդմիշտ է, քանզի փոխնախարար է աշխատել բոլոր իշխանությունների օրոք՝ աչքի չընկնելով մասնագիտական որակներով և հանդիսանալով գորշագույն կերպար։

Տարվա բացահայտումը Նորք–Մարաշում բացահայտված խումբն է, որին սկզբում Շամշյան Գագիկի օգնությամբ իսլամիստ ահաբեկիչների հետ նույնացրեցին, իսկ հետո արդեն պաշտոնապես հայտարարեցին, որ բացահայտվածները ցանկանում էին սպանել իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին։

Ուշագրավն այն է, որ այդ խմբի բացահայտումը մեկ այլ տիպի բան բացահայտեց իշխանությունների համար։ Նրանք սարսափով պարզեցին, որ հանրության մի մասը չի հավատում, որ խումբը ահաբեկչություն էր ուզում իրականացնել (խմբի ձերբակալումն այնպես մատուցվեց, որ ոմանց մոտ դա էժանագին սերիալի տպավորություն թողեց), իսկ հանրության մեկ այլ մաս էլ հավատում է և, միևնույն ժամանակ, ափսոսում, որ ... խումբը բացահայտվել է, և կանխվել է նրանց պլանավորածը։

Տարվա տոկոս խփողի կոչումը հերթական անգամ նվաճել է Սերժ Սարգսյանի հավատարիմ ենթակա Տիգրան Մուկուչյանը։ Հանրաքվեի արդյունքները՝ վկա։

Եվ վերջապես տարվա հաճախորդ անվանակարգի մասին։ Դժվարանում ենք առանձնացնել կոնկրետ մեկին։ Դրանք այնքան շատ են, ու մեկը մեկից՝ «լավը», որ անարդարացի կլինի որևէ մեկին առանձնացնելը։ Ահագին մարդ է աչքի ընկել, ո՞ր մեկին «մրցանակ» տանք, ո՞ր մեկին մոռանանք և ո՞ր մեկին ուղարկենք Գեղամյանի կողքը «լուսավորչական» գործունեությամբ զբաղվելու։ Հիրավի, դժվար ընտրություն։

Շնորհավո՛ր Ամանոր։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը